Յարութիւն Խաչատրեան. «Եթէ մենք ունենանք փառատօնային կենտրոն, կը մտածենք նոր ծրագրերի մասին»
19-07-2011 15:03:20 | Հայաստան | Մշակոյթ
«Ոսկէ ծիրան» 8-րդ երեւանեան միջազգային կինոփառատօնի փակումից յետոյ փառատօնի հիմնական մրցութային ծրագրերի ժիւրիների անդամները հանդիպեցին լրագրողների հետ։ Ամփոփելով փառատօնի արդիւնքները եւ ներկայացնելով իրենց տպաւորութիւնները նրանք նշեցին, որ այս տարի փառատօնի շատ ֆիլմերն էին արժանի մրցանակների, բայց կային ակնառու առաջատարներ, որոնք եւ մտացան մրցանակները:
«Հայկական համայնապատկեր» մրցոյթի ժիւրիի նախագահ Ելենա Ստիշովան նկատեց, որ այս մրցոյթին ներկայացուած ֆիլմերի հիմնական թեման Հայոց ցեղասպանութիւնն էր, ինչը նա բնական համարեց։ Հայրենական պատերազմից յետոյ ռուսական ֆիլմերի մեծամասնութիւնն էլ այդ պատերազմի թեմայով էր: «Չեմ կասկածում, որ ձեր փառատօնը փայլուն ապագայ ունի»,- ասաց ռուս կինոքննադատը:
Հնդիկ կինոքննադատ Նիրմալ Դհարը, ով մինչ Երեւան գալը հայկական կինոյի մասին գրեթէ ոչինչ չգիտէր, «Հայկական համայնապատկերի» ժիւրիի կազմում ընդգրկուած լինելով հասկացել է, որ հայ երիտասարդ լաւ ռեժիսորների սերունդ է աճում:
Վաւերագրական ֆիլմերի ժիւրիի անդամ, իրանցի կինոքննադատ Ամիր Էսֆանդիարը, ով նոյնպէս առաջին անգամն է Հայաստանում, նշեց, որ հայերին ծանօթ է, որովհետեւ Իրանում մեծ հայկական համայնք կայ: «Բազմաթիւ փառատօների եմ ներկայ եղել, այդ թւում շատ հեղինակաւորների, որոնք հիմնականում ունեն մեծ բացման եւ մեծ փակման արարողութիւններ, իսկ մէջտեղում ոչինչ չկայ: Իսկ «Ոսկէ ծիրան»-ում սքանչելի ծրագիր էր պատրաստուած, եւ մենք գործընկերներիս հետ յաղթողին որոշելու համար նոյնիսկ խնդիրներ ունեցանք»,- նշեց նա՝ յաւելելով, որ թէեւ փառատոը դեռեւս երիտասարդ է, բայց հոյակապ է կազմակերպուած:
Ամփոփելով գործընկերների խօսքը, փառատօնի գլխաւոր տնօրէն Յարութիւն Խաչատրեանը յայտարարեց, որ իրեն ոչ միայն նոր ֆիլմերն են ուրախացրել եւ յուզել, այլեւ այն թիմը, որ նոր-նոր մտնում է փառատօնային կեանքի մէջ եւ շատ լաւ գործ է անում: Անդրադառնալով գալիք տարուայ փառատօնային ծրագրին, Հ.Խաչատրեանը նշեց, որ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ծրագիրը իրեն արդարացրեց եւ այն պէտք է պահպանել: Իսկ նոր մրցութային ծրագրերի աւելացումը, ըստ նրա, դէեռեւս այնքան էլ իրատեսական չէ։ «Եթէ մենք ունենանք փառատօնային կենտրոն, ինչպէս մեզ խոստանում են վարչապետը, քաղաքպետը, որտեղ կարելի է անընդհատ ցուցադրել ֆիլմեր, մենք կը մտածենք նոր կատեգորիաների եւ նոր ծրագրերի մասին»,- յայտարարեց փառատօնի գլխաւոր տնօրէնը: