Եւրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտէի որոշումը լաւ բան չի կանխագուշակում լրատուամիջոցների ազատութեան համար, գտնում է «ԳԱԼԱՅ»-ի նախագահ


Եւրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտէի որոշումը լաւ բան չի կանխագուշակում լրատուամիջոցների ազատութեան համար, գտնում է «ԳԱԼԱՅ»-ի նախագահ

  • 07-07-2011 13:14:48   | Հայաստան  |  Հասարակութիւն
«Ա1+» հեռուստաընկերութեան վերաբերեալ Եխ-ի նախարարների կոմիտէի կայացրած որոշման առնչութեամբ «ԳԱԼԱՅ» հեռուստաընկերութեան նախագահ Վահան Խաչատրեան բաց նամակով դիմել է Հայաստանում հաւատարմագրուած Եւրոպայի խորհրդի պետութիւնների դեսպաններին։ Նա խորը հիասթափութիւն եւ տագնապ է յայտնել, կապուած Եւրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտէի ընդունած որոշման հետ` փակել «Ա1+» հեռուստաընկերութեան գործի քննութիւնը, հիմք ընդունելով այն փաստը, որ Հայաստանի կառավարութիւնը կատարել է «Ա1+»-ի իրաւունքները վերականգնելու իր պարտաւորութիւնները: «Ես շատ լաւ գիտեմ, թէ ինչպէս են Հայաստանում պաշտպանւում լրատուամիջոցների իրաւունքները: Մարզային «ԳԱԼԱՅ» հեռուստաընկերութիւնը, որը ես ղեկավարում եմ, շարունակում է վարչական եւ իրաւական անհեթեթ ճնշումների թիրախ մնալ 2012 թ. ընտրութիւնների նախօրէին, անգամ այն հանգամանքում, երբ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը դեռեւս քննում է 2007 եւ 2008 թուականների մեր հայցը: Ինչպէս «Ա1+»-ի, այնպէս էլ բոլոր լրատուամիջոցների իրաւունքն է ստանալ հաւասար եւ արդար վերաբերմունք` համաձայն օրէնքի: Ազատ լրատուամիջոցը երաշխաւորում է խօսքի ազատութեան հանրութեան իրաւունքը` հիմնարար քաղաքացիական իրաւունք, որը չի կարող պատշաճ կերպով իրականանալ, եթէ բացակայում է Զլմ-ների ազատութիւնը: «Ա1+»-ի դէպքում, թէ՛ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի դրական որոշումից առաջ, թէ՛ դրանից յետոյ, կառավարութիւնը չընդունեց նոր օրէնքներ կամ կանոնակարգեր, ոչ էլ խստօրէն հետեւեց գործող լաւ թէ վատ օրէնքների ու կանոնակարգերի պահանջներին, որպէսզի ցոյց տա, որ «Ա1+»-ին եթերի իրաւունքից զրկելու սահմանափակումը օրինական է: Անշուշտ մեր կառավարութեան եւ մեր հասարակութեան խնդիրն է փոխել եւ բարելաւել հայաստանեան լրատուամիջոցների ողորմելի իրավիճակը: Ուրիշները չեն կարող դա անել մեզ համար: Բայց դուք չէք կարող անտեսել մեր հասարակութեան, մեր հասարակական կազմակերպութիւնների, մեր ժողովրդի ակնկալիքները ապրել այլ, բարելաւուած պայմաններում, երբ նշում էք, որ Հայաստանի կառավարութիւնը կատարել է իր պարտաւորութիւնները, մինչդեռ այն իրականում շարունակում է խուսափել այդ պարտականութիւններից: Լաւ կը լինէր, որ մեզ ոչ անհամպատասխան ստանդարտներ պարտադրէք, ոչ էլ աչք փակէք, երբ մենք չենք հասնում մեր իսկ նախանշած ստանդարտներին: Ձեր որոշումը չի խրախուսում նրանց, ովքեր մեր երկրում պայքարում են ժողովրդավարութեան համար: Այն նաեւ լաւ բան չի կանխագուշակում լրատուամիջոցների ազատութեան համար այսօր, երբ մօտենում է երկամեայ լարուած ընտրաշրջանը: Դուք աւելի դժուար էք դարձրել լրատուամիջոցների աշխատանքը եւ աւելի յուսահատ էք դարձրել ժողովրդին»,- ասուած է «ԳԱԼԱՅ» հեռուստաընկերութեան նախագահի նամակում:
  -   Հասարակութիւն