Տեղի ունեցաւ ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միութիւնների համահայկական 11-րդ բանակումի բացումը


Տեղի ունեցաւ ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միութիւնների համահայկական 11-րդ բանակումի բացումը

  • 04-08-2011 17:17:17   | Հայաստան  |  Քաղաքական
ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միութիւնների համահայկական 11-րդ բանակում-հայրենագնացութեան բացման արարողութիւնը տեղի ունեցաւ օգոստոսի 4-ին: Այն սկսուեց Հայաստանի Հանրապետութեան եւ Դաշնակցութեան օրհներգով: Ներկայացնելով բանակումի նպատակը, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանն ասաց. «Այս բանակումի հիմնական նպատակն այն է, որ առանձին միաւորների ներկայացուցիչները կարողանան այնքան ճանաչել մէկը միւսին, որ այն դառնա յաւէրժութիւն տանող ընկերութեան սկիզբ»: Նրա խօսքերով, ցանկացած ընկերութեան հիմքում ընկած է միացնող բարոյական արժէքախումբ , իսկ «այս դէպքում դա Հայաստանն է եւ հայ ժողովուրդը»: ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արսէն Համբարձումեանը նշեց, որ տասնամեայ պատմութիւն ունեցող բանակումները լաւ առիթ են քննարկումներ կազմակերպելու, միմեանց հետ շփուելու եւ ապագայի ծրագրեր կազմելու համար: «Գիտելիք , հաւատ, կամք. սա է յաջողութեան հասնելու գրաւականը», - նշեց նա, յաւելելով, որ որպէս ազգ կայանալու համար առաջնահերթ պէտք է կայունացնել մարդկային կապիտալը: «Ես շատ ուրախ եմ, որ հնարաւորութիւն ունեմ հայրենիք գալու եւ իմ հայրենակիցների հետ շփուելու», - նշեց Յարութիւն Սպարտարեանը, ով ներկայացնում էր ՀՅԴ Յունաստանի երիտասարդական միութիւնը: Ըստ նրա, սա շատ լաւ առիթ է, որ հայ երիտասարդները ծանօթանան միմեանց հետ եւ համախմբուեն: Նշենք, որ բանակումը տեւելու է մինչեւ օգոստոսի 11-ը: Այդ ընթացքում 10 երկրի երիտասարդական միութիւնների 100 երիտասարդներ 4 օր անցկացնելու են Աղուերանում, 4 օր` Արցախում:
  -   Քաղաքական