Հայաստանի ԿԲ-ն գնաճային ճնշումների դէմ պայքարի գործիքակազմը<br /> չի փոփոխի,-պնդում է ՀՀ ԿԲ նախագահի տեղակալը<br />


Հայաստանի ԿԲ-ն գնաճային ճնշումների դէմ պայքարի գործիքակազմը
չի փոփոխի,-պնդում է ՀՀ ԿԲ նախագահի տեղակալը

  • 04-03-2009 22:59:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Լողացող փոխարժէքի» պայմաններում Հայաստանում 8% գնաճի կանխատեսումը ներառում է ինչպէս ԱՄՆ դոլարի փոխարժէքի 305-ից մինչեւ 360-380 դրամ աճը, այնպէս էլ էներգակիրների գների ապրիլի 1-ից ուժի մէջ մտնող թանկացումը, նաեւ` համաշխարկահին տնտեսութեան գնանկումային շարունակւող ազդեցութիւնները: «Գնաճային ճնշումների դէմ պայքարելու ենք հետեւողաբար` մեր սովորական դրամավարկային գործիքներով, որոնք են տոկոսադրույքները, փողի քանակի կարգաւորումը»: Այս մասին մարտի 4-ի ասուլիսում յայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչէ Գաբրիէլեանը: Նրա խօսքերով, սպասւում է նաեւ աւանդների եւ վարկաւորման տոկոսադրույքների աճ, քանի որ «գնաճային միջավայրը բերելու է ընդհանուր տոկոսադրույքների բարձրացմանը»: Նշենք, որ ՀՀ ԿԲ-ն վերաֆիանսնավորման տոկոսադրույքը մարտի 3-ին բարձրացրել է միանգամից 1%-ով (սահմավել է 7,75%), այն դէպքում, երբ վերջին շրջանում այն, սովորաբար, փոփոխվում էր 0,25% «քայլով»: Անդրադառնալով այն հարցին, թէ ինչո՞ւ ԿԲ-ն աւելի շուտ ու սահուն չէր անցնում «լողացող փոխարժէքի» քաղաքականութեանը, Վ.Գաբրիէլեանը նշեց, որ անցումը ժամանակաւոր է, եւ կատարուել է այն ժամանակ, երբ ծագել են ֆինանսական կայունութեան հետ կապուած խնդիրներ: Նա յաւելեց, որ աստիճանական անցում իրականացրած երկրներում այն եղել է քիչ արդիւնաւէտ եւ ծախսատար: Նշուեց, որ «փոխարժէքի աստիճանական թուլացման քաղաքականութիւնը կիրառւում է Ռուսաստանում, եւ դրա ամենակարեւոր թերություններից մէկն այն է, որ, թէեւ ծախսւում են մեծածաւալ ռեսուրսներ, ինչը կարող է թոյլ տալ Ռուսաստանի նման հարուստ, արտաքին պահուստների մեծ ծավալ ունեցող երկիրը, այդտեղ չի կատարւում գնաճի եւ փոխարժէքի արժեզրկման սպասումների փոփոխութիւն»: Նոյնը վերաբերում է Ղազախստանին, Վրաստանին, Բելառուսին, Ադրբեջանին, Ուզբեկստանին: Իսկ այն երկրներում, որտեղ անցումը «լողացող փոխարժէքի» քաղաքականութեան տեղի է ունենում քիչ թէ շատ կտրուկ, «փոխարժէքի արժեզրկման սպասումները շատ արագ են վերանում»: Ըստ ՀՀ ԿԲ նախագահի, Հայաստանում փոխարժէքի վրայ ճնշումներն սկսուել են 2008թ.-ի աշնանից: Սեպտեմբերին, վրաց-ռուսական «օգոգստոսյան պատերազմի» հետեւանքով Հայաստան բեռներ չէին մտնում (Վրաստանով Հայաստան է մտնում ներմուծվող բեռների 70%-ը): Նա նշեց, որ դրանից յետոյ Հայաստանում փոխարժէքի արժեզրկումը չզսպելը կարող էր հանգեցնել ֆինանսական կայունութեան էական խնդիրների` յաւելելով, թէ ՀՀ բանկային համակարգի 2009թ.-ի փետրուարի զարգացումների մոնիտորինգը ցոյց է տուել, որ երկրի ֆինանսական համակարգը կայուն է, եւ ֆինանսական համակարգի վրայ «արդէն եղած տատանումների մեծ մասի հնարաւոր ազդեցութեան ներուժը մեղմուել է»: Նրա գնահատմամբ, նոր պայմաններում բանկային համակարգի ռիսկերն արտայայտւում են այն հանգամանքով, որ «բանկերի պարտաւորութիւնների փոփոխման (եթէ պարտավորւթյուններն աւելի շատ արտայայտուած են արտարժոյթով) պայմաններում ակտիւները նոյն արագութեամբ չեն փոփոխվում, եւ բանկերը կրում են եւ կշարունակեն կրել փոխարժէքի փոփոխութեան հետ կապուած վնասներ»: Այնուամենայնիւ, ՀՀ ԿԲ-ի հաշուարկները ցոյց են տալիս, որ «բանկային համակարգին որեւէ վտանգ չի սպառնում, եւ որեւէ բանկում անվճարունակութեան, միջոցների պակասի, կապիտալի էական վատնման խնդիր չենք ունենայ»: Վ.Գաբրիէլեանի կարծիքով, դրամի յետագայ արժեզրկման սպասումները էականօրէն նուազել են, ինչի մասին վկայում են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱ» բորսայում սակարկութիւնների արդիւնքները. մարտի 4-ին այնտեղ իրականացուել է 7 մլն 390 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 372,98 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռուած փոխարժեքով: Փակման գինը կազմել է 372 դրամ, իսկ մարտի 3-ին` 3 մլն 420 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 372,11 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռուած փոխարժեքով: Փակման գինը կազմել է 372,49 դրամ: Միաժամանակ, նրա խօսքերով, «բնակչութեան մօտ էականօրէն նուազել է դրամն արտարժոյթի փոխարկելու միտումը: Մեր համոզմունքն է` քանի որ փոխարժէքի ճշգրտումը բաւականաչափ զգալի էր, ապա այդ միտումները պէտք է որ շատ շուտով դադարեն արտայայտուել»: ՀՀ ԿԲ նախագահի տեղակալը նաեւ հոյս յայտնեց, որ շուտով, առանց ԿԲ-ի միջամտութիւնների, արտարժոյթի շուկայում կձեւաւորուի նոր հաւասարակշիռ մակարդակ, ինչը կվերացնի տնտեսվարողների մօտ առկայ փոխարժէքի հետ կապուած անորոշութիւնները` նպաստելով ապրանքային շուկաներում, այն է` առեւտրի ոլորտում, իրավիճակի հանդարտեցմանը:
  -   Տնտեսութիւն