Աբաս Քիառոսթամի. «Մէկ կինոթատրոն ունեցող մայրաքաղաքում նման հանդիսատես ունենալը ուղղակի հրաշք է»
16-07-2011 15:39:03 | Հայաստան | Մշակոյթ
«Տպաւորութիւնս այն է, որ երեւանցիները կինոյի հետ շատ կապ չունեն եւ կինոթատրոն շատ չեն գնում: Կինոփառատօնների իմաստը հէնց այն է, որ մարդկանց հետաքրքրեն կինոյով եւ նրանց կինօ գնալու մղեն: Ու այդ կրակը միշտ պէտք է վառ մնա, ոչ թէ մի առիթով լուսավառուի եւ յետոյ նորից մարի: Փառատօնի յաջողութիւնը հէնց դրանում կը լինի: Փառատօնի գնահատողը հէնց հանդիսատեսն է»,- յուլիսի 14-ի ասուլիսի ժամանակ կարծիք յայտնեց իրանցի կինոռեժիսոր Աբաս Քիառոսթամին:
Յուլիսի 10-ին նրա 2010թ. Կ'աննի մրցանակակիր «Վաւերացուած պատճէն» ֆիլմի ցուցադրութեամբ կայացաւ «Ոսկէ ծիրան» 8-րդ երեւանեան միջազգային կինոփառատօնի բացումը: Ինչպէս նշում է Ա.Քիառոսթամին, իմ ֆիլմի դիտման ժամանակ նկատել է, որ հանդիսատեսը շատ համբերատար է եւ ուշադիր: «Մի մայրաքաղաքում, որն ունի մէկ կինոթատրոն, այսպիսի հանդիսատես ունենալն ուղղակի հրաշք է»,- յաւելեց նա:
Ռեժիսորը նշեց, որ իր բոլոր ֆիլմերում կարմիր թելի պէս ձգւում է թիւրըմբռնման գաղափարը, բայց սա ռեժիսորական հնարք չէ եւ ստացուել է անգիտակցաբար: Ըստ նրա, թիւրըմբռնումը կարել է 2000-ականների ամենամեծ հիւանդութիւն համարել, ինչն էլ վախի պատճառ է դառնում:
Անդրադառնալով «Վաւերացուած պատճէն» ֆիլմին՝ ռեժիսորն ասաց, որ իր համար բնօրինակն ու պատճէնը ուղղակի պատրուակ եւ հիմք են տղամարդ-կին յարաբերութիւնների մասին խօսելու համար: «Իմ երկու հերոսներն էլ թէ օրիգինալ էին, եւ թէ պատճէն: Իրականում բնօրինակ գոյութիւն չի ունենայ, եթէ մարդիկ իրար որպէս բնօրինակի չնայեն»,- յայտարարեց նա:
Իրանական կինոյի վերջին շրջանի յաջողութիւնների պատճառները, ըստ Ա.Քիառոսթամիի, շատ են՝ այժմ լաւ ռեժիսորներ ունեն, ովքեր, չնայած դժուարութիւններին, մշտապէս աշխատում են, բացի այդ Իրանում ամերիկեան ֆիլմեր ցոյց չեն տալիս եւ իրանցի հանդիսատեսը կինոթատրոն է գնում պարսկական ֆիլմ դիտելու համար, նաեւ Իրանի քաղաքական իրավիճակն է աշխարհում համընդանուր հետաքրքրութիւն առաջացրել, եւ մարդիկ ուզում են Իրանի մասին ինչ-որ բան իմանալ պարսկական կինոյից:
«Ոսկէ ծիրանի» ծրագրերի տնօրէն, կինոքննադատ Միքայէլ Ստամբոլցեանը խոստովանեց, որ դեռեւս 1993թ. Թեհրանում, երբ առաջին անգամ դիտել է Ա.Քիառոսթամիի ֆիլմը, սիրահարուել է այդ ռեժիսորին եւ միշտ ցանկացել է նրան տեսնել Հայաստանում: «Այսօր մենք նրան ոչ միայն տեսնելու, այլեւ լսելու հնարաւորութիւն ունենք»,- կարեւորեց Մ.Ստամբոլցեանը:
Նշենք, որ այժմ ռեժիսորը երկու տղամարդու եւ կնոջ միջեւ սիրային եռանկիւնու ֆիլմ է նկարահանում Ճապոնիայում:
Անի Ռափեան