ՌՈՒԲԷՆ ԳԵՒՈՐԳԵԱՆՑԻ ԿԱՐԾԻՔՈՎ, «ԵՍ ԵՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՉԻ ՈԻՆԵՆԱ «ԳՐԱՆ-ՊՐԻ» ԲԱՐՁՐԱԳՈՅՆ<br /> ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ<br />


ՌՈՒԲԷՆ ԳԵՒՈՐԳԵԱՆՑԻ ԿԱՐԾԻՔՈՎ, «ԵՍ ԵՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՉԻ ՈԻՆԵՆԱ «ԳՐԱՆ-ՊՐԻ» ԲԱՐՁՐԱԳՈՅՆ
ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

  • 18-04-2007 16:45:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միութեան նախաձեռնութեամբ արդէն չորրորդ անգամ` ապրիլի 25-30-ը Երեւանում կանցկացուի «Ես եմ» միջազգային ամենամեայ երիտասարդական փառատոն: Ինչպէս ապրիլի 18-ին մամլոյ ասուլիսում նշեց փառատոնի տնօրէն եւ ժիւրիի նախագահ, կինոռեժիսոր Ռուբէն Գեւորգեանցը, փառատօնին մասնակցութեան համար 17 երկրներից ստացուել է 220 ֆիլմ, որոնցից ժյուրին ընտրել է 105-ը: Ռ.Գեւորգեանցի դիտարկումներով, անցեալ տարի ներկայացուած ֆիլմերի որակն աւելի բարձր է եղել, քան այս տարուանը. «Ֆիլմերը քանակով աւելի շատ են ստացուել, սակայն որակական առումով էական զարգացում չնկատուեց»: Ռ.Գեւորգեանցը փաստեց նաեւ, որ ընդհանուր առմամբ, «ներկայացուած հայտերից շատ թոյլ են խաղարկային ֆիլմերը», իսկ վաւերագրական կինոնկարները համեմատաբար աւելի յաջողուած են: Փառատոնի տնօրէնը նաեւ կարծիք յայտնեց, որ ամենայն հաւանականութեամբ «Գրան-պրի» մրցանակ չի լինի այս տարի, քանի որ ինքը ներկայացուած յայտերի մէջ չի տեսնում այդ մրցանակին հավակնող գործ: Ռ. Գեւորգեանցը նշեց նաեւ, որ հայտատուների մեծ մասը երիտասարդ ստեղծագործողներ են: Նրանցից շատերն առաջին անգամ են մասնակցելու այս փառատօնին: «Այս փառատոնը հենց նրանց համար է կազմակերպւում, որպէսզի կարողանան ներկայացնել իրենց աշխատանքներն ու կարողանան ճանապարհ հարթել իրենց համար»,- ընդգծեց Ռ.Գեւորգեանցը: Փառատոնի տնօրէնը նշեց նաեւ, որ նախորդ տարիներին այս կինոփառատօնում մրցանակների արժանացած ռեժիսորները յաջողութիւնների են հասել նաեւ այլ փառատոներում: «Դա նշանակում է, որ ժյուրին անաչառ է աշխատում, եւ մեր չափանիշները համապատասխանում է միջազգայինին»,- նշեց Ռ.Գեւորգեանցը: Ժիւրիի նախագահը տեղեկացրեց նաեւ, որ ամենայն հաւանականութեամբ, այսուհետ փառատոնը կկազմակերպուի 2 տարին մէկ անգամ, քանի որ 1 տարուայ ընթացքում չեն ստեղծւում հետաքրքիր ու նոր խօսք պարունակող արժէքաւոր ֆիլմեր: Փառատոնի կազմկոմիտեն սահմանել է 8 մրցանակ` լաւագոյն խաղարկային ֆիլմ, լաւագոյն վաւերագրական ֆիլմ, լաւագոյն ուսանողական աշխատանք, լաւագոյն օպերատորական աշխատանք, լաւագոյն ռեժիսորական աշխատանք, լաւագոյն երաժշտական կլիպ, լաւագոյն անիմացիոն ֆիլմ, լաւագոյն տեսա-արտ: Բոլոր մրցանակակիրները կստանան դիպլոմ, մրցանակ եւ դրամական պարգեւ: Ռ. Գեւորգեանցը յայտնեց նաեւ, որ վաւերագրական ֆիլմ անուանակարգում սահմանուել է նոր` Արա Վահունու անուան մրցանակ` ի յիշատակ անուանի կինոռեժիսորի: Փառատոնի պատասխանատուի խօսքերով, ամբողջ փառատոնի համար ծախսուել է աւելի քան 7 մլն դրամ (մօտ 20 հազար դոլար), որից 1,5 մլն դրամը յատկացուել ՀՀ մշակոյթի եւ երիտասարդության հարցերի նախարարութեան կողմից:
  -   Մշակոյթ