ԱՊՐԻԼՄԵԿՅԱՆ ՈՐՈՇ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԿԱՅԱՆԱՅ` ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ<br /> ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐԵԱՆԻ ԱՆԺԱՄԱՆԱԿ ՄԱՀՈՒԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ<br />


ԱՊՐԻԼՄԵԿՅԱՆ ՈՐՈՇ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԿԱՅԱՆԱՅ` ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐԵԱՆԻ ԱՆԺԱՄԱՆԱԿ ՄԱՀՈՒԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

  • 31-03-2007 14:55:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարեանի նախաձեռնութեամբ ապրիլի 1-ը Հայաստանի պաշտօնական տոնացույցի մէջ մտաւ որպէս «Երգիծանքի եւ հումորի» օր, եւ այս տարի երգիծաբանների մի խումբ վարչապետի աջակցութեամբ պատրաստւում էր այդ օրը նշել մեծ շուքով: Սակայն, ինչպէս մարտի 31-ի ասուլիսում յայտնեց հումորիստ Սամուէլ Բաղդասարեանը, վարչապետի անժամանակ մահուան պատճառով մի քանի միջոցառումներ չեն կայանայ, այդ թւում` Ազատութեան հրապարակում նախատեսուած տօնական շքահանդեսն ու Ալ.Սպենդիարեանի անուան օպերայի եւ բալետի ազգային ակադամիական թատրոնում կայանալիք «Մէկից մէկ» հումորային համերգը: «Վարչապետի մահից յետոյ այս ծրագրերի սցենարներում պէտք է որոշակի փոփոխութիւններ լինէին, սակայն դրանք կբերեին կեղծություն, այնինչ երգիծանքն ու հումորը կեղծ լինել չեն կարող»,- նշեց Ս.Բաղդասարեանը: Նրա խօսքերով, ապրիլի 1-ին Շ.Ազնաւուրի անուան հրապարակում կբացուի երգիծանկարների ապրիլմեկյան ցուցահանդէս, «Ագուլիս» տիկնիկային թատրնում կկայանայ «Ծիտը» ներկայացման պրեմիերան, Արամ Խաչատրեանի տուն-թանգարանում` «Կատակում են երաժիշտները», Հովհ.Թումանյանի անուան տիկնիկային թատրնում` «Մեծ հրաշքների փոքր գաղտնիքները» հումորային ծրագրերը: Ըստ ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայէլ Քոթանջյանի, վարչապետը երգիծանքի եւ արուեստի նկատմամբ ուներ այնպիսի վերաբերմունք, որ չունեն մեր պաշտօնեաներից շատ շատերը: «Ա.Մարգարեանը գնահատում էր արուեստը, եւ նրա աջակցութեամբ բազմաթիւ ներկայացումներ եւ մշակոյթային միջոցառումներ իրականութիւն դարձան»,- ընդգծեց դերասանը: Անդրադառնալով հեռուստաեթերով ցուցադրվող հումորային հաղորդումներին, «Ոզնի» երգիծական թերթի գլխաւոր խմբագիր Արամայիս Սահակեանը նշեց, որ «ցածր մակարդակի հումորն այսօր խրախուսւում է այնպէս, ինչպէս ռաբիս երաժշտութիւնը», այդ իսկ պատճառով եթերը ողողված է նմանատիպ հաղորդումներով: Իսկ դերասան Յարութիւն Մովսիսեանը կարծիք յայտնեց, որ կգայ մի օր, երբ բոլորը կհոգնեն ռաբիս երաժշտությունից ու գռեհկությունից:
  -   Մշակոյթ