Սեյրան Օհանեան. «Այնտեղ, ուր բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են»<br />


Սեյրան Օհանեան. «Այնտեղ, ուր բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են»

  • 22-07-2011 20:14:28   | Հայաստան  |  Քաղաքական
Արդէն աւանդոյթ են դարձել սփիւռքահայ երիտասարդների այցելութիւնները պաշտպանութեան նախարարութիւն: Հայ բարեգործական ընդհանուր միութեան ծրագրերի շրջանակներում ամառային ուսումնական պրակտիկան Հայաստանում անցկացնող 21 սփիւռքահայ երիտասարդներին այսօր` յուլիսի 22-ին, ընդունել է պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանը: Ողջունելով երիտասարդներին` Հայաստանի պաշտպանութեան նախարարը նշել է, որ սփիւռքահայ երիտասարդները, որպէս հայ ժողովրդի մի մաս, հայրենիքին կարող են զօրակցել իրենց գիտելիքներով: Խօսելով բանակ-հասարակութիւն կապի կարեւորութեան մասին` Սեյրան Օհանեանը մասնաւորապէս ասել է. «Պաշտպանութեան նախարարութիւնը մեծ ուշադրութիւն է դարձնում հանրային կապերին` փորձելով դրանք դարձնել առաւելագոյնս թափանցիկ: Մենք մշտապէս ասում ենք, որ այնտեղ, ուր բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են»,-ընդգծել է նախարարը` հաւաստիացնելով, որ նմանաբնոյթ հանդիպումները նպաստում են սփիւռքահայ երիտասարդի մօտ հայրենաճանաչողութեան եւ ազգային ոգու բարձրացմանը: Նախարարի հետ հանդիպումից առաջ ուսանողներն այցելել են նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն, ծանօթացել զինուորների առօրեային, շփուել հայրենակիցների հետ, եղել տարբեր տեսարժան վայրերում: Հայ բարեգործական ընդհանուր միութեան համաշխարհային խորհրդի անդամ Վազգեն Եակուբեանը սփիւռքահայ երիտասարդների մասին նշել է. «Նրանք օտար քաղաքացիներ են, սակայն ցանկանում են իրենց հայրենիքի մի մասը կազմել»: Այնուհետեւ նախարարը պատասխանել է երիտասարդների հարցերին, որոնք վերաբերել են Աֆղանստանում հայ խաղապահների առաքելութեանը, հայկական բանակի մարտունակութեանը, ղարաբաղեան հարցին, Հայաստանի վարած պաշտպանական քաղաքականութեանը: Նախարարի հետ հանդիպումից յետոյ սփիւռքահայ երիտասարդներն այցելել են Վազգեն Սարգսեանի անուան ռազմական ինստիտուտ, ծանօթացել ապագայ սպաների առօրեային, ուսումնական գործընթացին: Նրանք այցելել են նաեւ ինստիտուտի թանգարան, որտեղ սփիւռքահայ երիտասարդներին հանգամանալից ներկայացուել է արցախեան պատերազմի պատմութիւնը:
  -   Քաղաքական