Կառավարութիւնը հաստատեց Գիւմրու տեխնոպարկի գործունէութեան
իրականացման պետական աջակցութեան 2009թ.-ի ծրագիրը
09-04-2009 19:04:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարութեան
ապրիլի 9-ի նիստում հաստատուեց Գիւմրու տեխնոպարկի գործունէութեան
իրականացման պետական աջակցութեան 2009թ.-ի ծրագիրը: Ինչպէս նշեց ՀՀ
էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանը, այս տարի տեխնոպարկի
գործունէութեան համար պետբիւջէից նախատեսւում է տրամադրել 80 մլն
դրամ:
Նախարարի խօսքերով, ծրագրի իրականացումը կաւելացնի ինչպէս
կառավարութեան, այնպէս էլ մասնաւոր ներդրողների վստահութիւնը: Ըստ
Ն.Երիցյանի, ծրագրի շրջանակներում նախատեսւում է ձեւաւորել
կառավարման թիմ, որը կաշխատի եւ' կառավարութեան, եւ' ներդրողների
հետ; Բացի դրանից, նախատեսւում է ուսումնական եւ գիտահետազօտական
լաբորատորիաների հիմնում: Ի դէեպ, 2008թ.-ին երկու լաբորատորիա
արդէն հիմնուել են Գիւմրիի Հայաստանի ճարտարագիտական պետական
համալսարանում:
Յաջորդ խումբ միջոցառումները վերաբերում են գիտահետազօտական
ծրագրերին, որոնք նախատեսում են դրամաշնորհներ` պետութեան եւ
մասնաւոր հատուածի համաֆինանսաւորմամբ: Ն.Երիցյանի խօսքերով,
2008թ.-ին 3 նման ծրագրեր արդէն համաֆինանսավորվել են:
Նախարարը յայտնեց նաեւ, որ ծրագրով նախատեսւում է հիմնել
հիմնադրամ, որը հնարաւորութիւն կտայ իրականութիւն դարձնել նոր
գաղափարներն ու բիզնես ծրագրերը: Ն.Երիցյանը միաժամանակ նշեց, որ
հիմնադրամի միջոցներով ֆինանսական աջակցութիւն կցուցաբերուի
ուսանողներին, որպէսզի նրանք կարողանան իրենց կրթութիւնը
շարունակել, կամ պրակտիկան անցկացնել արտերկրում: Ըստ նախարարի, դա
կիրականացուի, մասնաւորապէս, եւրոպական կամ ամերիկեան որեւէ
համալսարանի հետ:
Ն.Երիցյանը նշեց, որ Գիւմրու տեխնոպարկով հետաքրքրուած են
Համաշխարհային եւ Ասիական բանկերը, ինչպէս նաեւ մասնաւոր որոշ
ներդրողներ:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը նշեց, որ ծրագրերի իրականացման
ընթացքում մասնաւոր հատուածի հետ պէտք է աւելի սերտ համագործակցել:
«Մեր նպատակն է տեխնոպարկում հնարաւորին չափ ներդրումներ ունենալ
նաեւ մասնաւոր հատուածից»,- նշեց վարչապետը: