«Մանկական եւրոտեսիլ 2011»-ի տարբերանշանն ու նշանաբանը պատրաստ են


«Մանկական եւրոտեսիլ 2011»-ի տարբերանշանն ու նշանաբանը պատրաստ են

  • 21-07-2011 17:53:08   | Հայաստան  |  Մշակոյթ

Դեկտեմբերի 3-ին Երեւանում անցկացուելիք «Մանկական եւրոտեսիլ 2011»-ի տարբերանշանը երաժշտական էկուալայզերներից սարեր են, որոնք բարձունք են խորհրդանշում: Նշանաբանն էլ ընտրուած է դրան համապատասխան` «Հասիր բարձունքի»: Տարբերանշանը ստեղծուել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերութեան ստեղծագործական թիմի, Եւրոպական հեռարձակողների միութեան եւ Անտոն Բարանովի ջանքերով: Պատասխանելով այն հարցին, թէ սարերի նմանութիւնը Մասիսներին պատահակա՞ն է, թէ՞ ոչ, մանկական եւրոտեսիլի պատուիրակութիւնների ղեկավար Գոհար Գասպարեանն ասաց. «Սրանք շատ ուժեղ սարեր են եւ ցանկացած մարդ ինչ-որ հոգեհարազատ բան կը գտնի դրանցում»: Նա նաեւ նշեց, որ պէտք է արուի ամէն ինչ, որ լինի թէ համաեւրոպական շոու, եւ թէ Հայաստանի մշակոյթը ներկայացնող հետաքրքիր ներկայացում: Անդրադառնալով «Մանկական եւրոտեսիլ 2011»-ի հայաստանեան մասնակցի ընտրութեանը, Գ.Գասպարեանը նշեց, որ յայտերերի ընդունման ժամկէտը յետաձգուած է մինչեւ օգոստոսի 20-ը, թէեւ արդէն մօտ 50 դիմում է ստացուել: Իսկ մրցոյթը կայանալու է սեպտեմբերի երկրորդ կէսին: Մանկական եւրատեսիլի եւ Հանրային հեռուստաընկերութեան երաժշտականան պրոդիւսեր Գրիգոր Նազարեանի խօսքերով, արդէն մասնակցութեան համար դիմել է 12 երկիր, բայց քանի որ յայտերն ընդունուելու են մինչեւ հոկտեմբերի կէսերը, մասնակիցների վերջնական թիւը դեռեւս յայտնի չէ: Հայաստանի հարեւաններից մասնակցութեան դիմում է ներկայացրել միայն Վրաստանը: Նշուեց նաեւ, որ Ադրբեջանում անցկացուելիք «Եւրոտեսիլ 2012»-ին Հայաստանի մասնակցութիւնը կապուած է հայկական պատուիրակութեան անվտանգութեան ապահովման յստակ երաշխիքների հետ:
  -   Մշակոյթ