ՎԱԽՃԱՆՈՒԵԼ Է ՀԱՅ ՀՈԳԵՒՈՐ ԵՐԳԻ ԱՆԶՈՒԳԱԿԱՆ ՄՇԱԿ ԽՈՐԷՆ ՊԱԼԵԱՆԸ<br />


ՎԱԽՃԱՆՈՒԵԼ Է ՀԱՅ ՀՈԳԵՒՈՐ ԵՐԳԻ ԱՆԶՈՒԳԱԿԱՆ ՄՇԱԿ ԽՈՐԷՆ ՊԱԼԵԱՆԸ

  • 23-01-2007 15:54:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 23 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հայ մշակոյթը կրեց եւս մի ծանր կորուստ` կեանքից հեռացաւ հայ հոգեւոր երգարվեստի անզուգական մշակ, շարականների հմուտ գիտակ Խորէն Պալեանը: Մեծ է նրա վաստակը: Նա ոչ միայն հայ ազգային եւ հոգեւոր երգի բարձրարուեստ կատարող էր, այլեւ դրա անխոնջ մունետիկը աշխարհում, այդ արուեստով սերունդները դաստիարակելու ջատագովը եւ գործունեայ անձ»: Այս մասին ասուած է Մտաւորականների ֆորումի «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրութիւնում: Սերուած Պալյանների հռչակաւոր ընտանիքից` նա ժառանգել էր եւ մարդկային բարձր նկարագիր, եւ տաղանդ, եւ ազգին ծառայելու անկոտրում կամք: Ըստ հաղորդագրութեան, «նրա համար խորթ էին այն սեւն ու ստորը, այն ամենաթողութիւնը, որ վերջին տասնհինգ տարիներին պատուհասում են հայ ժողովրդին»: Նշւում է, որ Խ.Պալեանը երբեք չդավաճանեց ինքն իրեն. նա ապրեց օրինակելի կեանք եւ հավերժացրեց իր անունը հարազատ ժողովրդի անմահների մատեանում: Երեւանի պետական համալսարանի Հայոց լեզուի պատմութեան ամբիոնի դոցենտ, անուանի շարականագետ, գրաբարի երկարամեայ դասախօս, խմբավար եւ երգիչ Խ.Պալեանը աւարտել է Ս.Էջմիածնի հոգեւոր ճեմարանը: 1955թ.-ին Մայր տաճարում ձեռնադրուել է սարկաւագ, իսկ 1961թ.-ին երջանկահիշատակ Վազգէն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ ձեռնադրուել է կուսակրոն քահանա: 1962թ.-ին Օշականում պաշտպանել է վարդապետական ավարտաճառ եւ ստացել վարդապետական չորս աստիճաններ: Սբ. Էջմիածնում զբաղեցրել է պատասխանատու պաշտօններ: 1965թ.-ի ապրիլին Եղեռնի 50-ամեակին Հայաստանում ծայր առած ազգային ինքնագիտակցութեան աննախընթաց պոռթկումը հիմնական շարժառիթը հանդիսացաւ, որպէսզի նա թողնի հոգեւոր ասպարէզը` երբեք չբաժանվելով սակայն եկեղեցուց: 1965թ.-ին նա ընդունուել եւ 3 տարի անց գերազանցութեամբ աւարտել է ԵՊՀ-ի բանասիրութեան ֆակուլտետը, ապա 1968թ.-ին նշանակուել է դասախօս Հայոց լեզուի պատմութեան ամբիոնում` դասավանդելով լեզուի պատմութիւն եւ գրաբար: 1978-2004թթ.-ին դասաւանդել է Սբ. Էջմիածնի Գեւորգեան հոգեւոր ճեմարանում, ապա Սեւանի Վազգէնեան դպրանոցում` ժամակարգություն, տեսական շարականագիտություն եւ հայ հոգեւոր երաժշտություն առարկաները: Նրա ծառայութիւնները բարձր գնահատելով, Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ կաթողիկոսը Խորէն Պալեանին շնորհել է «Ս.Ներսէս Շնորհալի» շքանշանը: Խ.Պալեանն ամուսնացած էր հոգեւոր երգերի անզուգական եւ հռչակաւոր կատարող Լուսինէ Զաքարյանի հետ: Խ.Պալեանի հուղարկավորությունը տեղի կունենայ յունվարի 25-ին` Էջմիածնի Սբ.Գայեանէ վանքի գերեզմանատանը:
  -   Մշակոյթ