Յարուցուել է քրէական գործ մանկաբարձ-գինեկոլոգի կողմից մասնագիտական պարտականութիւնները ոչ պատշաճ կատարելու դէպքի առթիւ<br /> <br />


Յարուցուել է քրէական գործ մանկաբարձ-գինեկոլոգի կողմից մասնագիտական պարտականութիւնները ոչ պատշաճ կատարելու դէպքի առթիւ

  • 06-09-2011 18:19:17   | Հայաստան  |  Հասարակութիւն
Հայաստանի գլխաւոր դատախազի տեղակալի ցուցումով ոստիկանութեան Վայոց Ձորի քննչական բաժնում յարուցուել է քրէական գործ` ՀՀ քրէական օրէնսգրքի 130-րդ յօդուածով /Բժշկակական օգնութիւն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականութիւնները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը/, նշանակուել է դատաբժշկական փորձաքննութիւն: Այս մասին հաղորդում է ՀՀ գլխաւոր դատախազութեան մամուլի ծառայութիւնը, որը, հաշուի առնելով հանրութեան հետաքրքրութիւնը դէպքի կապակցութեամբ, ներկայացրել է տեղեկատուութիւն սեպտեմբերի 5-ի դրութեամբ պարզուած հանգամանքների վերաբերեալ ։ Գնդեվազ գիւղի բնակչուհի Արմինէ Թորոսեանը փետրուարի 2-ին որպէս յղի հաշուառուել է «Վայքի բուժական միաւորում» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում: Ընդհանուր առմամբ յղիութիւնն ընթացել է նորմալ եւ պտղի մօտ խնդիրներ չեն յայտնաբերուել, զարգացումն ընթացել է նորմայի սահմաններում: Նախաքննութեամբ ձեռք բերուած տուեալների համաձայն, 2011թ. հերթական կոնսուլտացիայի ժամանակ յղի Ա.թորոսեանը «Վայքի բուժական միաւորում» Փբը-ում անցել է սոնոգրաֆիկ հետազօտութիւն, որի ժամանակ պարզուել է, որ արձանագրուած յղիութեան ժամկէտը չի համապատասխանում յղիութեան օբյեկտիւ տուեալներին: Յղին ուղեգրուել է դոպլեր քննութեան` «Արմէնիայ» ԲԿ: Մի քանի օր անց Ա.թորոսեանն իր կոնսուլտացիոն բժշկին հեռախօսով տեղեակ է պահել, որ դոպլեր հետազօտութեամբ իր մօտ խնդիրներ չեն յայտնաբերուել եւ այլեւս չի ներկայացել կոնսուլտացիաների: Օգոստոսի 11-ին Ա.թորոսեանը դիմել է «Վայքի բուժական միաւորում» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք: Նոյն օրը, ինչպէս նաեւ օգոստոսի 14-ին տնային հերթապահութիւնն իրականացրել է «Վայքի բուժական միաւորում» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչը, ով օգոստոսի 11-ին զննելով ծննդկանին պարզել է, որ ծննդաբերական ընթացք չկա, նշանակել է միջմկանային անալգին-դիմեդրոլ` ցաւերը հանգստացնելու համար, եւ ուղարկել տուն: Օգոստոսի 14-ի ժամը 5:00-ի սահմաններում Ա.թորոսեանը կրկին դիմել է վերոյիշեալ բուժհաստատութիւն: Հերթապահ մանկաբարձուհին զննել է նրան, զանգահարել մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչին ու յայտնել, որ ծննդկանի վիճակը նորմալ է, եւ ներզննման տուեալներով արգանդի պարանոցի բացում չկայ: Բաժանմունքի վարիչը հեռախօսազրոյցի ընթացքում ցուցում է տուել կատարել մաքրող յոգնա, իսկ ինքը հիւանդանոց է գնացել 10:30-ին, անձամբ կատարել ներզննում եւ պարզել, որ արգանդի պարանոցի բացումը 2 սմ է, պտղապարկը` պահպանուած, իսկ հեմոդինամիկ միւս տուեալները` նորմալ: Պտղի սրտի աշխատանքը եղել է 147-148 զարկ 1 րոպէում, ինչը եւս նորմայի սահմաններում է եղել: Ծննդկանի հերթական զննումը կատարուել է 16:30-ին։ Զննման տուեալներով ծննդաբերութեան ընթացքը եղել է նորմալ: Յղիի մօտ ճիգային շրջանը սկսուել է ժամը 20-ին, արգանդի պարանոցի բացուածքը եղել է լրիւ: Ժամը 21-ին նկատուել է ճիգային շրջանի թուլութիւն: Անմիջապէս ձեռնարկուել է ստիմուլեացիայ` ծննդաբերութեան խթանում, պտղի սրտի աշխատանքը եղել է նորմալ, ներարգանդային թթուածնային քաղց չի ախտորոշուել: Ժամը 22:15-ի սահմաններում պտղի մօտ նկատուել է թթուածնային քաղց, իսկ գլուխը եղել է կոնքի ելքի ուղիղ չափսում, որի դէպքում ցուցուած է եղել կատարել վակում – էքստրակցիայ: Սակայն բուժմիաւորումում տուեալ գործիքների բացակայութեան պատճառով կատարուել է էպիզքոտոմիայ` շեքի կտրուածք, որից յետոյ մանակաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչը պտղի պարանոցի հատուածից բռնելով` դուրս է բերել: Երեխան ծնուել է կենդանի, բայց չի ճչացել: Երեխայի պարանոցին եղել է պորտալարի եռակի փաթաթում եւ պորտալարի վրայ եղել է մէկ իսկական հանգոյց: Բաժանմունքի վարիչը նորածնի պարանոցն ազատել է պորտալարից եւ թուլացրել հանգոյցը: Երեխայի սրտի աշխատանքը եղել է նորմալ, սակայն երեխան լիարժէք չի շնչել: Այնուհետեւ բաժանմունքի վարիչի եւ մանկաբարձուհու կողմից կատարուել է նորածնի վերին շնչուղիների արտածծում, արհեստական շնչառութիւն եւ վերակենդանացման այլ միջոցառումներ, որոնք օգուտ չեն տուել: Երեխան չի ճչացել շուրջ 40 րոպէ: Այնուհետեւ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչի կողմից հրաւիրուել են նոյն բուժմիաւորման բժիշկ անեսթեզիոլոգ-ռէանիմատոլոգը եւ մանկաբոյժը: Վերջիններիս ներկայանալուց յետոյ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչն օգնութիւն է ցոյց տուել Ա.թորոսեանին: Տեսնելով, որ երեխայի վիճակը ծանր է` համապատասխան կանչ է տրուել «Մուրացան» համալսարանական հիւանդանոցից: 2 ժամ անց ժամանած շտապ օգնութեան անձնակազմը համապատասխան բուժօգնութիւն ցոյց տալուց յետոյ երեխային տեղափոխել է Երեւան քաղաքի «Մուրացան» համալսարանական հիւանդանոց, որտեղ եւ 2011թ. սեպտեմբերի 4-ին մահացել է:
  -   Հասարակութիւն