Հայ շախմատիստների յաջողութիւնների գրաւականը հաւաքականում առողջ մթնոլորտն է (video)


Հայ շախմատիստների յաջողութիւնների գրաւականը հաւաքականում առողջ մթնոլորտն է (video)

  • 28-07-2011 12:44:05   | Հայաստան  |  Սպորտ



Միասնութեամբ կարելի է հասնել փայլուն յաղթանակների բոլոր ոլորտներում,- անդրադառնալով Շախմատի աշխարհի 8-րդ թիմային առաջնութիւնում Հայաստանի Շախմատի հաւաքականի յաղթանակին, «Երկիր Մեդիայ» հեռուստաընկերութեան «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ այս մասին նշեցին Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտեանը եւ Հայաստանի Շախմատի հաւաքականի նախկին մարզիչ Արմէն Համբարձումեանը։ Ըստ նրանց, յաղթանակը շատ կարեւոր է, այն ցոյց է տալիս, որ բոլոր բնագաւառներում կարելի է հասնել նման փայլուն յաղթանակների, եթէ լինի նոյն մթնոլորտը, հոգատարութիւնն ու ընդհանուր գործի ու աշխատանքի հանդէպ սրտացաւ վերաբերմունքը, որ կայ Շախմատի Հայաստանի հաւաքականում։ «Եթէ անյաջողութիւններ ունենք, ապա դրանց պատճառը մեր մէջ պէտք է փնտրենք»,- ասաց Ս.Լպուտեանն, ընդգծելով, որ Հայաստանի շախմատի հաւաքականով անձամբ զբաղւում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը։ Նշուեց, որ թիմի հաջոդութեան գրաւականն է տիրող առողջ մթնոլորտը՝ հիմնուած «մէկը՝ բոլորի եւ բոլորը՝ մէկի համար» սկզբունքի վրա։ Շախմատիստների շարքում Ֆեդերացիայի առաջին փոխնախագահն առանձնացրեց առաջատարին՝ Լեւոն Արոնեանին, սակայն նշեց նաեւ, որ իր բարերար ազդեցութիւնը ունեցաւ նաեւ Սերգեյ Մովսիսեանի մուտքը հաւաքական. «Դա հզօր շախմատային ուժ է, որովհետեւ շատ փորձառու շախմատիստ է»,- ասաց նա։ Սմբատ Լպուտեանը գտնում է, որ թիմում տիրող մթնոլորտը դրականօրէն ազդեց նաեւ մէկ տարի անվստահ հանդէս եկող Վլադիմիր Յակոբեանի վրա։ Գաբրիէլ Սարգսեանը նոյնպէս լաւ էր խաղում, «բայց աւելին ենք սպասում, որովհետեւ ինքն է եղել մեր հիմնական հարուածողը»։ Ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալի գնահատմամբ, իրեն դրականօրէն դրսեւորեց նաեւ թիմի երիտասարդ անդամը՝ Ռոբերտ Յովհաննիսեանը: Հայաստանի հաւաքականի թիմային յաղթանակները՝ Շախմատի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի չեմպիոն, աշխարհի երեք առաջնութիւններում բրոնզէ մեդալակիր, Եւրոպայի գաւաթակիր Հայաստանը դասել են աշխարհի ուժեղագոյն շախմատային տէրութիւնների շարքին։ Ներկայումս արտերկրում մարզչական աշխատանքով զբաղուող Արմէն Համբարձումեանը իր վրայ է զգում հայ շախմատիստների բարձր վարկանիշի ազդեցութիւնը, վերաբերմունքը նոյնպիսին է, ինչպիսին կ'ունենայ այլ երկրներ մեկնած բրազիլացի ֆուտբոլային մարզիչը։ Ա.Համբարձումեանը յիշում է, որ բոլորի համար անակնկալ էր այն, որ 1992թ. առաջին անգամ Հայաստանի հաւաքականը մեկնեց Շախմատի օլիմպիադայ եւ նուաճեց բրոնզէ մեդալներ Ֆիլիպիններում։ Մինչ այդ Շախմատի օլիմպիադայում հանդէս էր եկել միայն Ռաֆայէլ Վահանեանը, այն էլ՝ Խորհրդային Միութեան հաւաքականի կազմում։ «Հիմա տղաները ապացուցում են, որ կարեւոր չէ լինել աստղերի թիմ, կարեւոր է, որ թիմում լինի շատ լաւ մթնոլորտ։ Արմէն Համբարձումեանի կարծիքով, բաւականին ուժեղ կազմ ունեցող Ադրբեջանն անընդհատ մարզիչներ է հրաւիրում, գումարներ ծախսում, բայց չի կարողանում ստեղծել այդ մթնոլորլտը։ Սմբատ Լպուտեանի գնահատմամբ, Չինաստանում անցկացուած աշխարհի առաջնութիւնը ամենահզօր առաջնութիւնն էր. խաղում էին 9 ուժեղագոյն թիմեր, նրանց մի փոքր զիջում էր Աֆրիկայի չեմպիոն Եգիպտոսի հաւաքականը։ Հայաստանի հաւաքականի ամենադժուար հանդիպումներն էին Ռուսաստանի, Ուկրաինայի ու Ադրբեջանի հաւաքականների հետ հանդիպումները՝ բոլոր երեքը շատ ուժեղ թիմեր են, վերջինի դէպքում նաեւ «կայ մի ներքին լարուածութիւն», անպայման յաղթելու մղում։ Ուժեղ թիմեր էին նաեւ Չինաստանի, Հունգարիայի, Ամն-ի թիմերը։ Սմբատ Լպուտեանը գտնում է, որ շախմատը շատ օգտակար է արժանաւոր մարդու ու քաղաքացու կերտման համար: Մարզաձեւը մարդու մէջ զարգացնում է լաւագոյն մարդկային գծերն ու որակները, եւ դրանց թւում ամենակարեւորը ազնուութիւնն է՝ մարդը կարողանում է պարտուել, վերլուծելով սեփական սխալները։
  -   Սպորտ