ՀՀ նկարիչների միութիւնում բացուեց կերպարուեստի բնագաւառի երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդէսը
22-07-2011 16:39:12 | Հայաստան | Մշակոյթ
ՀՀ նկարիչների միութեան ցուցասրահում յուլիսի 22-ին տեղի ունեցաւ կերպարուեստի բնագաւառում երիտասարդ ստեղծագործողների աշխատանքների ցուցահանդէսի բացման արարողութիւնը: Այն կազմակերպուել է
Համաշխարհային հայկական կոնգրէսի, Ռուսաստանի հայերի միութեան, ՀՀ Մփիւռքի նախարարութեան եւ ՀՀ նկարիչների միութեան կողմից յայտարարուած «Մրցանակաբաշխութիւն 2011»-ի շրջանակներում։
Ցուցահանդէս-մրցանակաբաշխութեան նպատակը հայ երիտասարդների ստեղծագործական կեանքի աշխուժացումն է: Այս տարի «Մրցանակաբաշխութիւն 2011»-ը նուիրուած է Հայաստանի անկախութեան 20-ամեայ յոբելեանին:
Ռուսաստանի հայերի միութեան նախագահ Մհեր Շահգելդեանը նշեց, որ ցուցահանդէսը պէտք է նպաստի հայ երիտասարդների ստեղծագործական ներուժի կիրառմանը Հայաստանում: «Այս տարին երիտասարդութեան տարին է»,- յաւելեց նա:
Հայ կերպարուեստի զարգացմանը նպատակաուղղուած մրցոյթին մասնակցել են Նկարիչների միութեան այն անդամները, որոնց տարիքը չի գերազանցել 35-ը: Մրցոյթում սահմանուած են գեղանկարչութեան բնագաւառում 5 մրցանակ՝ իւրաքանչիւրը 500 հազար դրամ, քանդակի ոլորտում` 2 մրցանակ՝ իւրաքաչիւրը 400 հազար դրամ, գրաֆիկական աշխատանքների համար` 2 մրցանակ՝ 250 հազարական դրամ, եւ դեկորատիւ-կիրառակական արուեստների բնագաւառում 1 մրցանակ` 300 հազար դրամ: