2009թ.-ի յունուար-մարտին Հայաստան ներկրւող ապրանքների<br /> ծաւալները մօտ 40-45%-ով նուազել են<br />


2009թ.-ի յունուար-մարտին Հայաստան ներկրւող ապրանքների
ծաւալները մօտ 40-45%-ով նուազել են

  • 10-04-2009 14:56:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Որքան էլ ասենք, որ Հայաստանի շուկան համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ցնցումներից աւելի պաշտպանուած է, աւելի քիչ կորուստներ է ունեցել, այնուամենայնիւ պէտք է ընդունենք, որ մեր տնտեսութիւնում ունենք ճգնաժամի արատաւոր դրսեւորումներ»: Այս մասին ապրիլի 10-ին կազմակերպուած «Գլոբալ տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի ազդեցութիւնը Հայաստանի տնտեսութեան վրայ» թեմայով քննարկմանը յայտարարեց Հայաստանի արդիւնաբերողների եւ գործարարների (գործատուների) միութեան նախագահ Արսէն Ղազարեանը: Նրա խօսքերով, ճգնաժամի պայմաններում նուազել են ինչպէս Հայաստան ներկրւող, այնպէս էլ արտահանուող ապրանքների ծաւալները: Ըստ Ա.Ղազարեանի, դա պայմանաւորուած է այն հանգամանքով, որ ճգնաժամը դեռեւս շարունակւում է, իսկ երկրները կանգնած են գնողունակութեան խնդրի առաջ: Մասնաւորապէս, եթէ վերջին 4-5 տարուայ ընթացքում խոշոր ներկրողները Հայաստան ներկրւող ապրանքների զգալի մասով օգտւում էին երկարաձգված վճարումներից, ապա ներկայումս աշխատում են միայն կանխավճարային համակարգով, ինչը ներկրման տեմպերի վրայ բացասական ազդեցութիւն է թողնում: Նշուեց, որ 2009թ.-ի յունուար-մարտի տուեալներով ներկման ծաւալները մօտ 40-45%-ով նուազել են: Ըստ Ա.Ղազարեանի, արտահման ծաւալները եւս նուազել են, քանի որ արտաքին շուկաներում եւս վճարունակութեան լուրջ պրոբլեմ կայ: «Օրինակ, հայկական կոնեակի պահանջարկը Ռուսաստանում չի նուազել, սակայն առեւտրային ցանցերը չեն կարողանում մեր ձեռնարկութիւններին վճարել, արդիւնքում` արտահանման ծաւալները նուազում են»,- նշեց նա: Ա.Ղազարեանի գնահատմամբ, ճգնաժամն յաղթահարելու առաջին պայմանը ազատական սկզբունքների պահպանումն է, տնտեսութիւնում առողջ մրցակցային դաշտի ապահովումը: Բացի դրանից, Հայաստանում պէտք է մշակել եւ հիմնել աւելի բարենպաստ պայմաններ ներդրումների համար: «Հայաստանը մօտ 35 կէտով իր ներդրումայնության էֆեկտիվությունը կորցրել է, եւ մենք պէտք է ձգտենք 35 կէտով աւելին լինել, բարենպաստ պայմաններ ստեղծենք, որպէսզի ներդրողները չխուսափեն եւ ներդրումներ իրականացնեն Հայաստանում»,- ընդգծեց Ա.Ղազարեանը` յաւելելով, որ անհրաժեշտութիւն կայ արմատապէս վերափոխել ներդրումների մասին օրէնքը:
  -   Տնտեսութիւն