Երեւանում կայացաւ հանրայայտ կանադացի երգիչ Գարուի համերգը<br />


Երեւանում կայացաւ հանրայայտ կանադացի երգիչ Գարուի համերգը

  • 23-03-2009 16:40:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում մարտի 22-ին Երեւանի Կ.Դեմիրճեանի անուան մարզամշակութային համալիրում կայացաւ կանադացի հանրայայտ երգիչ Գարուի մենահամերգը: Ինչպէս համերգից առաջ կազմակերպուած ասուլիսում յայտնեց երգիչը, իր համար մեծ պատիւ է ֆրանսիական երգը ներկայացնել ոչ ֆրանկոֆոն երկրում: Գարուի խօսքերով, Հայաստանում անցկացրած երկու օրերի ընթացքում երգիչն այցելել է Հայաստանի Պատմութեան թանգարան, Խոր վիրապ: Ըստ նրա, այսուհետ իր կեանքի անմոռանալի յուշերից մէկը կլինի այցը Արարատի փեշին գտնուող այդ վանական համալիրը: Գարուն երգի խոսքերից առաւել կարեւորում է երաժշտութիւնը, որը ազգային պատկանելութիւն չունի եւ հասկանալի է բոլորին: Իսկ ինչ վերաբերում է «Belle» երգին, որ ժամանակին մեծ ճանաչում բերեց Գարուին, ապա երգիչը խոստովանեց, որ այդ երգը տակնուվրայ է արել իր կեանքը, ներաշխարհը, թէեւ այդ երգից հիմա մի քիչ յոգնել է: Պատասխանելով այն հարցին, թէ ո՞րն է իր կեանքի կարեւոր ձեռքբերումը, Գարուն նշեց, որ դա իր 7-ամեայ դուստր Էմիլին է: Իսկ ինչ վերաբերում է երգչի արմատներով հայ լինելուն, ապա Գարուն հերքեց այդ լուրերը` յաւելելով, որ «այս երկու օրերի ընթացքում դեռ չեմ յայտնաբերել, որ արմատներս հայկական են»: Նշենք, որ համերգը կազմակերպել էր BlackBan ընկերութիւնը: Կազմակերպիչները համերգը լուսաբանող եւ ասուլիսին ներկայ գտնուող լրագրողներին պարտադրել էին նախապէս ուղարկել հարցերը, որոնցից ընտրություն պիտի կատարեր ընկերութեան մամուլի խօսնակը: Արդիւնքում, ասուլիսում նոյնիսկ այդպիսի գրաքննութիւն անցած ոչ բոլոր հարցերը լրագրողները կարողացան հնչեցնել: Երգչին ուղղուեց ընդամէնը մօտ 10 հարց: Լրագրողներին այնուամենայնիւ յաջողուեց պարզել` արդեօ՞ք այդ պայմանները թելադրված էին երգչի կողմից: «Ոչ, ես կողմ եմ, որ հարցերը պլանաւորուած չլինեն, այլ լինեն ինքնաբուխ եւ անկեղծ: Այդ դէպքում զրույցն աւելի հետաքրքիր է դառնում»,- ասաց Գարուն:
  -   Մշակոյթ