ԱՄՀ-ը լիովին սատարում է փոխարժէքի լողացող ռեժիմին<br /> վերադառնալու ՀՀ Կենտրոնական բանկի որոշումը<br />


ԱՄՀ-ը լիովին սատարում է փոխարժէքի լողացող ռեժիմին
վերադառնալու ՀՀ Կենտրոնական բանկի որոշումը

  • 03-03-2009 18:48:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ինչպէս արդէն հաղորդուել է, Հայաստանի Կենտրոնական բանկը մարտի 3-ից դադարեցրել է ինտերվենցիաները արտարժոյթի շուկայում եւ վերադարձել ազատ լողացող փոխարժէքի քաղաքականութեան: Արժոյթի միջազգային հիմնադրամի հայաստանեան գրասենեակը իր մօտեցումներն է ներկայացրել տուեալ փաստի կապակցութեամբ` պատասխանելով մի շարք հարցերի: Հարց. - Ի՞նչ կարծիքի է ԱՄՀ-ը ՀՀ ԿԲ-ի կողմից յայտարարուած փոխարժէքի ճշգրտման վերաբերեալ: Պատասխան. - ԱՄՀ-ը լիովին սատարում է փոխարժէքի լողացող ռեժիմին վերադառնալու ՀՀ Կենտրոնական բանկի որոշումը: Վերջին օրերի եւ շաբաթների ընթացքում ՀՀ ԿԲ-ն ստիպուած է եղել համարեայ ամէն օր մեծ քանակի դոլար վաճառել` փորձելով մէկ դոլարի դիմաց դրամի փոխարժեքը պահել կայուն` շուրջ 305 դրամ: Այսպիսի քաղաքականութեան անկայունութիւնն ապացուցուել է: Աւելին, չափազանց ուժեղ դրամի պահպանումը վատ է Հայաստանի տնտեսութեան համար: Աւելի թոյլ, աւելի էժան դրամը կօգնի Հայաստանի արտահանումն աւելի գրաւիչ դարձնել: Հարց. - Ինչու՞ է լողացող փոխարժեքն անհրաժեշտ: Ինչու՞ պարզապէս անցում չկատարել նոր, արժեզրկուած, ֆիքսուած փոխարժէքի: Պատասխան. - Տարիներ շարունակ ԱՄՀ-ը այն կարծիքին է եղել, որ լողացող փոխարժէքի ռեժիմը Հայաստանի տնտեսութեան համար լաւագոյն ընտրութիւնն է, քանի որ Հայաստանը փոքր, բաց տնտեսութիւն է` կախուած աշխարհի մնացած մասերում կատարւող իրադարձութիւններից: Ֆիքսուած փոխարժէքի հետ կապուած խնդիրն այն է, որ ցանկացած կենտրոնական բանկի համար շատ դժուվար խնդիր է փոխարժէքի օպտիմալ մակարդակն ընրտել, եւ իրականում օպտիմալ մակարդակը մշտապէս փոփոխվում է` պայմանաւորուած միջազգային գներով, առեւտրի գծով գործընկեր պետութիւնների տնտեսություններում կատարւող իրադարձություններով եւ այլն: Եթէ փոխարժեքը ֆիքսվում է այնպիսի մակարդում, որը չափազանց ուժեղ է, ինչպէս մեր կարծիքով վերջերս տեղի էր ունենում Հայաստանում, դա նշանակում է, որ Հայաստանի արտահանումը դառնում է չափազանց թանկ, ինչը բացասաբար է անդրադառնում տնտեսական աճի վրայ եւ կարող է հանգեցնել աշխատատեղերի կորստի եւ աղքատութեան աճի: Միւս կողմից, եթէ փոխարժեքը ֆիքսվի չափազանց թոյլ մակարդակում, դա կնշանակի, որ տնտեսութեան «գերտաքացում» կարող է լինել, ինչը կարող է հանգեցնել բարձր գնաճի: Հետեւաբար, լաւագոյն տարբերակը թոյլ տալն է, որ փոխարժեքը լողա, եւ ցանկացած պահի շուկան որոշի օպտիմալ մակարդակը: Հարց. - Ինչու՞ էր փոխարժեքը նախկինում արժեւորւում: Պատասխան. - Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստան արտարժոյթի մեծ ներհոսք կար, հիմնականում դոլարային (դրամական փոխանցումների, օտարերկրեայ ուղղակի ներդրումների, արտահանման եւ օտարերկրեայ աջակցութիւն): Ակնկալուող արժեւորումը նաեւ հանգեցրել է ապադոլլարացման` է'լ աւելի աւելացնելով դոլարի առաջարկը: Դոլարի առաջարկի աւելացումը նշանակում էր, որ դոլարի գինը նուազում էր, ինչի հետեւանքով էլ դրամը դոլարի նկատմամբ նախկինում արժեւորւում էր: Հարց. - Ինչու՞ է անհրաժեշտ, որ փոխարժեքն այժմ արժեզրկուի: Պատասխան. - Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքով զգալիօրէն նուազել է արտարժոյթի ներհոսքը Հայաստան: Մասնաւորապէս. Արտահանման գները էապէս նուազել են (պղնձի եւ մոլիբդենի գները կորցրել են իրենց արժէքի շուրջ 2/3-ը)` հանգեցնելով արտահանողների համար արտահանման եկամուտների նուազման: Հայաստանի արտահանման նկատմամբ համաշխարհային պահանջարկը նուազել է, ինչը արտահանման եկամուտների յետագայ նուազում է նշականում: Ռուսաստանի տնտեսութեան առջեւ լուրջ խնդիրներ են ծառացել, ինչը Ռուսաստանից Հայաստան կատարւող մասնաւոր տրանսֆերտների (դրամական փոխանցումներ), ինչպէս նաեւ Ռուսաստանից օտարերկեայ ուղղակի ներդրումների նուազում է ենթադրում: Աւելի հակիրճ` ներկայումս շատ աւելի քիչ դոլար է Հայաստան գալիս, քան նախկինում: Այժմ, երբ ՀՀ ԿԲ-ը որոշել է թոյլ տալ, որ փոխարժեքը լողա եւ շուկան որոշի դրամի հաւասարակշիռ մակարդակը, աւելի քիչ դոլարը նշանակում է, որ դոլարի գինը պէտք է բարձրանայ, իսկ դրամը` արժեզրկուի: Հարց. - Որքա՞ն կարժեզրկուի դրամը: Պատասխան. - Ո'չ ՀՀ ԿԲ-ը, ո'չ էլ ԱՄՀ-ը չեն կարող ճշգրիտ ասել, թէ որքան կարժեզրկուի դրամը, քանի որ լողացող փոխարժէքի ռեժիմի ներքոյ շուկան կորոշի դրամի օպտիմալ մակարդակը, եւ այն պայմանաւորուած է տնտեսութիւնում դրամի եւ դոլարի նկատմամբ ընդհանուր պահանջարկով: Սակայն մենք փորձել ենք գնահատել դրամի փոխարժէքի, այսպէս կոչուած, հաւասարակշիռ մակարդակը եւ այդ գնահատականների հիման վրայ մենք ակնկալում ենք, որ դրամը կարժեզրկուի մօտաւորապէես 20-ից 30 տոկոսով: Մենք փաստորեն հաւասարակշիռ փոխարժեքը գնահատելու համար երեք տարբեր մոդել ենք կիրառել, եւ իւրաքանչիւր մոդել նոյն արդիւնքն է տուել, այն է` որ դրամը ներկայում գերագնահատուած է 20-ից 30 տոկոսով (տեժս գծապատկերը): Մենք շուտով մեր կայքէջում կհրապարակենք մի փաստաթուղթ, որտեղ կըբացատրենք այս հաշուարկների հիմքում ընկած հանգամանքները: ՀՀ ԿԲ-ն նույնպես իրականացրել է նմանատիպ գնահատականներ, որոնք գտնւում են միեւնոյն միջակայքում (գնահատականները տեղադրուած են ՀՀ ԿԲ-ի կայքէջում): Նկատենք, որ Հայաստանը միայն հասնում է տարածաշրջանի միւս երկրներին. Բելառուսը եւ Ղազախստանը երկուսն էլ վերջերս իրենց արժոյթները արժեզրկել են 20 տոկոսով, իսկ Վրաստանը` 11 տոկոսով: Ամենալուրջ ազդեցութիւնը կրել է Ռուսաստանի տնտեսութիւնը` պայմանաւորուած նաւթի գների զգալի նուազմամբ, ինչի հետեւանքով ռուբլին աստիճանաբար կորցրել է իր արժէքի 35 տոկոսը: Հայաստանի պարագայում ակնկալում ենք, որ արժեզրկումը կլինի աւելի ցածր, քան Ռուսաստանում, սակայն աւելի բարձր, քան Վրաստանում: Հաւանաբար, այն նման կլինի Բելառուսին եւ Ղազախստանին: Սակայն, այս պահից սկսած` ցանկացած օրուայ համար դրամի նոր փոխարժեքը կորոշուի արտարժոյթի շուկայի միջոցով: Հարց. - Արդեօ՞ք Կենտրոնական բանկը շարունակելու է միջամտել, եթէ այո` ե՞րբ: Պատասխան. - Իշխանութիւնների ծրագիրը թոյլ կտայ որոշ, սակայն շատ սահմանափակ միջամտութիւններ Կենտրոնական բանկի կողմից: Փաստը, որ Կենտրոնական բանկը որոշել է վերադառնալ լողացող փոխարժեքին, չի նշանակում, որ ԿԲ-ն ընդհանրապես չի միջամտի: Մեր առաջարկութիւնը Հայաստանին այն է, որ Կենտրոնական բանկի միջամտութիւնները կիրառուեն միայն փոխարժէքի չափազանց տատանողականությունը մեղմելու նպատակով (այսինքն, օրական կտրուածքով մեծ փոփոխություններից խուսափելու համար) եւ չնպատակադրի փոխարժէքի կոնկրետ մակարդակ կամ կոնկրետ հետագիծ: Իմիջիայլոց, ԿԲ-ն կարող է այս սահմանափակ միջամտություններն օգտագործել նաեւ արտարժոյթ գնելու եւ ոչ միայն վաճառելու համար: Հարց. - Ի՞նչ կանեք Դուք (կամ ԿԲ-ն), եթէ փոխարժեքը գերարժեզրկվի: Պատասխան. - Մեզ չի մտահոգում ժամանակաւոր «գերարժեզրկումը»: Ըստ էութեան, փոխարժեքների գերարժեզրկումը, այսինքն` սպասւող հաւասարակշռութեան մակարդակից ժամանակաւորապէս աւելի բարձր մակարդակի հասնելը, բաւականին նորմալ երեւոյթ է: Ուստի հնարաւոր է, որ սկզբում բաւականին մեծ արժեզրկում արձանագրուի, որին կյաջորդի որոշ արժեւորում: Այդ դէպքում հնարաւոր է, որ ԿԲ-ի միջամտութեան կարիքը չլինի, քանի որ փոխարժէքի բաւարար գերարժէզրկման դէպքում մարդիկ կսկսեն այս հնարաւորութիւնն օգտագործել իրենց դոլարներն առաւել լաւ փոխարժեքով վաճառելու նպատակով, իսկ դրա արդիւնքում փոխարժեքը կիջնի` վերադառնալով իր հաւասարակշռութեան մակարդակին: Հարց. - Կայ՞ արդեօք բանկերի ձախողման վտանգ: Բանկերից մեր փողը հանե՞նք: Պատասխան. - Պատճառ չկայ, որի համար հայաստանցիները պէտք է իրենց փողը բանկերից հանեն: Ըստ էութեան բանկային համակարգը շատ իրացվելի է, շատ լաւ կապիտալացված եւ այս արժեզրկմանը լաւ պատրաստուած: Մասնաւորապէս, բանկերի իրացվելի ակտիւների յարաբերակցութիւնն ընդհանուր կարճաժամկէտ պարտաւորութիւններին 100 տոկոսից բարձր է, իսկ բանկերի կապիտալի համարժեքության միջին ցուցանիշը` զգալիօրէն բարձր է ՀՀ ԿԲ-ի սահմանած 12 տոկոսի պահանջից (2008թ. վերջի դրութեամբ այն կազմել է 27,5 տոկոս): Բացի այդ, Հայաստանում առկայ է աւանդների պաշտպանութեան լաւ համակարգ: Եվ ի վերջոյ, ԿԲ-ն պատրաստ է, անհրաժեշտութեան դէպքում, աւելի շատ գումար ներարկել բանկային համակարգ: Հարց. - Ինչու՞ է անհրաժեշտ վերաֆինանսաւորման տոկոսադրույքը բարձրացնել: Պատասխան. - Տոկոսադրույքների ժամանակաւոր բարձրացումը մի քանի պատճառով է անհրաժեշտ: Նախ` այն կօգնի բանկային համակարգի նկատմամբ վստահութիւնը բարձրացնել` բանկերում իրենց փողը պահելու համար հայաստանցիներին արժանին հատուցելով: Երկրորդ, այն կարող է օգնել գնաճային ճնշումների զսպմանը, որոնք հնարաւոր է առաջանան արժեզրկման արդիւնքում, եւ այն ազդանշան է հաղորդում, որ Կենտրոնական բանկը շարունակում է լրջօրէն վերաբերել գնաճին: Ի վերջոյ, այն կօգնի սպեկուլեատիւ վարքագիծ որդեգրելու համար բանկերի խթանների նուազեցմանը, քանի որ Կենտրոնական բանկից դրամ փոխառելն աւելի կթանկանա:
  -   Տնտեսութիւն