Երեւանում բացուեց հայազգի 15 լուսանկարիչների ցուցահանդէս եւ<br /> ներկայացուեց Վ.Քոչարի «Հայ լուսանկարիչներ» պատկերագիրքը<br />


Երեւանում բացուեց հայազգի 15 լուսանկարիչների ցուցահանդէս եւ
ներկայացուեց Վ.Քոչարի «Հայ լուսանկարիչներ» պատկերագիրքը

  • 20-04-2009 21:00:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում, Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի պատկերասրահում ՀՀ սփիւռքի նախարարութեան հովանաւորութեամբ ապրիլի 20-ին բացուեց հայազգի 15 ճանաչուած լուսանկարիչների ցուցահանդէս, որի ընթացքում ներկայացուեց նաեւ յայտնի լուսանկարիչ Վահան Քոչարի «Հայ լուսանկարիչներ» պատկերագիրքը: Ինչպէս ցուցահանդէսի բացման խօսքում նշեց ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը, Վահան Քոչարի կազմած պատկերագիրքը հանրագիտարանային եւ տեղեկատուական մեծ նշանակութիւն ունի: Ըստ նախարարի, այդ գրքով Վ.Քոչարը հիմք է դրել նաեւ հայ լուսանկարիչների միջեւ կապի ստեղծմանը: Նախարարը նաեւ շնորհաւորեց արուեստագէտին իր 60-ամեակի կապակցութեամբ: Շնորհակալութիւն յայտնելով նման ցուցահանդէս նախաձեռնելու համար, Վահան Քոչարը նշեց, որ այդպիսով իր հոր` անուանի լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի, երազանքը իրականութիւն դարձաւ: Այսպիսով, Ա.Քոչարն աւարտեց իր հոր սկսած գործը` տպագրելով աշխարհասփիւռ հայ լուսանկարիչներին նուիրուած պատկերագիրքը: Այժմ նախապատրաստւում է գրքի լրացուած անգլերէն երկհատոր տարբերակը: Ինչպէս նշուած է ՀՀ Սփիւռքի նախարարութեան տարածած մամլոյ հաղորդագրութեան մէջ, «Հայ լուսանկարիչներ» բառարանային պատկերագիրքը լոյս է տեսել 2007թ. վերջին 488 էջով եւ 1000 տպաքանակով Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարեանի հովանաւորութեամբ: Գիրքն ամբողջական հանրագիտարան է սփիւռքի եւ հայրենիքի լուսանկարչական ժառանգութեան, որ մինչ օրս յաւուր պատշաճի չի ներկայացուել հայ հանրութեանը: Գրքում նշուած է մօտ 480 հայ լուսանկարչի անուն: Նրանցից 300-ը ներկայացուած են իրենց կենսագրականներով եւ լուսանկարներով, իսկ 180-ի անունները յայտնաբերուել եւ զետեղվել են տարբեր լուսանկարչական կնիքների եւ ծրարների վրայ: Գրքում զետեղուած են համաշխարահային հռչակ ստացած այնպիսի լուսանկարիչների անուններ, ինչպիսիք են կանադահայեր Յուսուֆ Քարշը, Արթո Գավուքը, պոլսահայ Արա Գյուլերը, ամերիկահայ Հարրի Քունդակչյանը եւ շատ ուրիշներ: Այս աշխատանքով Վահան Քոչարը փաստորեն առաջին փորձն է արել ամբողջացնելու հայ լուսանկարչական արուեստի պատմութիւնը: Վահան Քոչարը ծնուել է 1949 յունվարի 25 Երեւանում: Նրա հայրը` յայտնի լուսանկարիչ Անդրանիկ Քոչարը եգիպտահայ է, ով 1947 թուականին հայրենադարձել է Հայաստան: Վահան Քոչարը աւարտել է Կոջոեանի անուան նկարչական դպրոցը եւ Աբովեանի անուան մանկավարժական ինստիտուտը: ԽՍՀՄ ժուռնալիստների միութեան անդամ է: «Թանգարան» գրքի համար 1998 Ֆրանկֆուրտի միջազգային ցուցահանդէսում արժանացել է ԵՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակին: Ռազմիկ Դաւոեանի «Ոգեղէն հաց» գրքի համար 2002 թ. արժանացել է հայ գրահրատարակիչների մրցանակին: Վերջին տասնամեակների ընթացքում Հայաստանում հրատարակուած բազմաթիւ հայ նկարիչների պատկերագրքերի գեղարուեստական խմբագիրն է ու նկարիչը:
  -   Մշակոյթ