Բեյրութում նշուվել է Կոմիտաս վարդապետի 140-ամեակը<br />


Բեյրութում նշուվել է Կոմիտաս վարդապետի 140-ամեակը

  • 18-12-2009 18:00:00   |   |  Մշակոյթ
ԲԵՅՐՈՒԹ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Բեյրութի «Յակոբ Տեր Մելքոնեան» թատերասրահում դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել Կոմիտաս վարդապետի ծննդեան 140-ամեակին նուիրուած հանդիսութիւն, որին մասնակցել են հայոց ազգային վարժարանների սաները: Միջոցառման նախաձեռնող Լիբանանի Ազգային իշանության Ուսումնական խորհրդի անունից բացման խօսք է ասել Սոսե Ջինբաշեանը: Նա անդրադարձել է Կոմիտասի կեանքին ու ստեղծագործութեանը, շեշտել, որ Կոմիտասը մնում է ամենատաղանդավոր երաժշտագետը: «Անժխտելի է, որ նա հայ երաժշտութեան պատմութեան գագաթն է»,- ասել է Ջինբաշեանը: Ըստ «Ազդակ» օրաթերթի, ազգային վարժարանների աշակերտները ներկայացրել են խմբային երգեր, պարեր, ասմունք եւ փոքրիկ բեմադրութիւններ: Օրուայ պատգամը փոխանցել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան միաբաններից եւ Քրիստոնեական դաստիարակութեան բաժանմունքի վարիչ Թորգոմ աբեղայ Տոնոյանը: Նա ամփոփ կետերով անդրադարձել է Կոմիտասի կեանքին, խօսել նրա անուրանալի շնորհի մասին: «Կոմիտասը երգեց ու ստեղծեց, դաշնավորեց ու մշակեց, գրեց ու արտագրեց: Նա մեզ սովորեցրեց, թէ ինչ է հայ երաժշտութիւնը: Կոմիտասը եղավ ազգային երաժշտութեան մշակոյթի առաջնորդը, իր բազմակողմանի գործունէութեամբ»,- ասել է Թորգոմ աբեղայ Տոնոյանը, աւելացնելով, որ Կոմիտասը հայ երաժշտութեան մոգն էր, սակայն Մեծ եղեռնը չթողեց, որ նա շարունակի իր բարձր ու սուրբ առաքելութիւնը: Այնուհետեւ Թորգոմ աբեղան կատարել է դաշնամուրային մի հատուած Կոմիտասի մշակումներից: Եզրափակիչ խօսքով հանդէս է եկել Գեղամ եպիսկոպոս Խաչերյանը: Իր խօսքն ուղղելով աշակերտներին` նա պատգամել է, որ ինչպէս հայոց ֆիդայիններն են ապրում նրանց հոգիներում, այնպէս էլ Կոմիտասը ապրի հաւերժ: Ու աւելացրել է, որ Կոմիտասի երգերը մաքուր ու զուտ հայկական երգեր են: Աւարտին սրբազանը յանձնել է «Մհեր Ջուլհաճյան» շարադությունների մրցոյթի գնահատագիրներն ու մրցանակները:
  -   Մշակոյթ