Գրիգոր Սաղեան. «Անհրաժեշտ է, որ Հայաստանը ներդնի ինտերնետ արձանագրութեան համարների նոր` IP V6 համակարգ»
19-07-2011 10:55:28 | Հայաստան | Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Հայաստանի «Ինտերնետ միութիւն հասարակական կազմակերպութիւն»-ն (Իմ- www.isoc.am) իրականացնում է դպրոցների ինֆորմատիկայի ուսուցիչների վերապատրաստման դասընթացնէր, ցանցային անվտանգութեան կենտրոնի գործառոյթներ, մասնակցում է թոյլ տեսողութիւն ունեցող մարդկանց համար ինտերնետային կենտրոնի ստեղծմանը: Այս մասին «ՆՏ»-ի թղթակցին յայտնեց Իմ-ի փոխնախագահ Գրիգոր Սաղեանը:
Նրա խօսքերով, Իմ-ն «Միջազգային ինտերնետ միութիւն» կազմակերպութեան (ISOC) հետ իրականացնում է Իմ-ի աշխատանքներին Հայաստանի երիտասարդ մասնագէտների մասնակցութիւնը ապահող ծրագիր: «ISOC-ի «Նոր սերնդի առաջնորդներ» ծրագրի շրջանակներում երիտասարդ մասնագէտներին տրւում են դրամաշնորհներ` մի քանի ամիս հէնց ինտերնետի հետ կապուած հարցերում ուսուցումը շարունակելու համար»,- նշեց Գ.Սաղեանը: Նա յաւելեց, որ «դոմենային տիրոյթների, նաեւ .am տիրոյթի պահպանման աշխատանքները պահանջում են ոչ միայն մասնագիտական բարձր որակաւորում, այլեւ անգլերէնի իմացութիւն, ակտիւութիւն. երիտասարդ մասնագէտներն են, որ պէտք է շարունակեն .am տիրոյթի կառավարման աշխատանքները»:
Նշուեց, որ Իմ-ն նաեւ ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարութեան հետ կնքուած համագործակցութեան համաձայնագրի շրջանակներում է փորձում ակտիւօրէն մասնակցել Հայաստանում ինտերնետի զարգացման հետ կապուած աշխատանքներին: Մասնաւորապէս, այս տարուայ գարնանը Իմ-ն ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի հետ համատեղ կազմակերպել է IP V6-ի (ինտերնետ արձանագրութեան համարների նոր համակարգ) ներդրման հետ կապուած քննարկումներ: «IP V6-ն աստիճանաբար դառնում է անհրաժեշտութիւն, որովհետեւ մեր ունեցած V4 համարները սպառւում են, եւ այդ պատճառով անհրաժեշտ է անցնել IP V6 համակարգին: Կարծում ենք, որ այստեղ ՀՀ Գաա-ի դերը սկզբունքային է, որը դրսեւորուեց, մասնաւորապէս, Հայաստանի համակարգիչների համար «2000 թուականի» խնդրի լուծման պարագայում»,- ընդգծեց Իմ-ի փոխնախագահը:
Ըստ նրա, Իմ-ն միաւորում է ինտերնետի օպերատոր բուհերի, ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի եւ այլ ակադեմիական, գիտահետազօտական հաստատութիւնների եւ դպրոցների շուրջ 100 ներկայացուցիչների: Կազմակերպութիւնը ամէն տարի կազմակերպում է կոնֆերանսներ: Այն ISOC-ի մասնաճիւղն է, անդամակցում է ICCAN-ին (Internet Corporation for Assigned Names and Numbers), CEENet-ին (Central and Eastern European Networking Associations), ccNSO-ին (Country Code Names Supporting Organisation), CENTR-ին (association of Internet Country Code Top Level Domain Registries):