Նարեկ Հախնազարեան. «Ինձ ուժ է տուել իմ հայ լինելը»
22-07-2011 16:54:19 | Հայաստան | Մշակոյթ
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նուագախմբի (ՀՊՖՆ) համերգաշրջանի եզրափակիչ համերգը նուիրուած է Չայկովսկու անուան 14-րդ միջազգային մրցոյթում թաւջութակահար Նարեկ Հախնազարեանի յաղթանակին: Ն. Հախնազարեանի մասնակցութեամբ յուլիսի 24-ին կայանալիք համերգի ծրագրում ընդգրկուած է նաեւ Պեօտր Չայկովսկու Ռօկոկոյ թեմայով վարիացիաները, որի կատարմամբ նա յաղթեց մրցոյթում:
Ինչպէս յուլիսի 22-ի ասուլիսում նշեց Ն.Հախնազարեանը, այս տարի թաւջութակահարների կատարողական մակարդակը եղել է սպասուածից շատ աւելի բարձր: «Սա ոչ միայն իմ, այլեւ պրոֆէսիոնալ ժիւրիի կարծիքն է: Իսկ արդէն մրցոյթի երկրորդ փուլից ժիւրիի եւ հանդիսատեսի կարծիքը համընկնում էր»,- ասաց նա: Մրցոյթին մասնակցած 25 մասնակիցների շարքում Նարեկը, ով խոստովանեց, թէ այնքան էլ համոզուած չէր իր յաղթանակի մէջ, արժանացել է Առաջին եւ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակների: Նա ընդգծեց, որ այս մրցոյթը թաւջութակահարների համար ամենակարեւորն է, եւ ինքը շատ ուրախ է, որ ներկայացրել է Հայաստանն այդ մրցոյթին: «Ինձ ուժ է տուել իմ հայ լինելը, եւ ինձ համար մեծ պատիւ է մասնակցելն ու յաղթելը, քանի որ սա եւս մէկ առիթ էր մեր երկրի անունը բարձր պահելու համար»,- ասաց երաժիշտը:
Նշենք, որ Ն.Հախնազարեանը միջազգային բազմաթիւ հեղինակաւոր մրցոյթների դափնեկիր է. Կ'որէայի Geongnam միջազգային մրցոյթում նա արժանացել է երկրորդ, իսկ Ամն-ի Johansen երիտասարդ կատարողների միջազգային մրցոյթում առաջին մրցանակակի, Արամ Խաչատրեանի անուան 2007թ.-ի մրցոյթում Առաջին մրցանակի եւ Ոսկէ մեդալի։
Հպֆն-ի գեղարուեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր Էդուարդ Թօփչեանի խօսքերով, իրենք վաղուց էին ցանկանում միասին համերգով հանդէս գալ, սակայն ժամանակը չէր ներում։ Ըստ նրա, Ն.Հախնազարեանի յաղթանակը առիթ հանդիսացաւ վերջապէս իրագործելու այդ ցանկութիւնը։
Անդրադառնալով աւարտուող համերգաշրջանին, Է.Թօփչեանն ընդգծեց, որ այն դասական երաժշտութիւնը երիտասարդ սերնդին մատուցման տեսանկիւնից շատ յաջողուած էր: «Համերգներով հանդէս ենք եկել հանրապետութեան առաջատար մի քանի Բուհ-երում եւ ուսանողների համար հիմնել ենք դասական երաժշտութեան ակումբներ: Նշեմ նաեւ, որ այս համերգաշրջանի համար յատկապէս կարեւոր էր հայ դասական երգարուեստը ներկայացնող շքեղ երեկոները»,- ասաց նա, ընդգծելով, որ Հպֆն-ն յետագայում եւս կը շարունակի երիտասարդ սերնդին դասական երաժշտութիւնը ներկայացնելու իր ծրագիրը։ Նա յայտնեց, որ յաջորդ համերգաշրջանի բացումը նախատեսուած է սեպտեմբերի 9-ին: