Հայաստանում դոմենների գրանցման գործընթացն արագանում է
19-07-2011 10:47:21 | Հայաստան | Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Ինտերնետի Հայաստանին տրուած .am տիրոյթում ներկայումս գրանցուած են շուրջ 15,5 հազ. դոմեններ, ինչը, Հայաստանի բնակչութեան թուաքանակի հետ համադրելու դէպքում, շատ փոքր է ցուցանիշ է: Մերձբալթեան երկրներում, որոնց բնակչութեան թուաքանակը համադրելի է Հայաստանի բնակչութեան թուաքանակի հետ, գրանցուած դոմենների թիւը 70-90 հազար է: Այս մասին «ՆՏ»-ի թղթակցին յայտնեց Հայաստանի «Ինտերնետ միութիւն հասարակական կազմակերպութեան» (Իմ- www.isoc.am) փոխնախագահ Գրիգոր Սաղեանը:
Նրա խօսքերով, այնուամենայնիւ Հայաստանում դոմենների գրանցման աճի միտումը համահունչ է աշխարհում դոմենային անուանումների օգտագործման աճող ցուցանիշներին, ինչն իր հերթին պայմանաւորուած է ինտերնետի զարգացումով: Այսպէս, մինչեւ 2000թ.-ն Հայաստանում գրանցուած էր շուրջ 1 000 դոմեն, այնուհետեւ գրանցուել է մօտ 13,5 հազ. դոմեն, ընդ որում, վերջին 2 տարիներին արձանագրուել է դոմենային անուանումների գրանցման աճի արագացում, ինչը պայմանաւորուած է ինտերնետին հասանելիութեան մակարդակի բարձրացմամբ, ինչպէս ՀՀ ռեզիդենտ, այնպէս էլ օտարերկրեայ անձանց կողմից .am տիրոյթում դոմենային անուանումների գրանցման պահանջարկի մեծացումով:
Գ.Սաղեանը նշեց, որ .am տիրոյթում վարւում է բաց դոմենային քաղաքականութիւն, այնպէս, ինչպէս Ռուսաստանում ու եւրոպական երկրներում, ինչը պայմանաւորուած է Հայաստան-եւրոպայ եւ Հայաստան-սփիւռք ինտէգրման քաղաքականութեամբ: «Որքան շատ դոմեն լինի .am տիրոյթում, այնքան Հայաստանը ճանաչելի կը լինի արտերկրում»,- ընդգծեց նա:
Նշուեց, որ կարեւորագոյն գործընթաց է մեսրոպատառ դոմենների ստեղծման հարցի լուծումը: «Այլ երկրներից նման դոմեններին հասանելիութեան մակարդակը հազիւ թէ բարձր լինի, քանի որ աշխարհում քիչ կը լինեն այն օգտագործողները, ում անհրաժեշտ կը լինի ակտիւացնել հայերէն ստեղնաշարը: Միաժամանակ բացառուած չէ, որ մեսրոպատառ դոմենները անհրաժեշտ լինեն ներքին օգտագործման համար»,- պարզաբանեց Իմ-ի փոխնախագահը:
Նրա տուեալներով, ներկայումս .am տիրոյթում դոմենային անուանումների գրանցումն արժէ տարեկան 12 հազ. դրամ (մօտ 32,7 ԱՄՆ դոլար)` 2010թ.-ի 13,2 հազ. դրամի դիմաց: Նշուեց, որ .am դոմենային տիրոյթի պահպանման աշխատանքները նոյն բնոյթի են, ինչ որ 1 մլն դոմենային անուանումով տիրոյթինը, եւ .am տիրոյթի դոմենային անուանումների թուի մեծացման դէպքում 1 դոմենի տարեկան գրանցման գինը կը նուազի:
Գ.Սաղեանը յայտնեց նաեւ, որ Իմ-ն միաւորում է ինտերնետի օպերատոր բուհերի, ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի եւ այլ ակադեմիական, գիտահետազօտական հաստատութիւնների եւ դպրոցների շուրջ 100 ներկայացուցիչների, եւ տրամադրում է դոմենային անուանումներ .am տիրոյթում (www.amnic.net):