ABBYY ընկերութեան հիմնադիր Դավիթ Յանը իր փորձը կփոխանցի<br /> հայաստանցի ուսանողներին<br />


ABBYY ընկերութեան հիմնադիր Դավիթ Յանը իր փորձը կփոխանցի
հայաստանցի ուսանողներին

  • 08-10-2009 18:35:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հոկտեմբերի 9-ին Երեւանի պետական համալսարանում տեղի կունենայ աշխարհահռչակ ABBYY ընկերութեան հիմնադիր եւ տնօրէնների խորհրդի նախագահ, «Այբ» ակումբի հիմնադիրների խորհրդի նախագահ Դավիթ Յանի վարպետութեան դասը` «Կրթությունից դէպի յաջողութիւն. գործարարութիւնը XXI դարում» թեմայով, որտեղ նա կը պատմի իր անձնական փորձի մասին եւ կը բացայայտի յաջողութեան իր գաղտնիքները: Ինչպէս յայտնում է www.panarmenian.net-ը, Դավիթ Յանը ծնուել է Երեւանում, աւարտել է Երեւանի ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցը: 21 տարեկանում Մոսկուայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ուսանող Դավիթ Յանը ստեղծեց Lingvo էլեկտրոնային բառարանը` առաջին քայլն անելով ՏՏ ոլորտում: Այսօր ABBYY ընկերութիւնը ոլորտի առաջատարն է աշխարհում, ունի 900 աշխատակից 8 երկրում եւ աւելի քան 30 մլն յաճախորդ 130 երկրում: Ֆիզիկամաթեմատիկական գիտութիւնների թեկնածու, գիտութեան եւ տեխնիկայի ոլորտում Ռուսաստանի կառավարութեան մրցանակի դափնեկիր, գրպանի առաջին կոմունիկացիոն համակարգչի ստեղծող Դավիթ Յանի կենսագրութիւնը ներառուած է «Ով ով է» կատալոգում:
  -   Հասարակութիւն