Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանն այցելեց «Լիկվոր»<br /> դեղագործական ընկերութիւն<br />


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանն այցելեց «Լիկվոր»
դեղագործական ընկերութիւն

  • 07-03-2009 21:15:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը մարտի 7-ին այցելեց «Լիկվոր» ՓԲ ընկերութիւն: Ինչպէս նշեց ձեռնարկութեան գլխաւոր տնօրէն Սերգեյ Մաթեւոսեանը, ՀՀ նախագահի այցը կապուած է մարտի 8-ի հետ, քանի որ «Լիկվոր»-ի աշխատողների մեծ մասը կանայք են: Այցի միւս նպատակն ընկերութեան գործունէութեանը ծանօթանալն է: Ս.Մաթեւոսեանի խօսքերով, «Լիկվոր»-ն աշխատում է 1991թ.-ից, հիմնական արտադրանքը ներերակային կաթիլային եւ ներարկման լուծույթներն են, ակնաբուժական դեղամիջոցները (26 դեղագործական խմբերի 60 անուանում դեղամիջոցներ), որոնք, Հայաստանում իրացուելուց զատ, արտահանւում են ԱՊՀ-ի գրեթէ բոլոր երկրներ: Արտահանւում է արտադրանքի մօտ 40%-ը: Ընկերութիւնը ներկայումս ունի 83 հիմնական աշխատողներ, իսկ նրանց ընդհաբուր թիւը 107 է: Նշուեց, որ «Լիկվոր»-ն զգում է միջազգային տնտեսական ճգնաժամի ազդեցութիւնը, ինչը կապուած է արտաքին շուկաների հետ, սակայն ներքին շուկայում իրացման ծաւալները չեն նուազել: Ըստ Ս.Մաթեւոսեանի, ընկերութիւնը ՀՀ կառավարութեան հակաճգնաժամային օպերատիւ շտաբին է ներկայացրել է բիզնես-ծրագիր` աջակցութիւն ստանալու ակնկալիքով, եւ բիզնես-ծրագիրը քննարկման փուլում է: ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանի խօսքերով, «Լիկվոր»-ը տարեկան արտահանում է 1 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք, ինչը դեղագործութեան ոլորտի ընկերութիւնների համար բաւականին մեծ ցուցանիշ է: Ընկերութեան ներկայացրած բիզնես-ծրագիրը վերաբերում է նոր գործարանի կառուցմանը, ինչի շնորհիւ, նախ, կստեղծուեն շինարարութեան ոլորտի նոր աշխատետեղեր, յետոյ` կհիմնվի բարձրտեխնոլոգիական գիտատար արտադրութիւն: Դա կընձեռի «Լիկվոր»-ի արտահանման ծավալներներն էապէս ընդլայնելու հնարաւորութիւն: Նշուեց, որ «Լիկվոր»-ի բիզնես-ծրագիրը ներառում է 10 տարուայ ժամանակահատված եւ ծրագրի իրականացումով ընկերութեան արժէքը կմեծանա մի քանի անգամ: Բացի այդ, նախատեսւում է «Լիկվոր»-ում ներդնել GMP ստանդարտներ եւ ընդլայնել արտադրանքի տեսականին` սեփական գիտական մշակումների հիման վրայ: Նախարարի տուեալներով, վերջին տարիներին ընկերութեան եկամուտները տարեկան աճում են 30-50%-ով, եւ «Լիկվոր»-ն ի վիճակի է սեփական միջոցներով նոր գործարան կառուցել, բայց պետութեան աջակցութիւնը թոյլ կտայ կրճատել շինարարութեան ժամկէտները: Ըստ նրա, «Լիկվոր»-ի ծրագրերի յաջողութեան երաշխիքներից է Վերակառուցման եւ զարգացման բանկի 40% մասնակցութիւնը ընկերութեան կապիտալում (2005թ.-ի օգոստոսից): «Լիկվոր»-ը կառավարութեանը ներկայացրել է 2,4 մլն ԱՄՆ դոլարի վարկային աջակցութեան ստանալու բիզնես-ծրագիր: Այդ գումարից 1,8 մլն դոլարը նախատեսւում է ծախսել նոր գործարանի կառուցման համար, որի շինարարութիւնն սկսուել է Երեւանի Նոր Նորքի համայնքի Ջրվէժ թաղամասում: Նախատեսւող ներդրումների ծաւալը կազմում է 3 մլն 480 հազար դոլար:
  -   Տնտեսութիւն