Արմէն Յարութիւնեան. «Այսօր Հայաստանում գործում է
աշխատանքային շահագործման սկզբունքը»
23-10-2009 15:00:00 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում այսօր
գործում է աշխատանքային շահագործման սկզբունքը: Այսպիսի
յայտարարութիւն արեց ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն
Յարութիւնեյանը աշխատանքային շահագործման, մենաշնորհների եւ շրջակայ
միջավայրի պահպանութեան խնդիրներին նուիրուած հոկտեմբերի 23-ի
ասուլիսում: «Այն մարդկանց համար, ովքեր քաղաքացուն դիտարկում են
որպէս նրա իրաւունքների խախտմամբ գերշահոյթ ստանալու միջոց,
պետութիւնը եւս գերշահոյթ ստանալու միջոց է դառնում»,-
յայտարարեց Պաշտպանը:
Որպէս օրինակ, Ա.Յարութիւնեյանը տեղեկացրեց, որ իր դիմումի
հիման վրայ Աշխատանքի պետական տեսչությունը ստուգումներ է անցկացուել
երթուղային տաքսիների վարորդների իրաւունքների հնարաւոր
խախտումների վերաբերեալ տեղեկութիւններ ստանալու համար:
Ստուգումներով, որ կատարուել են 70 կազմակերպություններից միայն
5-ում, պարզուել է, որ վարորդներին շահագործել են արտաժամեայ` 18
ժամ, աշխատեցրել են առանց վճարելու. ընդհանուր առմամբ, չի վճարուել
144 մլն դրամ (մօտ 374 հազար ԱՄՆ դոլար), որի մէջ մտնում է
աշխատավարձը, սոցվճարները, պետական բիւջէ գանձուող եկամտահարկի
գումարը:
Ստուգումները ցոյց են տուել նաեւ, որ բացակայում է բժշկական
հսկողութիւնը: Պարզուել է նաեւ, որ կազմակերպություններից մէկում
24 վարորդներից միայն 4-ն ունեն պատշաճ փաստաթղթեր, իսկ
կազմակերպություններից մէկն էլ շուրջ մէկ տարի գործում է առանց
արտօնագրի:
Արդիւնքում ոչ միայն խախտուել է վարորդների աշխատանքային
իրաւունքը, այլեւ չի ապահովել ուղեւորների անվտանգութիւնը,- ասաց
Ա.Յարութիւնեյանը: Նա հոյս յայտնեց, որ Աշխատանքի պետական
տեսչությունը ուսումնասիրություններ կանցկացնի տուեալ բնագաւառում
գործող աւելի խոշոր ընկերութիւններում անկախ այն բանից, թէ ով է
դրանց սեփականատերը, կամ ով է նրանց թիկունքում կանգնած: