«Անգրագէտ հայրենասիրութեան» հետեւանքով աղաւաղւում է Գանձասարի մշակութային արժէքը. Սամուէլ Կարապետեան
13-07-2011 13:14:16 | Հայաստան | Մշակոյթ
Արցախի Գանձասար վանական համալիրի պարիսպը սալիկապատւում է, ինչը
մեծ անհատգստութիւն է առաջացրել Հայաստանի յուշարձանագէտների շրջանում: Յուշարձանագէտ Սամուէլ Կարապետեանը յուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարեց, որ պարսպի նման ձեւով վերանորոգումն ուղղակի անթոյլատրելի է, քանզի խախտւում է յուշարձանների վերականգնման գիտական սկզբունքը, որի հետեւանքով էլ աղաւաղւում է մշակութային արժէքը:
Ըստ նրա, Գանձասարի պարիսպը 13-րդ դարի կառոյց է, որը նորոգուել է 17-18, 20-րդ դարերում: Այսօր այն կրկին նորոգւում է` ռուսաստանաբնակ հայ գործարար Լեւոն Հայրապետեանի հովանաւորութեամբ, բայց չի պահպանւում վանքի ոգին:
«Երբ մենք գործ ենք ունենում անգրագէտ հայրենասիրութեան հետ, ունենում ենք շատ վատ արդիւնքներ, եւ եթէ չդադարեցուեն Գանձասարի պարսպի վերանորոգման աշխատանքները, ապա վաղը մենք կ'ունենանք 2011թ.-ի Գանձասար եկեղեցու շրջապարիսպ»,- ասաց Ս. Կարապետեանը եւ որպէս օրինակ լրագրողներին ցոյց տուեց Արցախի պաշտպանութեան նախկին նախարար Սամուէլ Բաբայեանի հովանաւորութեամբ նորոգուած Ասկերանի շրջանի Շոշկայ վանքի լուսանկարները` հին եւ նորոգուած տարբերակով: Վերանորոգոմից յետոյ վանքը կորցրել է իր նախկին տեսքը:
Յուշարձանագէտը կոչ արեց անյապաղ դադարեցնել պարսպի վերանորոգման աշխատանքները եւ մաքրել սալապատուած հատուածները, յաւելելով, որ Գանձասարի վանքի պարսպի վերականգնման գիտական նախագիծը գոյութիւն ունի դեռ 1989 թուականից, եւ եթէ ցանկութիւն կար վերականգնելու այն, կարելի էր առաջնորդուել դրանով: Նա ցաւով նշեց, որ անգամ նման դէպքերում ճարտարապետների կարծիքը լսող չի լինում:
Նշուեց, որ UNESCO-ի Համաշխարհային մշակութային ժառանգութեան ցուցակի մէջ Գանձասարի վանքը չի մտնում եւ եթէ այդ հարցը դրուի, «նորովի թխած պարսպի» առկայութիւնը միայն բաւարար է, որպէսզի համաշխարհային արժէք համարուող Գանձասարը դուրս մնա ցանկից: