Հայաստանում արդէն գործում են հայկական «Բարվա» ընկերութեան<br /> արտադրութեան 12 հակակարկտային կայանքներ<br />


Հայաստանում արդէն գործում են հայկական «Բարվա» ընկերութեան
արտադրութեան 12 հակակարկտային կայանքներ

  • 27-02-2009 22:50:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում արդէն գործում են «Բարվա» ընկերութեան արտադրութեան «Զենիթ» կոչւող 12 հակակարկտային կայաններ: Պետական ծրագրով նախատեսւում է երկրում տեղակայել մինչեւ 1 000 հակակարկտային կայաններ: Այս մասին փետրուարի 27-ին, կլիմայի փոփոխությանը եւ ածխածնային արտանետումների ցածր մակարդակ ապահովող տեխնոլոգիաներին նուիրուած սեմինարի ժամանակ յայտնեց «Վիասֆեր Տեխնոպարկ»-ի գլխաւոր տնօրէն, «Բարվա» ընկերութեան նախագահ Արամ Վարդանեանը: Նրա խօսքերով, Հայաստանում կան տարեկան մինչեւ 200 հակակարկտային կայաններ արտադրելու եւ տեղակայելու հնարաւորութիւններ: Մասնաւորապէս, «խոշոր հողատերերն այս տարի պատուիրելու են 7-8 կայաններ»: Նշուեց, որ «Զենիթ»-ը նախկինում կիրառուող եւ հրետանային բնոյթ ունեցող հակակարկտային համակարգերի համեմատ էկոլոգիապէս անվտանգ է, որովհետեւ նախկին համակարգերի արկերում կիրառւում էր արծաթի յոդիդ. արծաթը եւ յոդը ծանր մետաղներ են: Ա.Վարդանեանը պարզաբանեց, որ «Զենիթ»-ի հիմքում դրուած է հեղուկ ացետիլենի պայթիւնից առաջացած մօտ 5 տոննա ուժգնութեամբ ակուստիկ հարուածային ալիքի գեներացումը: Ալիքը կարող է հասնել մթնոլորտի 10-11 կմ բարձրութեան վրայ գտնուող շերտերը: Հարուածային ալիքի ներսում ճնշումը հասնում է 1 000 մթնոլորտի, իսկ ջերմութիւնը` մինչեւ 2 000 աստիճան ըստ Ցելսիուսի: Ալիքը տարածւում է 1 000-1 500 մ/վրկ արագութեամբ եւ մօտ 1 կմ շառաւղով հալեցնում է սառույցի բյուրեղները, որոնք, խոշորանալով, պէտք է դառնային կարկուտ: Համակարգը կառաւարւում է օդերեւութաբանական ռադարով (որոշում է կարկտաբեր ամպերի կոորդինատներն ու բարձրութիւնը) եւ GPRS շարժական ինտերնետ կապի միջոցով: Մէկ ռադարով կարելի է կառավարել 100 կմ շառաւղով տեղակայուած կայաններ, որոնցից իւրաքանչիւրը կարող է կարկուտից պաշտպանել 100 հեկտար տարածք: Համակարգի մշակման վրայ աշխատել են ծանր մեքենաշինութեան, քիմիայի, էլեկտրոնիկայի, հեռահաղորդակցության, ծրագրաւորման բնագաւառների գիտնականներ: «Զենիթ»-ի մշակումն իրականացուել է ռազմական տեխնիկայի յուսալիութեան ապահովման ստանդարտներին համապատասխան, ինչն ընձեռել է շահագործման 20 տարուայ ժամկէտ սահմանելու հնարաւորութիւն: Ըստ Ա.Վարդանեանի, «Զենիթ»-ի մշակման համար կիրառուել են շատ նորամուծութիւններ, համակարգը ստացել է ՀՀ արտօնագիր: Նա ընդգծեց, որ 2007-08թթ.-ին Շիրակի դաշտում «Բարվա»-ի 6 հակակարկտային կայանները կիրառուել են գրեթէ 100%-անոց արդիւնաւէտութեամբ, այն տեպքում, երբ նախկինում այդտեղ տարեկան մինչեւ 17 անգամ կարկուտ է տեղացել: «Զենիթ» համակարգեր են արդէն գործում նաեւ Արմաւիրի մարզի Բաղրամեանի տարածաշրջանում, 2009թ.-ին դրանք կտեղակայուեն նաեւ Արարատի մարզում: Ինչպէս Շիրակի մարզի, այնպէս էլ այլ մարզերի պարագայում, կայանները կտեղակայուեն Թուրքիային սահմանակից տարածքներում, քանի որ կարկտաբեր ամպեր քշող քամիները Հայաստան են ներխուժում մեծամասամբ այդ երկրից: «Բարվա»-ի նախագահը յաւելեց, որ հակակարկտային միջոցառումների չիրականացման պայմաններում կարկուտների հետեւանքով Հայաստանի գիւղատնտեսութեան կրած միջին տարեկան վնասը կազմել է 60-70 մլն դոլար, այն դէպքում, երբ ամբողջ երկրով մէկ հակակարկտային կայանների տեղակայման ծրագրի արժէքը 30 մլն դոլար է: Մէկ կայանի արտադրութեան եւ տեղադրման գինը մօտ 9 մլն դրամ է (մօտ 30 հազար ԱՄՆ դոլար)` 20% շահութաբերութեան հաշուարկով: Նա յայտնեց, որ «Զենիթ»-ն օժտուած է նաեւ անձրեւաբեր հատկությամբ, որն ունի խորն ուսումնասիրութեան կարիք: Նշուեց նաեւ, որ ներկայումս մշակւում է նաեւ ցրտահարությունից բոյսերի պաշտպանութեան տեխնոլոգիա: Ա.Վարդանեանը կարծիք յայտնեց, որ Հայաստանում հակակարկտային նոր տեխնոլոգիաների կիրառումը կնպաստի գիւղատնտեսական ապահովագրական ծառայութիւնների ներդրմանը, քանի որ կարկուտի ռիսկերը, գիւղատնտեսական այլ ռիսկերի համեմատ, աւելի մեծ են: Նրա տուեալներով, բացի «Զենիթ» կայաններից, ներկայումս Հայաստանում տեղակայուած են արգենտինեան արտադրութեան 30 հակակակրկտային կայաններ: «Բարվա»-ն իր հակակարկտային կայանքների արտահանման հետ կապուած աշխատանքներ է տանում Վրաստանի, Լիբանանի, Իրանի հետ: Սեմինարին մասնակից ՀՀ Բնապահպանութեան նախարարութեան` Կլիմայի փոփոխութեան միջազգային կոնվենցիայի իրականացման պատասխանատու Արամ Գաբրիէլեանը նշեց, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջոցով նախատեսւում է սկսել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համագործակցութիւն բնական վտանգաւոր երեւույթների վաղ ազդարարման բնագաւառում, ինչը կնպաստի կարկտաբեր ամպերի աւելի վաղ յայտնաբերմանը:
  -   Տնտեսութիւն