Բելառուսում կայացել է Հայաստանի Հանրապետութեան տոնին<br /> նուիրուած համերգ<br />


Բելառուսում կայացել է Հայաստանի Հանրապետութեան տոնին
նուիրուած համերգ

  • 03-06-2009 20:26:00   |   |  Մշակոյթ
ՄԻՆՍԿ, 3 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 31-ին Բելառուսի երկաթուղայինների մշակոյթի տան դահլիճում կայացել է «Կարոտ-Միասին» խորագրով միջազգային հայկական առաջին փառատոնի եզրափակիչ գալա-համերգը, որը նուիրուած էր Հայաստանի Հանրապետութեան տոնին: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, փառատոնի անցկացմանն աջակցել են Բելառուսի կրօնների եւ ազգութիւնների գործերով լիազորի գրասենեակը, Մշակոյթի նախարարութեան ազգային մշակոյթների հանրապետական կենտրոնը, Բելառուսում Հայաստանի դեսպանութիւնը եւ բելառուսահայ համայնքային կազմակերպութիւնները: Կազմակերպիչների թւում էին հայկական մշակոյթի զարգացման հիմնադրամը (Մոսկուա), Բելառուսի հայ ձեռներեցների ակումբը եւ Բելառուսում լոյս տեսնող «Միասին» լրագիրը: Հայաստանի Հանրապետութեան տոնին նուիրուած ելոյթով հանդէս է եկել եւ համերգի բացումն ազդարարել Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը: Միջոցառմանը հայկական դասական եւ էստրադային երաժշտութեան, պարային համարներով հանդէս են եկել երկրի տարբեր մարզերում անցկացուած փառատոնի նախնական փուլերի յաղթողները` 26 խմբեր եւ անհատ կատարողներ: Բելառուսի եւ Ռուսաստանի մշակոյթի ոլորտի ճանաչուած գործիչներից բաղկացած ժյուրին քուէարկութեան արդիւնքում որոշել է յաղթողներին, որոնցից 7-ին շնորհուել են նաեւ Մոսկուայում անցկացուելիք «Կարոտ» միջազգային փառատոնի եզրափակիչում հանդէս գալու ուղեգրեր: Դրանց թւում էին «Էրեբունի» ճանաչուած պարային համոյթը, երգիչներ Եղիազար Ֆարաշյանը, Սերգեյ Կլոչկովը, Եկատերինա Խուդենեցը: Վերջին երկուսը արժանացան նաեւ Հայաստանի դեսպանութեան սահմանած յատուկ մրցանակներին, որպէս հայ հեղինակների ստեղծագործությունների լաւագոյն բելառուս կատարողներ: Համերգն աւարտուել է Բելառուսի էստրադայի ճանաչուած երգչուհիներ Իսկուհի Աբալյանի, Ստելլայի եւ մոսկովեան երգչուհի Սոնայի ելոյթներով: Փառատոնի կազմակերպիչներին եւ Բելառուսում հայ մշակոյթի տարածման գործում ներդրում ունեցած գործիչներին հայկական մշակոյթի զարգացման հիմնադրամի պարգեւներն է յանձնել հիմնադրամի նախագահ Մեցօ Իգիթեանը Մոսկուայից:
  -   Մշակոյթ