Պարսկահայ առօրեան` թանձրացած Սմբատի կտաւներում


Պարսկահայ առօրեան` թանձրացած Սմբատի կտաւներում

  • 12-08-2011 15:44:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Ազգային գրադարանում տեղի ունեցաւ Կալիֆորնիայի համալսարանի դոկտոր, Հայաստանի Ամերիկեան համալսարանի ուսումնական հարցերի փոխնախագահ Արմէն Տէր Կիւրեղեանի «Սմբատի կեանքը եւ արուեստը» անգլերէն գիրք-ալբոմի շնորհանդէսը, որը բացուեց ՀԱԳ տնօրէնի ժամանակաւոր պաշտօնակատար Տիգրան Զարգարեանի ողջոյնի խօսքով: Գիրք-ալբոմը ներկայացնում է հեղինակի հօր` յայտնի գեղանկարիչ Սմբատ Տէր-կիւրեղեանի անցած ճանապարհը` Իրանից մինչեւ ԱՄՆ, որի ընթացքում սակայն գեղանկարիչը չի կորցրել իր ինքնութիւնը, իր կտաւներում հարազատ է մնացել հայկական թեմաներին: Ներկայացուող ալբոմն ամփոփում է Սմբատ Տէր Կիւրեղեանի անձնական, ընտանեկան լուսանկարներ, նրա հեղինակած շուրջ 190 գեղանկարներ: Սմբատ Տէր Կիւրեղեանը ծնուել է 1913թ. Սպահանում: Նկարչութեան հանդէպ նրա սէրն ի յայտ է եկել դեռ մանկուց: Նոյնիսկ պահպանւում են իր ուսուցչուհու յուշերը, որը չնայած գրաւոր աշխատանքներում թոյլ տրուած սխալներին` հիացել է Սմբատի մարգարտաշար ձեռագրով եւ լուսանցքներում արուած նրա նկարներով: 1980թ. Սմբատը գաղթել է ԱՄՆ, բնակութիւն հաստատել Լոս Անջելեսում: Այստեղ նա շարունակել է ստեղծագործել` բացելով ցուցասրահ եւ սեփական աշխատանքներով ամերիկացիներին ներկայացնելով իրանահայ առօրեան: Նա առաջին անգամ Հայաստան է եկել 1991թ., սիրահարուել բնաշխարհին: Այդ տպաւորութիւնները նա ներկայացրել է հայրենի բնաշխարհին, եկեղեցիներին նուիրուած շարքում: Իր գեղանկարների մեծ մասը հայկական կենցաղն ու ազգային աւանդութիւններն են պատկերում: Սմբատ Տէր Կիւրեղեանը մահացել է 1999թ. Ամն-ում` թողնելով հարուստ ստեղծագործական ժառանգութիւն. շուրջ տասը հազար արուեստի գործեր, որոնք սփռուած են աշխարհով մէկ: Նրա թողած մշակութային ժառանգութեան կարեւորագոյն մասն է նաեւ «սմբատիզմ» գեղանկարչական ոճը, որին ծանօթ են աշխարհի շատ գեղանկարիչներ: Դա իրենից ենթադրում է նկարներ` արուած թերթերի վրայ: Ազգային գրադարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Ա.Տէր Կիւրեղեանը ի թիւս գեղանկարչի միւս աշխատանքների, ներկայացրեց նաեւ «Սմբատիզմի» ոճով արուած գործեր` իրանահայ «Ալիք» օրաթերթի վրայ: Իր ելոյթում, բացի գեղանկարիչ հօրը ներկայացնելուց` հեղինակը պատմական ակնարկ արեց Ջուղայի հայկական իրականութեան մասին, մասնաւորապէս եկեղեցիների, տեղի հայկական ճարտարապետութեան առանձնայատկութիւնների, միջավայրի մասին, որտեղ ծնուել եւ մեծացել է Սմբատ Տէր-կիւրեղեանը: Խօսելով Տէր-կիւրեղեանների ընտանիքի մասին` Ա.Կիւրեղեանն առանձնացրեց մեծ պապին` հոգեւորական Տէր Կիւրեղին, որի գերեզմանն ի դէպ, նա պատահաբար գտել է 2005թ. Կալկաթայում: Էկրանին ցուցադրելով ալբոմում ամփոփուած գեղանկարներն ու լուսանկարները` Արմէն Տէր Կիւրեղեանը հանգամանօրէն ներկայացրեց դրանց բովանդակութիւնը: Ուշագրաւ էր նրա նկարներից մէկը յատկապէս, որտեղ իր ընտանիքի անդամներն են` ձիու կառքին նստած եւ անցնում են ձմեռային Ջուղայի փողոցներով: Այդ նկարն, ըստ Ա.Տէր Կիւրեղեանի, ընտանեկան ուրոյն այցեքարտ է: -Սմբատի գեղանկարների հիմնական թեման պարսկահայ առօրեան է, գիւղացիների կենցաղը, սովորոյթները: Քաղաքի տեսարանները նկարելիս սիրում էր, որ մարդիկ լինեն, դատարկ փողոցնէր չէր նկարում,-ասաց նա` աւելացնելով, որ Սմբատը գեղանկարչութեան մէջ վարպետացել է հիմնականում ինքնակրթութեամբ: Գիրք-ալբոմի առաջաբանի հեղինակն ազգագրագէտ Լեւոն Աբրահամեանն է: Նա առանձնացնում է այն փաստը, որ Սմբատ Տէր Կիւրեղեանը ուրոյն տեխնիկայ է ներմուծել պարսկական արուեստ: Իսկ նրա արուեստի կարեւորութիւնը նա կապում է ազգագրութեան հետ: -Սմբատը պարսկահայ գիւղական այնպիսի աւանդոյթներ, կենցաղային տեսարաններ է նկարել, որ այդ նկարները կարելի է համարել սկզբնաղբիւր, քանի որ այդ գիւղերը չկան այսօր: Ես կարծում եմ` բացի գեղարուեստական մեծ արժանիքներից, ազգագրութեան տեսանկիւնից այդ նկարներն ունեն խիստ կարեւոր նշանակութիւն,- նշեց Լ.Աբրահամեանը: Իսկ ալբոմի ձեւաւորող Յարութիւն Սամուէլեանը նշեց, որ Սմբատի կեանքը եւ արուեստը միաձուլուած են իրար, ներդաշնակ են խիստ: Նշենք նաեւ, որ Սմբատը ջրաներկի հինգ յայտնի վարպետներից մէկն է, որոնցից չորսը հայ են եւ Նոր Ջուղայից: Ցանկացողները կարող են ծանօթանալ Սմբատի կեանքին եւ ստեղծագործութիւններին www.sumbat.com կայք-էջում: Գոհարինէ Ջուլհակեան
  -   Մամլո հաղորդագրություն