Հայաստանի Պետեկամուտների կոմիտէն հերքում է նախագահի հրաժարականի մասին լուրը <br /> <br />


Հայաստանի Պետեկամուտների կոմիտէն հերքում է նախագահի հրաժարականի մասին լուրը

  • 23-08-2011 15:42:55   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Հայաստանի պետեկամուտների կոմիտէն հերքել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրեանի հրաժարականի մասին լուրը: Ինչպէս նշուած է ՊԵԿ հաղորդագրութեան մէջ, իրականութեանը չեն համապատասխանում հրաժարականի մասին հայաստանեան մամուլում հրապարակուող տեղեկութիւնները, ինչպէս նաեւ այն, որ արտերկրում Գագիկ Խաչատրեանը ձեռք է բերել մասնաւոր սեփականութիւն: «Ակնյայտ է, որ այդ ամէնն արւում է ոչ միայն համակարգի ներսում անվստահութեան եւ անկայունութեան մթնոլորտ ձեւաւորելու նպատակով, այլեւ հասարակութեան շրջանում կառոյցի գործունէութեան նկատմամբ բացասական վերաբերմունք եւ թերահաւատութիւն առաջացնելու մղումներով: Նման պահուածքը թոյլ է տալիս եզրակացնել, որ պետբուջէի հաւաքագրման գործում Պեկ-ի արձանագրած յաջողութիւնները, ինչպէս նաեւ բարեփոխումների լայնածաւալ գործընթացը, որ իրականացւում է համակարգում, չգիտես ինչու, ազդել են որոշ անձանց եւ լրատուամիջոցների «նեարդերի» վրայ: Բնականաբար, բոլոր այդպիսի հրապարակումները իրականութեան հետ առնչութիւն չունեն. համակարգը շարունակում է բնականոն գործունէութիւնն իր առջեւ դրուած խնդիրների կատարման ուղղութեամբ: Ինչ վերաբերում է ապատեղեկատուութիւն տարածող լրատուամիջոցներին, ապա ցանկալի կը լինէր, որ նրանք փորձէին փոխել իրենց մօտեցումը` հրապարակելով առողջ քննադատութիւն եւ միայն փաստարկուած տեղեկատուութիւն` այդպիսով նպաստելով պետութեան համար կարեւոր այն խնդիրների լուծմանը, որն իրականացնում է Պետական եկամուտների կոմիտէն»,- ասուած է ՊԵԿ տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի յայտարարութեան մէջ:
  -   Տնտեսութիւն