Արմէն Յարութիւնեյանը կոչ է անում սեփական իրաւունքների համար<br /> պայքարել սեփական երկրում<br />


Արմէն Յարութիւնեյանը կոչ է անում սեփական իրաւունքների համար
պայքարել սեփական երկրում

  • 23-10-2009 18:24:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Արդէն պատրաստ է Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեանի արտահերթ զեկոյցը, որը վերաբերում է արդար դատաքննութեան իրաւունքին: Այն առաջիկայ երկու շաբաթուայ ընթացքում կներկայացուի հանրութեանը: Յայտնելով այս մասին հոկտեմբերի 23-ի ասուլիսում, Պաշտպանը նշեց, որ բացարձակապէս բաւարարուած չէ Հայաստանում արդար դատաքննութեան իրաւունքի պաշտպանութեան վիճակով: Ի դէեպ, Պաշտպանի հաստատութեան հետ չհամագործակցող մարմինների ցանկում առաջինը դատախազութիւնն է: Ա.Յարութիւնեյանը գոհունակութիւն յայտնեց, որ աւելի քան մէկ տարուայ գործունէութիւնից յետոյ յաջողուել է հասնել նրան, որ Լեռնային Ղարաբաղի Մարդու իրաւունքների պաշտպանը դարձել է Եւրոպական օմբուդսմանի ինստիտուտի լիիրաւ անդամ, իսկ ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանը` առաջին անգամ Հարաւային Կովկասի պատմութեան մէջ, ընտրուել այդ մարմնի ղեկավար խորհրդի անդամ: Իր գլխաւորած հաստատութեան գործունէութեան դրական արդիւնքներից Ա.Յարութիւնեյանը, մասնաւորապէս, նշեց 39 ընտանիքի` 105 հոգու, սեփականութեան իրաւունքի վերականգնումը: Ըստ նրա, Երեւանի Հիւսիսային պողոտայի նախկին բնակիչների գործերը վերջիններիս համար յաջող ընթացք են ունենում: «Հիւսիսային պողոտան ժամանակին մի մեծ պրոյեկտ էր մարդկանց սեփականութիւնը շատ էժան գներով վերցնելու եւ դրա տակ քողարկված բիզնես անելու` հանրային շահերի անուան տակ»,- յայտարարեց Ա.Յարութիւնեյանը: Յիշեցնելով, որ պողոտայի հուսալքված բնակիչներից մէկը յայտարարել էր, թէ քաղաքական ապաստարան է խնդրելու Թուրքիայում, Պաշտպանը կոչ արեց սեփական իրաւունքների համար պայքարել սեփական երկրում: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Ա.Յարութիւնեյանը յայտնեց, որ Թուրքիան Եւրոպական դատարանում իր դէմ ամենաշատ վճիռներ եւ խախտումներ ունեցող երկրներից մէկն է: Բացի այդ, Թուրքիայում չկայ մարդու իրաւունքների պաշտպանի ինստիտուտ, եւ վերջերս միայն Թուրքիայի վարչապետը յայտարարել է, որ անհրաժեշտ է օր առաջ ստեղծել այդ ինստիտուտը:
  -   Մարդու իրաւունքներ