ԿԱՀԻՐԷԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԻԵՆԱԼԷՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՆԿԱՐԻՉ ԹԵՆԻ
ՎԱՐԴԱՆԵԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՈՍԿԷ ՄԵԴԱԼԻ
28-02-2007 20:00:00 | Հայաստան | Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ:
Կահիրէում` 2006 թ. դեկտեմբերի 12-ից մինչեւ այս տարուայ փետրուարի
1-ը կայացած միջազգային 10-րդ բիենալէում, որին մասնակցել է 53
երկրի 135 արուեստագէտ, Հայաստանի ներկայացուցիչ, նկարիչ Թենի
Վարդանեանն արժանացել է ոսկէ մեդալի: Այս մասին փետրուարի 28-ին
կայացած ասուլիսում յայտարարեց ՀՀ մշակոյթի եւ երիտասարդության
հարցերի փոխնախարար Կարինէ Խոդիկյանը:
Նրա խօսքերով, բիենալէում ներկայացուած հայ արուեստագէտի «Աթոռ»
նկարն արժանացել է ժիւրիի բարձր գնահատականին. «մեծ հպարտութիւն
է միջազգային բիենալէում բազմաթիւ աշխատանքների շրջանում առաջին
պատուաւոր յաղթանակը տանելը»: Ժիւրիի կազմում են եղել վեց
երկրների` Իտալիայի, Մարոկկոյի, Իսպանիայի, Իռլանդիայի, Եգիպտոսի
ներկայացուցիչները:
Թ.Վարդանեանի խօսքերով, իր համար անակնկալ էր այդքան շատ թւով
մասնակիցների մէջ առաջին տեղը գրաւելը: Նա նշեց նաեւ, որ փետրուարի
13-17-ը Կահիրէում Հայաստանի դեսպանատան եւ Եգիպտոսի մշակոյթի
նախարարութեան կողմից կազմակերպուել է իր գրաֆիկական աշխատանքների
ցուցահանդէսը, որին աջակցել է նաեւ Ահմադ Շահուվի թանգարանը: Ըստ
նրա, Եգիպտոսի ժողովուրդը մեծապէս ծանօթ է հայկական մշակոյթին,
իսկ տեղի հայ համայնքը նպաստում է արտերկրում հայկական արուեստը
ներկայացնելու գործին:
Թ.Վարդանեանը Հայաստանի նկարիչների միութեան անդամ է, 20-ից
աւելի անհատական եւ խմբակային ցուցահանդեսների հեղինակ, ում
աշխատանքները ցուցադրվել են Բեյրութում, Նիկոզիայում, Փարիզում,
Լոնդունում, Սանկտ Պետերբուրգում, Հալեպում եւ այլուր:
Նշենք, որ Կահիրէի բիենալէն հիմնադրուել է Եգիպտոսի մշակոյթի
նախարարութեան կերպարուեստի բաժնի կողմից 1984 թուականին, որին
Հայաստանի մասնակցութիւնը սկսուել է 1996 թ-ից: