Աշոտ Գրիգորեանը Եհմֆ-ի անունից շնորհաւորել է թաւջութակահար Նարեկ Հախնազարեանին Չայկովսկու անուան մրցոյթում առաջին տեղը գրաւելու կապակցութեամբ<br />


Աշոտ Գրիգորեանը Եհմֆ-ի անունից շնորհաւորել է թաւջութակահար Նարեկ Հախնազարեանին Չայկովսկու անուան մրցոյթում առաջին տեղը գրաւելու կապակցութեամբ

  • 07-07-2011 12:08:54   |   |  Մշակոյթ

Եւրոպայի Հայկական Միութիւնների Ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորեանը Եհմֆ-ի անունից շնորհաւորել է հայ թաւջութակահար Նարեկ Հախնազարեանին Չայկովսկու անուան մրցոյթում առաջին տեղը գրաւելու կապակցութեամբ: «Նարեկ Հախնազարեանն այսօր արդէն աշխարհահռչակ ջութակահար, «Եղիսաբէթ երկրորդ թագուհու» մրցոյթի յաղթող Սերգեյ Խաչատրեանի հետ միասին հանդիսանում են համաշխարհային կատարողական արուեստի գագաթում յայտնուած հայ ազգի այն երաժիշտները, որոնցով կարող է հպարտանալ ողջ աշխարհասփիւռ հայութիւնը: Հայ ստեղծագործ ազգը վերջին հարիւրամեակում աշխարհին տուել է մի շարք հանճարներ, որոնց անունները սակայն աւելի շատ յայտնի են եղել մեզ եւ ցաւալիօրէն ըստ արժանաւոյնս յայտնի չեն դարձել այլոց համար: Այս երկու երիտասարդները ճեղքելով եւ անցնելով բոլոր խոչընդոտները, չնայած իրենց երիտասարդ տարիքին, արդէն դարձել են անուններ, որոնց առջեւ բացւում են համաշխարհային բոլոր համերգասրահների դռները: Հայաստանի մշակոյթի պատասխանատուները եւ համասփիւռ հայութեան հայ մշակոյթով հետաքրքրուած անձիք պէտք է օգտուեն այս հնարաւորութիւններից` առաւել լայն ներկայացնելու ողջ աշխարհին մեր մշակոյթը: Պէտք է հասկանալ, որ վերոյիշեալ մրցոյթները եւ նրանց յաղթողներ անհամեմատելի մեծութիւններ են էժանագին ու ծիծաղելի շոուներ ներկայացնող այնպիսի մրցոյթների կողքին, ինչպիսին ասենք «Եւրատեսիլն» է, որում տարած յաղթանակը գլխապտոյտ է առաջացրել մեր հարեւանի մօտ: Եհմֆ-ը դիմում է համաշխարհային հայկական բոլոր կազմակերպութիւններին առաջարկով. միաւորենք մեր ուժերը պրոպագանդելու համար համաշխարհային անուն հանած մեր երաժիշտներին` չխնայելով նրանց գովազդի վրայ ոչինչ: Մենք պէտք է կարողանանք նրանց անունները մեծարել հայկական եւ ոչ հայկական մեդիայով ու գովազդի այլ միջոցներով, ինչպէս նաեւ կազմակերպենք յատուկ միջոցառումներ` ներգրաւելով նրանց: Պէտք է անընդհատ յիշել, որ հայ ազգի հազարամեակներ անցնելու եւ կայուն մնալու երաշխիքներն եղել են մեր հաւատն ու մշակոյթն, իսկ մեր համաշխահային այցետոմսը մշտապէս հանդիսացել են մեր խոշոր մշակոյթային գործիչները»,- ասուած է Եհմֆ-ի մամլոյ քարտուղարութեան յուլիսի 7-ի հաղորդագրութիւնում։
  -   Մշակոյթ