Ջավախքի հայկական դպրոցները լուրջ օգնութեան կարիք ունեն,<br /> ասում է ջավախահայ մանկավարժը<br />


Ջավախքի հայկական դպրոցները լուրջ օգնութեան կարիք ունեն,
ասում է ջավախահայ մանկավարժը

  • 20-10-2009 13:20:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Օրերս ՀՀ վարչապետի եւ Սփիւռքի նախարարութեան կողմից պարգեւների են արժանացել Ջավախքում հայապահպանման գործում մեծ ներդրում ունեցած վեց հայ մանկավարժներ: Պարգեւատրվածների թւում էր նաեւ մանկավարժ Վաչագան Ռստակյանը, ով «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրոյցում ներկայացրեց ջաւախահայութեան դպրոցական համակարգում տիրող խնդիրներն ու առկայ կրթական մակարդակը, ինչպէս նաեւ խօսեց ՀՀ սփիւռքի նախարարի հետ ունեցած հանդիպման մասին: - Պարոն Ռստակյան, պատմէք, խնդրեմ, որտե՞ղ եք ծնուել, կրթութիւն ստացել եւ ծավալել աշխատանքային գործունէութիւն: - Ծնուել եմ 1937թ-ին Ախալքալաքի շրջանի Մեծ Սամսատ գիւղում: Կրթութիւն ստանալով Խ. Աբովեանի անուան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվական ֆակուլտետում` աշխատանքի եմ անցել հարենի գիւղում` որպէս հայոց լեզուի, հայ գրականութեան եւ հայոց պատմութեան ուսուցիչ: Այնուհետեւ աշխատել եմ տարբեր ուսումնական հաստատութիւններում` ստանձնելով տնօրէնի, ապա` նաեւ Ախալքալաքի ժողկրթբաժնի տեսուչի պաշտօնում: Երբ ընդհանուր որոշմամբ կազմալուծվեցին մեթոդկաբինետները, ես որպէս շարքային ուսուցիչ վերադարձա դպրոց: Այժմ դպրոցում դասավանդելուն զուգահեռ աշխատում եմ նաեւ Գիւմրիի «Պրոգրես» համալսարանին կից գործող Ախալքալաքի մասնաճիւղում` որպէս հայոց լեզուի եւ պատմութեան, ինչպէս նաեւ վրաց պատմութեան դասախօս: - Քանի՞ դպրոց է այսօր գործում Ջավախքում եւ ինչպիսի՞ն է ջավախահայ աշակերտների կրթական մակարդակը: - Ջավախքում այսօր գործում են շուրջ 130 հայկական դպրոցներ, որոնցից 60-ից աւելին` Ախալքալաքի շրջանում, 40-ից աւելին` հարեւան Նինոծմինդայի շրջանում, գրեթէ 10 դպրոց Ախալցխայում կայ եւ այդքան էլ` Ծալկայում: Ինչ վերաբերում է կրթական մակարդակին, ապա պէտք է նշեմ, որ սովետական կարգերի փլուզումից յետոյ կրթական մակարդակը զգալիօրէն ընկել է: Չեն գործում մեթոդ-միաւորումները, դասալսումները քիչ են: Այսօր մեզ համար կարեւոր խնդիր է դպրոցներին պարտադրվող հայալեզու դասագրքերի կիրառումը, քանի որ դրանք նախագահի որոշումով շատ կարճ ժամանակահատուածում կազմուելու պատճառով չեն ապահովում լիարժէք ուսումնական ծրագիր: Բացի հայոց լեզու եւ գրականութիւն առարկաներից, միւս բոլոր դասընթացներն իրականացւում են վրացի մասնագէտների կազմած գրքերով, որտեղ թերություններ կան ոչ միայն հայագիտական, այլ նաեւ միւս առարկաների գծով: Պետութիւնն ամէն ինչ անում է դպրոցները վրացականացնելու ուղղութեամբ: Այստեղ մեր մտահոգութիւնն այն է, որ այդ դասագրքերը հայկական դպրոցներին ոչ թէ առաջարկւում են, այլ պետականօրէն պարտադրւում: Այլ խնդիր է տրամադրուող դասագրքերի արժէքը: Եթէ այն համեմատենք ջաւախահայութեան կենսամակարդակի հետ (բնակչութեան մի մասն աշխատանք չունի, իսկ միւս մասի աշխատավարձի միջինը կազմում է 100-150 լարի), ուստի հասկանալի է դառնում, որ 20 լարի արժեցող դասագիրք գնելը շատ դժուվար է: Այնինչ Հայաստանից ուղարկւող դասագրքերը դպրոցներին տրամադրւում են մասամբ անվճար, իսկ վճարման ենթակայ գումարը չնչին է` վրացական գրքերի արժէքից մօտ 3-4 անգամ ցածր: - Իսկ ինչպիսի՞ն է Ջավախքի հայկական դպրոցներում վրացերէն լեզուի իմացության մակարդակը: Կայ՞ն աշակերտներ, ովքեր դպրոցն աւարտելուց յետոյ ուսումը շարունակում են վրացական բուհերում: - Վրացական բուհ-երում սովորող երեխաներ կան, բայց թւով շատ քիչ են: Մեր դպրոցներում վրացերենն այնքան էլ բարձր մակարդակում չի գտնւում: Շատ դժուվար է ջաւախահայութեանը ստիպել խօսել վրացերէն, քանի որ համապատասխան լեզուական միջավայր չլինելուց բացի, չկան նաեւ պետական խթանիչ նախադրեալներ: Նոր որոշման համաձայն` հայկական դպրոցների շատ տնօրեններ գտնւում են անորոշ վիճակում, որովհետեւ նրանցից շատերը չեն անցել վրացերենի թեստավորման կուրսը, ուստի եւ կմնան ժամանակաւոր պաշտոնակատարներ այնքան ժամանակ, մինչեւ կամ լեզուն կը սովորեն, կամ էլ ուրիշ մէկը կփոխարինի նրանց: Եթէ վրաց իշխանութիւնը ցանկանում է ինտեգրել մեզ իրենց հասարակութեանը, ապա պէտք է այդ ինտեգրմանը նպաստող որեւէ քայլ ձեռնարկի: Ընդունելով եւրոպական կրթական համակարգային փոփոխութիւնները` Վրաստանը չի միանում ազգային փոքրամասնություններին վերաբերող եւ ոչ մի կոնվենցիայի` պատճառաբանելով դա սեփական երկրի ամբողջականութեան խնդիրներով: - ՀՀ սփիւռքի նախարարի հետ հանդիպման ժամանակ ի՞նչ թեմաներ քննարկեցիք, եւ ի՞նչ պայմանավորություններ ձեռք բերուեցին: - Սա առաջին դէպքն էր, երբ սփիւռքից ուսուցիչները պարգեւատրվում են ՀՀ վարչապետի եւ Սփիւռքի նախարարութեան կողմից, որը, կարծում եմ, եւ' խրախուսիչ էր, եւ' պարտաւորեցնող: Իսկ նախարարի հետ ունեցած հանդիպումը անհրաժեշտ նախաձեռնութիւն էր, քանի որ հնարաւորութիւն ստացանք ներկայացնելու մեր խնդիրներն ու առաջարկները, որոնց ծանօթանալով սփիւռքի նախարարը խոստացաւ ակտիւացնել շփումը, շատացնել փոխադարձ այցելութիւնները, օրինականութեան սահմաններում լուծել հայ ուսուցիչների` հայրենիքում վերապատրաստուելու խնդիրը: Քանի որ Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան միջամտութիւնը բխում է մեր իսկ շահերից, ուստի մենք էլ մեր հերթին հոյս յայտնեցինք, որ այս խնդիրները շատ շուտ կստանան իրենց լուծումները, իսկ մենք կշարունակենք մեր գործունէութիւնն` ի նպաստ Հայրենիքի:
  -   Հասարակութիւն