Տիգրան Սարգսեան. «Ծաւալային առումով մեր ծախսերը 2010թ.-ին<br /> համադրելի են լինելու 2009թ. ծախսերի հետ»<br />


Տիգրան Սարգսեան. «Ծաւալային առումով մեր ծախսերը 2010թ.-ին
համադրելի են լինելու 2009թ. ծախսերի հետ»

  • 30-10-2009 20:26:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Այս պահի դրութեամբ, եթէ մենք ներկայացրել ենք եկամուտները 676,7 մլրդ դրամ եւ ծախսերը` 859,7 մլրդ դրամ, արդէն իսկ անհրաժեշտ է ներառել «Հազարամյակի մարտահրաւեր»-ների միջոցները, որովհետեւ մենք աւարտել ենք բանակցութիւնները ՀՄՀ-ի հետ եւ ունենք ԱՄՆ-ի մեր գործընկերներից հաւաստիացումներ, որ բոլոր ծրագրերն իրականացուելու են: Բոլոր գործընթացներն աւարտուած են, եւ մենք այդ ճշգրտումը կիրականացնենք: Դա նշանակում է, որ ծաւալային առումով, մեր ծախսերը 2010թ.-ին համադրելի են լինելու 2009թ.-ի ծախսերի հետ»,- Ազգային Ժողովի մշտական յանձնաժողովների 2010թ.-ի ՀՀ պետական բիւջէի նախագծի քննարկմանը նուիրուած հոկտեմբերի 30-ի համատեղ նիստում յայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսեանը: Ըստ նրա, բիւջէի դեֆիցիտը մեծապէս ֆինանսաւորւում է միջազգային դոնոր կազմակերպութիւնների կողմից, ինչը հնարաւորութիւն է տալու զերծ մնալ շուկայական ռիսկերից: «Աւելին, համաշխարհային տնտեսութեան զարգացման միտումները թելադրում են Համաշխարհային բանկին եւ ԱՄՀ-ին, ինչպէս նաեւ Ասիական բանկին, վերակառուցել իրենց պարտքը, որը նրանք տրամադրել են Հայաստանի Հանրապետութեանը, այսինքն` ապագայում մենք հնարաւորութիւն ենք ունենալու մեղմացնելու պարտքային բեռի ճնշումը բիւջէի կատարողականի վրայ»,- ասաց նա: Նշուեց նաեւ, որ ԱՄՀ-ի հետ բանակցութիւնները սկսուելու են 2010թ.-ի առաջին եռամսյակում` հիմնադրամի կողմից Հայաստանին տրամադրուած վարկային միջոցները վերակառուցելու ուղղութեամբ: Ըստ վարչապետի, արդէն սկսուել է երկխօսութիւն Համաշխարհային բանկի եւ Ասիական բանկի հետ վարկային պայմանները բարելաւելու ուղղութեամբ: «Այդ տեսակետից շուկայական ռիսկեր այստեղ գոյութիւն չունեն այն պարզ պատճառով, որ եթէ համաշխարհային տնտեսութեան վերելքը հետաձգվի, մենք յետաձգելու ենք մեր արտաքին պարտքի սպասարկման ծաւալները` բանակցելով Համաշխարհային բանկի, Ասիական բանկի, Եւրոպական բանկի հետ, քանի որ այդ խնդիրները պայմանաւորուած են լինելու գլոբալ ցուցանիշների վատթարացմամբ»,- պարզաբանեց վարչապետը: Տ.Սարգսեանը վստահեցրեց, որ կառավարութիւնը շարունակելու է հակաճգնաժամային միջոցառումների իրականացումը, որը կուղեկցուի արդէն իսկ ձեւաւորուած ինստիտուտների աշխատանքների ակտիւացմամբ, ինչպէս նաեւ նոր ինստիտուտների ստեղծմամբ: Ըստ նրա, մասնաւորապէս, շարունակուելու է փոքր եւ միջին ձեռնարկութիւնների աջակցութիւնը, տնտեսութեան համակարգաստեղծ ընկերութիւնները գտնուելու են կառավարութեան ուշադրութեան կենտրոնում, ինչպէս նաեւ արտահանման ընթացակարգերի պարզեցումը, արտահանող ձեռնարկութիւնների համար բարենպաստ պայմանների ստեղծումը լինելու են կառավարութեան թիրախներըղ 2010թ.-ին կառավարութիւնը նաեւ փորձելու է, հարկային եւ մաքսային բարեփոխումների շարունակութիւնը ապահովելով, ստեղծել աւելի բարենպաստ միջավայր բիզնեսի համար: «Մեր միջոցառումները ունենալու են խրախուսական բնոյթ»,- վստահեցրեց նա: Նշուեց նաեւ, որ կառավարութիւնը չափազանց կարեւորում է կենսաթօշակային եւ ապահովագրական բարեփոխումները, որոնց ուղղութեամբ արդէն իսկ սկսուել են օրենսդրական փաթեթների ընդլայնուած քննարկումներ: Նախատեսւում է նաեւ շարունակել 6 տարի առաջ սկսուած պետական կառավարման համակարգի կառուցուածքային եւ գործառութային բարեփոխումները, որոնք, վարչապետի բնորոշմամբ, յեղափոխական բնոյթի են: Ըստ Տ.Սարգսեյանի, առողջապահութեան ու կրթութեան ոլորտի բարեփոխումները եւս մտնում են վճռական փուլ. կառավարութիւնը, համագործակցելով ԱԺ յանձնաժողովի հետ, արդէն իսկ հաստատել է առողջապահութեան ոլորտում իրականացուելիք կարեւորագոյն արմատական միջոցառումները: Նշուեց նաեւ, որ որակապէս պէտք է բարելաւուեն առողջապահութեան ոլորտի ֆինանսական մեխանիզմները: Նմանատիպ միջոցառումներ են իրականացուելու նաեւ կրթութեան բնագաւառում: Բիւջէի նախագծի հիմքում դրուած է 1 ԱՄՆ դոլարի դիմաց 376 ՀՀ դրամ հաշուարկային փոխարժեքը:
  -   Տնտեսութիւն