ԵԱՀԿ Երեւանեան գրասենեակի աջակցութեամբ Հայաստանում<br /> կիրականացուի «Հակամրցակցային համաձայնութիւններ. դիտանցման<br /> կանոնների եւ առկայ մեթոդների գնահատում» ծրագիրը<br />


ԵԱՀԿ Երեւանեան գրասենեակի աջակցութեամբ Հայաստանում
կիրականացուի «Հակամրցակցային համաձայնութիւններ. դիտանցման
կանոնների եւ առկայ մեթոդների գնահատում» ծրագիրը

  • 09-04-2009 19:14:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԵԱՀԿ-ի երեւանեան գրասենեակի աջակցութեամբ ՀՀ Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովը կիրականացնի «Հակամրցակցային համաձայնութիւններ. դիտանցման կանոնների եւ առկայ մեթոդների գնահատում» ծրագիրը` ուղղուած հանձանժողովի մոնիտորինգի եւ գնահատման մեխանիզմների բարելաւմանը, մրցակցային օրէնսդրութեան կիրառման արդիւնաւէտութեան բարձրացմանը: Ինչպէս ապրիլի 9-ի ասուլիսում յայտնեց յանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարեանը, ծրագրի շրջանակներում ակնկալւում է նաեւ բարձրացնել գործարար հանրութեան իրազեկուածութեան մակարդակը: ԵԱՀԿ-ի երեւանեան գրասենեակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը կարեւորելով ծրագրի մեկնարկը` նշեց, որ տնտեսութեան զարգացման «բանալին» հաւասար մրցակցային պայմաններ ստեղծելն է: «Առանց հաւասար մրցակցութեան` ժողովրդավարութիւն հնարաւոր չէ հաստատել: Մենք Հայաստանի իշխանութիւնների հետ ակտիւ եւ արդիւնաւէտ համագործակցում ենք այս ոլորտում: Այդ ժամանակաշրջանում յանձնաժողովն առաջընթաց, անշուշտ գրանցել է, սակայն անելիքներ դեռեւս շատ կան»,- նշեց նա: Մէկ շաբաթ առաջ Հայաստան ժամանած ԵԱՀԿ փորձագէտ դոկտոր Յանիս Կոկորիսը դիտարկումների արդիւնքում պարզել է, որ հայաստանեան օրէնքները նման են եվրոպականին, պարզապէս այստեղ ժողովուրդը չի գիտակցում մրցակցային շուկաների կարեւորութիւնը եւ տնտեսական մրցակցութիւնը բարելաւելու համար պետութեանը չի օգնում: Ըստ նրա, ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում գների շարունակական մոնիտորինգ իրականացնելն անհրաժեշտութիւն է, քանի որ դա թոյլ կտայ կայուն մրցակցային դաշտ ապահովել: Նրա խօսքերով, Հայաստանում պէտք է իրականացնել կարճաժամկէտ եւ երկարաժամկէտ միջոցառումներ, որոնք հնարաւորութիւն կտան տուգանքներ կիրառել յանձնաժողովին սխալ տեղեկատուութիւն տրամադրող տնտեսվարողների նկատմամբ: Փորձագետը նաեւ առաջարկում է Հայաստանում մրցակցային գաղափարի քարօզչութիւն իրականացնել: «Հայաստանում տնտեսական աճի տեմպը կախուած է մրցակցային պայմաններից»,- ասաց Յ.Կոկորիսը` յաւելելով, որ պատրաստում է փորձագիտական եզրակացութեան ամբողջկան զեկոյց, որն առաջիկայում կներկայացուի յանձնաժողովին:
  -   Տնտեսութիւն