Հայաստանի շախմատի ազգային հաւաքականը շարունակում է իր փայլուն մրցելոյթները
25-07-2011 11:58:26 | Հայաստան | Սպորտ
Չինաստանի Նինբոյ քաղաքում տղամարդկանց Շախմատի թիմային առաջնութեան աւարտին մնացել է ընդամէնը 2 տուր, իսկ Հայաստանի ազգային հաւաքականը Արշակ Պետրոսեանի գլխաւորութեամբ շարունակում է իր փայլուն մրցելոյթները:
Յուլիսի 24-ին, հաշուետու տուրում, մեր ընտրանին ընդունեց Հունգարիայի հաւաքականին եւ յաղթեց 2.5 - 1.5 հաշուով: Այս անգամ Հայաստանի հաւաքականին յաղթանակ պարգեւեց Սերգեյ Մովսիսեանը, ով սեւերով առաւելութեան հասաւ Ալմաշի նկատմամբ: Մեր միւս ներկայացուցիչներ` Լեւոն Արոնեանը, Վլադիմիր Յակոբեանը եւ Գաբրիէլ Սարգսեանը իրենց պարտիաները ոչ-ոքի աւարտեցին:
Այս յաղթանակից յետոյ մեր հաւաքականը 12 միաւորով շարունակում է գլխաւորել մրցաշարային աղիւսակը եւ հետապնդող մրցակիցներից առաջ է անցել արդէն 3 միաւորով:
Աւելացնենք, որ յուլիսի 25-ին Հայաստանի մրցակիցը կը լինի Ադրբեջանի հաւաքականը, որը ներկայումս ընթանում է 7-րդ տեղում: