Պատգամաւորները անընդունելի են համարում Հայաստանի<br /> կառավարութեան ներկայացրած հարկային օրէնսդրութեան<br /> փոփոխութիւնների փաթեթը<br />


Պատգամաւորները անընդունելի են համարում Հայաստանի
կառավարութեան ներկայացրած հարկային օրէնսդրութեան
փոփոխութիւնների փաթեթը

  • 22-05-2009 21:04:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային Ժողովի «Ժառանգութիւն» խմբակցութեան ղեկավար Արմէն Մարտիրոսեանի կարծիքով, կառավարութեան ներկայացրած հարկային օրէնսդրութեան փոփոխութիւնների փաթեթով նախատեսւող հարկային մարմնի ներկայացուցչի ինստիտուտի ներդրումն անընդունելի է. այն դառնալու է խոշոր բիզնեսի համար «մահակ»: Ինչպէս նա յայտարարեց մայիսի 22-ի ճեպազրույցում, կառավարութիւնն այսօր էլ ունի հարկային վերահսկողութեան բաւարար գործիքներ, եւ նորերի կարիքը չկայ: Նա նշեց նաեւ, որ քննադատութեան արժանացած փաթեթի ԱԺ-ի կողմից ենթադրելի մերժումը կարող է հանգեցնել կառավարութեան հրաժարականին, յատկապէս հաշուի առնելով նաեւ քաղաքական մեծամասնութեան դժգոհութիւնը վարչապետից: «Օրինաց Երկիր» խմբակցութեան քարտուղար Արծրունի Աղաջանեանի կարծիքով, կառավարութեան ներկայացրած փաթեթի նպատակը ողջունելի է, սակայն առաջարկուող մեխանիզմները` ոչ: Նա նշեց նաեւ, որ մէկ օրէնքի պատճառով կառավարութեան հրաժարականն անհնար է: «ՀՅԴ» խմբակցութեան անդամ Արծուիկ Մինասեանի համոզմամբ, հարկային մարմնի ներկայացուցչի ինստիտուտի ներդրումը հակասում է թէ' կառավարութեան որդեգրած քաղաքանությանը, թէ' Սահմանադրութեանը: Նրա կարծիքով եւս, հարկային վերահսկողութեան նոր գործիքի անհրաժեշտութիւն չկայ, աւելին` անհրաժեշտ է ամբողջութեամբ վերանայել հարկային քաղաքանությունը, իսկ փոքր եւ միջին բիզնեսի մասով էլ կառավարութիւնը պէտք է գոնէ մինչեւ ճգնաժամի աւարտը հնարավորինս ձեռնպահ մնայ իր կողմից գործադրուող հարկահավաք խիստ մեխանիզմներից: Կառավարութեան հնարաւոր հրաժարականի կապակցութեամբ էլ նշուեց, որ կառավարութիւնը պէտք է վերադառնայ յայտարարուած քաղաքականութեանը, 2008թ.-ի ծրագրով ամրագրուած նորմերին: Հակառակ դէպքում չի բացառւում, որ հրաժարականը անխուսափելի լինի: Ըստ «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան անդամ Նաիրա Զոհրաբյանի, հարկային փաթեթի կապակցութեամբ ինքն էլ ունի վերապահումներ, սակայն անհամաձայնութիւնն այս կամ այն օրէնքի հետ կառավարութեան հրաժարական չի ենթադրում: «ՀՀԿ» խմբակցութեան ղեկավար Գալուստ Սահակեանն էլ վստահ է, որ փաթեթը պատգամաւորների առաջարկութիւնների հիման վրայ լրամշակվելու եւ ընդունուելու է: Կառավարութեան հնարաւոր հրաժարականի վերաբերեալ էլ նշուեց, որ նման բան լինել չի կարող: Ըստ պատգամաւորի, կառավարութիւնը ոչ միայն իր առջեւ դրուած ծրագրային խնդիրներ է լուծում, այլեւ կարողանում է կեանքի կոչել հակաճգնաժամային ծրագրեր, ինչի շնորհիւ, նրա խօսքերով, «մեզ համար ճգնաժամը հաղթահարելի է լինելու, եւ աշնանը մենք բաւականին առաջընթաց ենք արձանագրելու»:
  -   Տնտեսութիւն