Ֆրանսիայում աւարտուել է Կոմիտասի ծննդեան 140-ամեակին նուիրուած
շաբաթը
20-10-2009 13:40:00 | | Մշակոյթ
ՓԱՐԻԶ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Կոմիտասի
ծննդեան 140-ամեակին նուիրուած շաբաթը Ֆրանսիայում աւարտուել է
հոկտեմբերի 18-ին Փարիզի հռչակաւոր Գավո սրահում տեղի ունեցած մեծ
համերգով: Համերգին ներկայ էին Ֆրանսիայի մշակոյթի նախարար
Ֆրեդերիկ Միտերանը, Հայաստանի մշակոյթի նախարար Յասմիկ Պողոսեանը,
Ֆրանսիայի քաղաքական, հասարակական, գիտութեան ու մշակոյթի
գործիչներ, նշանաւոր անհատներ:
Կոմիտասի գործերի կատարմամբ հանդէս են եկել դաշնակահար
Սւետլանա Նաւասարդեանը, երգիչներ Բարսեղ Թումանյանը (բաս),
Ջուլիետա Գալստեանը (մեցցօ-սոպրանո) եւ Յասմիկ Թորոսեանը
(սոպրանո), «Նաիրի» խումբը` Հայկ Դաւթեանի ղեկավարութեամբ
(Ֆրանսիա), «Արպեջիոն» քառեակը (Ֆրանսիա): Համերգի առանցքն է
կազմել Հայաստանի պետական կամերային երգչախմբի ելոյթը` Ռոբերտ
Մլքեյանի ղեկավարութեամբ, որի ընթացքում կատարուել են Կոմիտասի
հարսանեկան ու գեղջկական երգեր ու պարեր, ինչպէս նաեւ Կոմիտասի
տաղերի հիման վրայ կոմպոզիտոր Արթուր Ահարոնեանի յատուկ այս առիթով
գրած «Մենավոր» երգերի շարքը:
Ինչպէս յայտնում են ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան
վարչութիւնից, Կոմիտասի ծննդեան 140-ամեակին նուիրուած շաբաթն
սկսուել էր հոկտեմբերի 13-ին, Փարիզի Աշխարհի մշակոյթների
տանը տեղի ունեցած դասախոսութիւն-համերգով, որի ընթացքում
երաժշտագետներ Մհեր Նաւոեանը (Հայաստան) եւ Անտոնի Ժիրարը
(Ֆրանսիա) ներկայացրել են Կոմիտասի կեանքն ու ստեղծագործութիւնը,
նրա դերը հայ ազգային եւ համաշխարհային երաժշտութեան զարգացման
մէջ: Հոկտեմբերի 15-ին Կոմիտասի գործերը հնչել են Փարիզի
Ինվալիդների Սեն-Լուի տաճարի սրահում Հայաստանի պետական կամերային
երգչախմբի կատարմամբ, որն անցել է մեծ հաջողութեամբ:
Կոմիտասեան շաբաթն անցկացւում էր Ֆրանսիայի եւ Հայաստանի
մշակոյթի նախարարութիւնների հովանու ներքոյ: