Բրիտանական խորհրդի յայտարարած «Փառատօնի նոր անուն» մրցանակը շնորհուել է Յարութիւն Շատեանին


Բրիտանական խորհրդի յայտարարած «Փառատօնի նոր անուն» մրցանակը շնորհուել է Յարութիւն Շատեանին

  • 19-07-2011 11:34:28   | Հայաստան  |  Մշակոյթ

«Ոսկէ ծիրան» 8-րդ երեւանեան միջազգային կինոփառատօնի շրջանակում Բրիտանական խորհրդի յայտարարած «Փառատօնի նոր անուն» մրցանակը շնորհուել է Յարութիւն Շատեանին: Երիտասարդ ռեժիսորի «Բեռնելով կեանքս» ֆիլմը ցուցադրուել էր փառատօնի «Հայկական համայնապատկեր» մրցոյթի շրջանակում: Ֆիլմը դարձել է «Հայկական համայնապատկեր» մրցոյթի յաղթողը եւ արժանացել նաեւ «Նուարդ» մրցանակին: Յարութիւն Շատեանը նոյեմբերի 16-20-ը Բրիտանական խորհրդի աջակցութեամբ կը մասնակցի Բրիստոլում անցկացուող Encounters միջազգային կինոփառատօնին եւ կը ներկայացնի իր ֆիլմը: «Ռեժիսորի համար կարեւոր է շրջագայելը եւ նոր երկրներ այցելելը: Միացեալ Թագաւորութիւնում անցակցուող փառատօնին մասնակցելը էական է ոչ միայն նոր կապերի ստեղծման, այլեւ այդ երկրի կինոարտադրութեանն ու նորարութիւններին ծանօթանալու համար», -ասաց Յարութիւն Շատեանը: Ֆիլմի ստեղծման աշխատանքները տեւել են մէկ տարի: «Բեռնելով կեանքս» ֆիլմը ռեժիսորի դիպլոմային աշխատանքն է: Այն նկարահանուել է սիրողական տեսախցիկով. ֆիլմը թէ՛ օպերատորը եւ, թէ՛ գլխաւոր դերակատարը ռեժիսորն է: Այն ուսանողի, երիտասարդ ընտանիքի տղամարդու, հիւանդի անելանելի վիճակի մասին է: Հերոսը փորձում է կեանքի մէջ լուսաւոր կէտեր փնտրել: Զինուորական ծառայութիւնն աւարտելուց մի քանի օր առաջ հիւանդանում է շաքարախտով, եւ նրան` որպէս զինծառայութեանը ոչ պիտանի զինուորի, զօրացրում են: Այստեղից էլ սկսւում են բոլոր խնդիրները: Ինստիտուտ, ընտանիք, երեխայ, ամենօրեայ պարտադիր սրսկումներ: Դեղ գնելու հնարաւորութիւն չունեցող երիտասարդը ստիպուած է դիմել յանցագործութեան: Պարտքեր, աշխատանքի որոնում, միամիտ եւ անզգոյշ քայլեր, որոնք բանտ ընկնելու իրական նախապայմաններ են: «Նման պատմութիւններ ամէն օր տեղի են ունենում մեր կողքին: Յօրինուած ոչինչ չէք գտնի ֆիլմում: Յատուկ եմ ֆիլմը սիրողական տեսախցիկով նկարահանել: Հակառակ դէպքում այն համոզիչ եւ անկեղծ չէր ստացուի»,-ասաց Յարութիւն Շատեանը: Յարութիւնը աւարտել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի խաղարկային ֆիլմերի ռեժիսուրայի բաժինը:
  -   Մշակոյթ