Ամերիկացի Բիլն ու հայուհի Անին Գոռ Կիրակոսեանի նոր՝ երկլեզու ֆիլմում


Ամերիկացի Բիլն ու հայուհի Անին Գոռ Կիրակոսեանի նոր՝ երկլեզու ֆիլմում

  • 29-07-2011 14:42:39   | Հայաստան  |  Մշակոյթ

Մի քանի օր է, ինչ աւարտուել են հայ-ամերիկեան՝ «Կորել եւ գտնուել է Հայաստանում», համատեղ ֆիլմի նկարահանումները, որոնք իրականացնում է Լոս Անջելեսում հիմնադրուած «Red Tie» անկախ կ'ինոստուդիան: Սա կ'ինոստուդիայի արտադրութեան առաջին երկլեզու լիամետրաժ ֆիլմն է: Նկարահանումները սկսուել են մարտի վերջերին Ամն-ում եւ տեւել են 6 օր, իսկ յունիսի 6-ից յուլիսի 15-ը շարունակուել են Հայաստանի գիւղերում: Ֆիլմի ռեժիսորը Գոռ Կիրակոսեանն է, ով յայտնի է իր «Մեծ պատմութիւն՝ փոքր քաղաքում» ֆիլմով, պրոդիւսերներն են ամերիկահայ Վալերի Մաքքէֆրին եւ Մարալ Ջերեջիանը, գլխաւոր դերերը կատարում են հոլիւուդեան դերասան Ջեյմի Քէնեդին եւ ամերիկահայ դերասնուհի Անժէլայ Սարաֆեանը: Այս ռոմանտիկ կատակերգութիւնը ամերիկացի տղայի` ԱՄՆ սենատորներից մէկի որդու մասին է, ում լքել է ընկերուհին: Նա ընկերների հետ մեկնում է Թուրքիայ՝ հանգստանալու: Օդապարիկով թռչելիս դրա պարանը պոկւում է ջրային մոտորանաւակից, եւ հերոսը յայտնւում է հայկական գիւղերից մէկի գոմում: Ջեյմիի մարմնաւորած հերոսը՝ Բիլը, ուշքի գալով, մտածում է, թէ Թուրքիայում է եւ սկսում է թուրքերէն բառեր ասել: Երկու հայ գիւղացիները, որոնց դերերում Հրանտ Թոխատեանն ու Միքայէլ Պօղոսեանն են, նրան թուրք լրտեսի տեղ են դնում: Գլխաւոր հերոսուհին՝ Անին, փրկում է տղային, այնուհետեւ տղան է փրկում նրան: Իրար հետ բացարձակապէս կապ չունեցող այս երկու մարդիկ սիրահարւում են եւ գեղեցիկ հայուհին դառնում է անսպասելի հիւրի արկածների եւ դժուարութիւնների ընկերը: Նկարահանումների աւարտից մի քանի օր առաջ «Նոյեան Տապան-փաստ»-ի թղթակիցը հանդիպեց ֆիլմի հիմնական անձնակազմի անդամների հետ՝ քննարկելու ֆիլմի ստեղծման պատմութիւնն ու առանձնայատկութիւնները: Գոռ Կիրակոսեանը, նշեց, որ իր համար շատ հետաքրքիր էր, որ ֆիլմի նկարահանման համար ընտրուած տարածքները ծանօթ չէին նոյնիսկ հայաստանցի դերասաններին: «Շատ ուրախ եմ, որ ոչ միայն ամերիկեան, վրացական դերասանների խմբերը, այլեւ այստեղի հայերը տեսան, թէ որքան հետաքրքիր վայրեր կան Հայաստանում»,- յաւելեց ռեժիսորը: Թէեւ նա յայտնեց, որ նկարահանումները կատարուել են Երեւանի մերձակայ գիւղերում, բայց չցանկացաւ բացայայտել, թէ կոնկրէտ որ: Նրա խօսքերով, ֆիլմը դիտողների համար գիւղը որպէս «վատ ու կեղտոտ» տեղ չի երեւալու, այլ մի հեքիաթային վայր, որտեղ իրականում չափազանց բարի մարդիկ են ապրում՝ պատրաստ ամէն հարցով օգնելու դրա կարիքն ունեցողին: Ֆիլմի ռեժիսորը, ով նաեւ հեղինակել է սցենարը Քրիստ Մանարեանի եւ Նարեկ Ղափլանեանի հետ, նշեց, որ ֆիլմի հիմնական գաղափարն այն է, որ մէկը, ում դու սկզբնապէս որպէս թշնամի ես ընդունում, կարող է եւ քո հերոսը դառնալ: Մեկնաբանելով, թէ ինչու է ընտրել հէնց այդ դերասանական կազմը՝ Գ.Կիրակոսեանը նշեց, որ սցենար գրելիս երբեք չի մտածում, թէ որ դերասանն է կատարելու տուեալ դերը, այլ կենտրոնանում է լաւ կերպար ստեղծելու վրայ: «Կերպարները ստեղծելուց յետոյ, Վալերիի հետ, ով 30 տարի Հոլիւուդում քասթինգ տնօրէն է աշխատել, ընտրեցինք այն դերասաններին, ովքեր ճշգրտօրէն կը կարողանան մարմնաւորել ստեղծուած կերպարներին»,- աւելացրեց նա: Գործի մէջ յաջողելու գաղտնիքը, ըստ երիտասարդ ռեժիսորի, մեծապէս կախուած է պրոֆէսիոնալիզմից: Օրինակ, մինչ նկարահանումների սկիզբը տեխնիկական անձնակազմը մի քանի անգամ եղել է այդ տարածքում, քննարկել բոլոր մանրուքները եւ նկարահանման արդէն եկել է լիովին պատրաստուած: «Քանի որ հիմնական գործ անող մարդկանց դրսից եմ բերել, նկարահանումներում գործում է հոլիւուդեան սիստեմը, այսինքն՝ իւրաքանչիւրն ունի իր պարտականութիւնները, ամէն մարդ անում է իր գործը՝ նպաստելով ընդհանուր գործի արագ առաջ գնալուն եւ յաջողութեանը»: Այս հարցին անդրադարձաւ նաեւ հանդիպմանը ներկայ դերասան Հրանտ Թոխատեանը. «Խումբը բաւականին հաւաքուած է: Գալով նկարահանման հրապարակ՝ դերասանը արդէն գիտի՝ ինչ է անելու, որ կտորն է նկարուելու, ոչ թէ ժամերով սպասում ես մինչեւ, ասենք, լոյսերը դնեն, տեղանքը պատրաստեն: Դերասանի համար ստեղծուած են բոլոր պայմանները, որի արդիւնքում էկրանին թարմ աչքեր են երեւում: Մեր նկարահանման հրապարակում աշխատում են տարբեր ազգութեան մարդիկ՝ հայ, ամերիկացի, վրացի, իտալացի, հրէայ: Մարդիկ խօսում են 4 լեզուներով, բայց դրա հետ մէկտեղ կայ ամենակարեւորը, միաւորիչը՝ կինոյի լեզուն, որով բոլորս իրար հասկանում ենք»,- նշեց դերասանը՝ յաւելելով. «Ժամանակին, երբ կար «հայ ֆիլմ» հասկացութիւնը, կային եւ պրոֆէսիոնալներ: Այսօր նրանք շատ քիչ են: Եւ սա ամենակարեւոր հարցն է: Ես բարի նախանձով էի նայում, թէ ինչպէս էին մեր նկարահանման հրապարակում աշխատում վրացիները: Ճիշտ է, մենք էլ մասնագէտներ ունենք, բայց նրանք հաւաքուած չեն, ինչպէս որ ուլունքները: Առանձին-առանձին այնքան էլ արժէք չեն ներկայացնում, բայց երբ հաւաքւում են, մէկ գեղեցիկ շղթայ են կազմում: Այ, մեզ պէտք է այդ շղթան կառուցել»: Դերասանի խօսքերով, նոյն վիճակն է նաեւ այսօրուայ մեր հեռուստատեսութիւնում՝ չկան իսկական պրոֆէսիոնալներ: Եւ եթէ կինոյում կամաց-կամաց առաջընթաց նկատւում է, ապա հեռուստատեսութիւնում այդ էլ չկայ: Հ.Թոխատեանը հոլիւուդեան դերասանների հետ աշխատանքը շատ է կարեւորում, քանի որ, լինելով տարբեր դպրոցների ներկայացուցիչներ, նրանք տարբեր կերպ են ամէն ինչ պատկերացնում եւ իրարից սովորելու շատ բան ունեն: «Մեր դերասանները հաւատ չունեն իրենք իրենց նկատմամաբ, մտածում են՝ ես ուր, Հոլիւուդն ուր: Բայց մեր դերասնների կրթութիւնը ոչնչով չի զիջում հոլիւուդեաններին: Նոյն բեմահարթակի վրայ խաղում էին եւ մեր դերասնները, եւ այնտեղից հրաւիրուած լաւ դերասանը: Ես չէի ասի, թէ մէկն աւելի լաւն է, քան միւսը»,- հաւատացնում է Հ.Թոխատեանը: Հայազգի դերասանը գտնում է, որ այս ֆիլմը մեծ հնարաւորութիւններ է տալիս հայաստանցի դերասններին՝ աւելի բարձր աստիճանի վրայ բարձրանալու, աշխարհում երեւալու համար, ցոյց տալու, որ մենք էլ տաղանդաւոր դերասաններ ունենք: Բացի այդ, եթէ ֆիլմը յաջողութիւն ունենա, շատերը կհասկական, որ ֆիլմարտադրութիւնը նոյնպէս բիզնես է եւ գումարներ կը ներդնեն այս գործում, ինչն էլ կը նպաստի կինոարտադրութեան որակի բարձրացմանը: Ֆիլմի պրոդիւսեր Վալերի Մաքքէֆրին նշեց, որ կարող էին նկարահանումները մէկ այլ տեղ կատարել, ինչը գուցէ աւելի հեշտ կը լինէր, բայց, ըստ նրա, «Հայաստանը մեր հայրենիքն է, եւ մենք ուզում ենք աշխարհին ցոյց տալ մեր երկիրը եւ առաջ տանել մեր հայ դերասաններին»: «Պէտք է անպայման զարգացնել մեր մշակոյթը, այն ներկայացնել աշխարհին եւ մշակոյթով ասել, թէ մենք ով ենք, ինչ ենք անում եւ ինչ ենք ուզում ասել: Սա մեզ մօտ միշտ պակաս է»,- վստահեցրեց ամերիկահայ պրոդիւսերը: Նրա խօսքերով, ֆիլմի ամբողջ ֆինանսաւորումը Հայաստանից է եկել՝ 3 մարդկանցից, ովքեր հաւատացել են այս նախագծի ապագային եւ ներդրում են արել: Բայց պրոդիւսերը, ընդառաջ գնալով ֆինանսաւորողների ցանկութիւնը, չյայտնեց նրանց անունները՝ գաղտնի պահելով նաեւ ներդրման չափը: Դերասանուհի Անժէլայ Սարաֆեանի խօսքերով, նա ընդամէնը 4 տարեկան էր, երբ ընտանիքի հետ մեկնեց ԱՄՆ. «Այս ֆիլմը շատ իւրայատուկ է ինձ համար, որովհետեւ վերադարձայ հայրենիք... Երեւան գալիս չէի պատկերացնում՝ ինչ է կատարուելու ինձ հետ: Իմ մէջ եւ՛ տխրութիւն կար, եւ՛ կարօտ, եւ՛ սէր... Բայց այստեղ ամէնը կարծես լուսաւորուեց»,- պատմում է Անժէլան՝ նշելով, որ շատ բացայայտումներ է արել հայրենիքում՝ ինչպէս բնութիւնը, այնպէս էլ մարդիկ հիանալի են ու բացառիկ: Նրան յատկապէս հիացրել են գիւղի բնակիչները, որոնց մէջ զարմանալի քանակութեամբ սէր ու պատրաստակամութիւն է տեսել, ինչը շատ է հեշտացրել նրանց հետ աշխատանքը: Դերասանուհին նշում է, որ լաւ դաշնամուր է նուագել, բալետով է զբաղուել, բայց դրանք արտայայտուելու համար բաւարար հնարաւորութիւններ չեն տուել նրան: «Ես սկսեցի դերասանութեամբ զբաղուել եւ հասկացայ, որ դա այն է, ինչ ուզում եմ: Ես սկսեցի մարդկանց իմ կերպարների միջոցով ճանաչել: Զգում եմ, որ մեծանում եմ այդ տեսանկիւնից»,- հաւատացնում է նա: Ջեյմի Քէնեդին, ով հանրութեանը յայտնի է «Սարսափ-1», «Սարսափ-2», «Դիմակ» ֆիլմերից, խոստովանոց, որ ինքն ընդհակառակը կեանքում բացի դերասնութեամբ զբաղուելուց, ուրիշ ոչինչ չի արել: Փոքրուց շատ «խենթութիւններ» է արել, եւ ծնողները միշտ ասել են, որ իրենց տղան զուարճացնող պիտի լինի: «Միշտ այնպիսի ֆիլմերում եմ նկարահանուել, որոնք կոմեդիաներ են եղել, ծիծաղացնելու համար, բայց հիմա՝ 40-ն անցնելուց յետոյ, ես զգում եմ, որ աճել եմ եւ ուզում եմ այնպիսի պրոյեկտներ, որոնք ասելիք կ'ունենան: Կարծում եմ, որ այս ֆիլմը այդ պրոյեկտն է, երբ 2 տարբեր կուլտուրաներ միացուել են իրար՝ ինչ-որ բան ասելու համար: Ես շատ ուրախ կը լինեմ, որ այս ֆիլմը հայերին ցոյց տա ամերիկացիներին, եւ ամերիկացիներին ցոյց տա հայերին»,- նշում է նա: Ջեյմին իր նկարահանած կովերի կադրերն էր ցոյց տալիս եւ ոգեւորուած պատմում էր, որ Միացեալ Նահանգներում աւտոմեքենաներից բացի ուրիշ ոչինչի չի հանդիպում փողոցներում, մինչդեռ Հայաստանում մարդիկ նոյնիսկ ուժեղ արեւի տակ ժամերով կովերին են ուղեկցում: «Ես շատ ոգեւորուած էի, որ մարդիկ իրենք են իրենց տները կառուցում, իրենց ուտելիքն են պատրաստում: Մի օր էլ ինձ համար 3 սերունդների ներկայացուցիչներով՝ տատիկը, աղջիկը եւ թոռնիկը, հայկական աւանդական ուտելիք՝ տոլմայ պատրաստեցին: Ես շատ զգացուած էի: Ուրախ եմ, որ այստեղ մարդիկ իրար հետ են սեղան նստում: Ամերիկացիները անընդհատ վազքի մէջ են, իսկ հայերը միասին լինելը, իրար հետ ժամանակ անցկացնելն են վայելում»,- ոգեւորութիւնը չէր թաքցնում հոլիւուդեան դերասանը: Նրա խօսքերով, Ամերիկայի բոլոր հնարաւոր տարածքներում նկարահանումներ արդէն եղել են, իսկ Հայաստանը չբացայայտուած տարածքներ ունի, որոնք շատ յարմար են ու գեղեցիկ նաեւ այդ տեսանկիւնից: «Շատ տեղերում եմ նկարահանուել, բայց սա լրիւ ուրիշ էր: Ես հակացել եմ, թէ ով եմ: Շատերն այստեղ անգլերէն չեն խօսում, եւ յաճախ եմ մենակ լինում, հնեռուստացոյց նայելիս բան չեմ հասկանում եւ խորասուզւում եմ մտքերիս մէջ»,- անկեղծացաւ Ջեյմին: Ֆիլմի ղեկավար անձնակազմը խոստացաւ անել ամէն ինչ, որ այն պատրաստ լինի մինչեւ այս տարուայ վերջ կամ միւս տարուայ սկիզբ: Ֆիլմի տեւողութիւնը լինելու է մօտ 1 ժամ 45 րոպէ: Պրոդիւսերները խոստացան նաեւ, որ ֆիլմը կը ներկայացուի կինոփառատօնների, յատկապէս ջանքեր կը գործադրուեն այն Կ'աննի կինոփառատօն հասցնելու համար: Անի Ռափեան
  -   Մշակոյթ