Յարուցուել է քրէական գործ Նուբարաշենի բնակիչների խմելու ջրից թունաւորուելու դէպքի առթիւ


Յարուցուել է քրէական գործ Նուբարաշենի բնակիչների խմելու ջրից թունաւորուելու դէպքի առթիւ

  • 06-06-2011 18:07:05   | Հայաստան  |  Հասարակութիւն
Երեւան քաղաքի Նուբարաշեն թաղամասի բնակիչների` խմելու ջրից թունաւորուելու դէպքի առթիւ յարուցուել է քրէական գործ` ՀՀ քրէական օրէնսգրքի 279-րդ յօդուածի յատկանիշներով: ՀՀ Երեւան քաղաքի Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի ցուցումով` 2011թ. յունիսի 4-ին` ժամը 12:00-ին, «Նորքի ինֆեկցիոն» հիւանդանոցից ստացուած ահազանգի հիման վրայ ՀՀ ոստիկանութեան գլխաւոր քննչական վարչութեան Էրեբունու քննչական բաժնում յարուցուած քրէական գործով պարզուել է, որ 2011թ. յունիսի 3-ին` ժամը 19:00-ից մինչեւ 2011թ. յունիսի 4-ի 11:00-ն ընկած ժամանակահատուածում «աղիքային ինֆեկցիայ» ախտորոշմամբ «Նորքի ինֆեկցիոն» հիւանդանոց են տեղափոխուել Երեւան քաղաքի Նուբարաշեն 11 փողոցի թուով 25 բնակիչներ: Նիւթերի ուսումնասիրութեամբ, նախնական տուեալների համաձայն պարզուել է, որ աղիքային ինֆեկցիայի պատճառ է հանդիսացել խմելու ջուրը: Մասնաւորապէս` Ազատ գետի վարարելու հետեւանքով 2011թ. մայիսի 31-ի գիշերուանից սկսած չի գործել «Գառնի» պոմպակայանը, որի պատճառով ջրատարում ջրի ճնշումը նուազել է: Արդիւնքում` Նուբարաշեն թաղամասի շէնքերը ջրազրկուել են կամ էլ ունեցել են թոյլ ճնշմամբ ջուր: Նուբարաշեն թաղամասի 11-րդ եւ 9-րդ փողոցների հատման կէտում յայտնաբերուել է վնասուած հատուած, որի պատճառով նշուած փողոցի ջրամատակարարումը դադարեցուել է: Յարուցուած քրէական գործով իրականացուել են առաջնահերթ քննչական գործողութիւններ, առգրաւուել է վնասուած ջրատար խողովակաշարի նմուշներ: Քաղաքացիներից վերցուել են տարբեր ժամանակահատուածներում հաւաքած ջրի նմուշներ եւ նշանակուել է սանիտարահիգիենիկ փորձաքննութիւն: Հիւանդանոց դիմած շուրջ 54 քաղաքացիների նկատմամբ նշանակուել են դատաբժշկական փորձաքննութիւններ, ներգրաւուել են համապատասխան մասնագէտներ, hարցաքննուել է 44 մարդ: Նախաքննութիւնը շարունակւում է եւ փորձագիտական եզրակացութիւնները ստանալուց յետոյ կը կայացուեն համապատասխան որոշումներ, որոնց մասին լրացուցիչ կ'իրազեկուի հանրութեանը:
  -   Հասարակութիւն