Ըստ Ժիրայր Փափազեանի, Ֆրանսիայում հայկական մշակոյթը հովանաւորներ գրեթէ չունի
27-07-2011 12:20:09 | Հայաստան | Մշակոյթ
Օրերս «Նարեկացի» արուեստի միութիւնում հանրութեան դատին է յանձնուել Փարիզում ֆրանսերէն լեզուով բեմադրուած Տիգրան Չուխաջեանի «Կ'արինէ» օպերետը: Ինչպէս յուլիսի 27-ի ասուլիսում տեղեկացրեց ֆրանսահայ բեմադրիչ, դերասան Ժիրայր Փափազեանը, օպերետը Փարիզում յաջողութեամբ ընդունուելուց յետոյ, իրենք հրաւէրներ են ստացել նաեւ Մարսելի «Օդէոն» թատրոնից, որը հանդիսանում է օպերետների օրրանը: «Ֆրանսիական թերթերը գրում էին , թէ որքան ճիշտ էր «Օդէոն»-ի թատերաշրջանը բացել հէնց Տ.Չուխաջեանի «Կ'արինէ» օպերետով»,- ասաց Ժ.Փափազեանը:
Նա նշեց նաեւ, որ դերասանի հիմնական առաքելութիւնը դերասանութիւնն ու թատրոնն է, բայց, որպէս հայ, իր պարտքն է համարում հայկական գործերը ներկայացնել Եւրոպայի հանդիսատեսին: «Հայկական գործերի համար ոչ ոք գումար չի տալիս, նոյնիսկ Ֆրանսիայի հայկական համայնքից յոյս չկայ, քանզի Ֆրանսիայում հայկական մշակոյթով հետաքրքրուողներ չկան»,- ասաց դերասանը` յաւելելով, որ դահլիճում հարիւրաւոր եւրոպացիների կողքին կարելի է հանդիպել ընդամէնը մի քանի հայ հանդիսատեսի: