ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՏԱՐԲԵՐ ՀԱՏՈՒԱԾՆԵՐՈՒՄ<br /> ԿԱՌՈՒՑԵԼ ՓՈՔՐԱԾԱՎԱԼ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ<br />


ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՏԱՐԲԵՐ ՀԱՏՈՒԱԾՆԵՐՈՒՄ
ԿԱՌՈՒՑԵԼ ՓՈՔՐԱԾԱՎԱԼ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ

  • 22-01-2007 17:28:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թէեւ Երեւանի քաղաքապետարանը մի քանի տարի է բոլոր միջոցները ձեռնարկում է փողոցային առեւտրի կանոնակարգման ուղղութեամբ, այդուհանդերձ այդ աշխատանքները դեռեւս թերի են: Ինչպէս յունվարի 22-ի ասուլիսում յայտնեց քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկման վարչութեան պետ Կարեն Գեւորգեանը, քաղաքացիները դեռ չեն գիտակցում, որ փողոցում վաճառւող մթերքը վտանգաւոր է առողջութեան համար, եւ այն իրացւում է սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանող պայմաններում: Ըստ նրա, ՀՀ նախագահի կարգադրութեամբ յանձնարարուել է լուրջ ուշադրութիւն դարձնել Երեւանի փողոցներում տաղավարների տեղակայմանը եւ արտաքին տեսքին: Ռ.Քոչարեանը նաեւ առաջարկել է մայրաքաղաքի տարբեր հատուածներում կառուցել փոքրածավալ առեւտրի կենտրոններ: Կ.Գեւորգեանը յայտնեց, որ քաղաքապետարանը բնակչութիւնից բազմաթիւ բողոքներ է ստանում` բնակելի շէնքերի նկուղներում գործող հացաթխման արտադրամասերի, քիմմաքրման կէտերի, բաղնիք-սաունաների եւ այլ օբյեկտների վերաբերեալ: Նշուեց, որ բնակիչների բողոքները հիմնականում արդարացի են, քանի որ շէնքերի նկուղներում նման օբյեկտների գործունէութիւնը օրէնքով չի թոյլատրւում: Այդ նպատակով, 2007թ.-ի յունվարի 1-ից Երեւանի քաղաքապետարանը գրաւոր զգուշացումներ է ուղարկում նմանատիպ օբյեկտների սեփականատէրերին, որպէսզի նրանք վերանայեն իրենց գործունէութեան տեսակը եւ այն փոխեն մէկ այլ գործունէութեան: Եթէ 2 ամսուայ ընթացքում այդ ուղղութեամբ սեփականատէրերը աշխատանքներ չտանեն, ապա քաղաքապետարանը կդիմի դատարան: Վարչութեան պետը անդրադարձաւ նաեւ հասարակական զուգարանների խնդրին: Ըստ Կ.Գեւորգեանի, անցած տարի քաղաքապետի որոշմամբ դրանց կառուցման նպատակով կատարուել է 7 հողահատկացում, իսկ այս տարի` 50 հողահատկացում:
  -   Հասարակութիւն