Ըստ Հայաստանի օմբուդսմենի, Սիւնիքի մարզում վտանգուած է<br /> սեփականութեան իրաւունքը <br />


Ըստ Հայաստանի օմբուդսմենի, Սիւնիքի մարզում վտանգուած է
սեփականութեան իրաւունքը

  • 19-10-2009 18:08:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարութիւնը այս տարուայ յունիսի 26-ին կայացրել է թիւ 944-Ն որոշումը Սիւնիքի մարզի Հալիձորի գիւղական համայնքի քաղաքացիների սեփականութիւնը հանդիսացող հողամասերի նկատմամբ բացառիկ` գերակայ հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակութիւնը փոփոխելու մասին: Մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն («Առաւօտ օրաթերթ» 08.10.2009թ., 15.10.2009թ., 17.10.2009թ.) եւ ըստ փաստաբան Կարեն Մեժլումեանի, Հալիձոր գիւղական համայնքի բնակիչներն իրենց դժգոհութիւնն են արտայայտում առ այն, որ սեփականութեան իրաւունքով իրենց պատկանող հողամասերի 1 քմ-ի դիմաց 100 դրամ փոխհատուցում է առաջարկւում: Սա այն դէպքում, երբ համաձայն Անշարժ գոյքի կառավարման պետական կոմիտէի աշխատակազմի Գորիսի տարածքային ստորաբաժանման` այդ հողամասերի 1 քմ-ի կադաստրային արժէքը կազմում է 222 դրամ: Հալիձորցիները դժգոհում են նաեւ, որ մինչեւ օտարման պայմանագրերի կնքումը, սեփականութեան իրաւունքով դեռեւս իրենց պատկանող հողամասերում, սկսուել են հողաշինական աշխատանքներ: Յայտնելով այս մասին հոկտեմբերի 19-ի յայտարարութիւնում, ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը այնուհետեւ նշում է. «Վերջին տարիներին թէ' հրապարակային ելոյթների ընթացքում, թէ' տարեկան զեկույցներում բազմիցս անդրադարձել եմ բացառիկ` գերակայ հանրային շահ ճանաչելու գործընթացում թոյլ տրուող սեփականութեան իրաւունքի խախտումներին եւ նշել եմ, որ այդ գործընթացում պէտք է խստիւ պահպանուեն սեփականատէրերի իրաւունքները: Այլապէս, երբ ոտնահարուած սեփականութեան իրաւունքը վերականգնւում է միջազգային դատական ատեանի որոշմամբ, վնաս է հասցւում եւ' պետութեան հեղինակութեանը, եւ' բիւջէին: Ինչպէս ցոյց է տալիս Մարդու իրաւունքների Եւրոպական դատարանի պրակտիկան, սեփականութեան իրաւունքի խախտումներին վերաբերող խնդիրները լուծւում են ի օգուտ քաղաքացիների»:
  -   Մարդու իրաւունքներ