<br /> Քննարկել են Հայաստանի եւ ՉԺՀ Գուանդուն նահանգի միջեւ համագործակցութեան հնարաւորութիւնները<br />



Քննարկել են Հայաստանի եւ ՉԺՀ Գուանդուն նահանգի միջեւ համագործակցութեան հնարաւորութիւնները

  • 22-08-2011 18:53:59   |   |  Տնտեսութիւն
Աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետութիւնում գտնուող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գէորգեանը օգոստոսի 22-ին հանդիպեց Գուանդունի փոխնահանգապետ Սեաոյ Չժիհենի հետ: Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի եւ Գուանդուն նահանգի միջեւ համագործակցութեան հնարաւորութիւններին եւ ուղղութիւններին վերաբերող հարցեր: Փոխնահանգապետը ներկայացրեց Չինաստանի ամենահզօր նահանգներից մէկը համարուող Գուանդունի տնտեսական ներուժն ու հզօրութիւնները` տեղեկացնելով, որ զարգացած է գիւղատնտեսութիւնը, արդիւնաբերութեան մի շարք ճիւղեր, իսկ նահանգային կենտրոն Գուանջոու քաղաքը համարւում է Չինաստանի խոշոր առեւտրային կենտրոններից: Սեաոյ Չժիհենը նշեց, որ իրենք հետաքրքրուած են Հայաստանի հետ յարաբերութիւնների զարգացմամբ, եւ փոխշահաւէտ ծրագրերի իրականացման պատրաստակամութիւն յայտնեց: Նահանգում մտադիր են զարգացնել զբօսաշրջութիւնը, եւ փոխգործակցութեան համար հեռանկարային համարուեցին ինչպէս այդ, այնպէս էլ գիւղատնտեսութեան ոլորտները: Անդրադարձ եղաւ նաեւ գիւղատնտեսութեան ոլորտի վերամշակող ձեռնարկութիւնների արտադրանքի` Հայաստանից Գուանդուն արտահանման հարցերին: Հանդիպմանն առանձին քննարկուեց Հայաստանում իրականացուող ծրագրերին Գուանդունի ընկերութիւնների մասնակցութեան հարցը` հաշուի առնելով, որ նահանգում գործում են տեխնոլոգիական եւ մեքենաշինական խոշոր ընկերութիւններ: Խօսուեց նաեւ ՀՀ մարզերի եւ Գուանդունի միջեւ ապակենտրոնացուած մակարդակով համագործակցութեան հաստատման մասին: Ա.Գեւորգյեանը նշեց, որ Հայաստանը շահագրգռուած է տարածաշրջանների միջեւ ուղիղ շփումների հաստատմամբ, եւ փոխնահանգապետին հրաւիրեց Հայաստան` հնարաւորութիւններին տեղում ծանօթանալու համար:
  -   Տնտեսութիւն