Նախագահ Սերժ Սարգսեանի շնորհաւորական խօսքը ՀՀ անկախութեան 20-ամեակի առթիւ ՀՀ զինուած ուժերի զօրահանգէսի ժամանակ


Նախագահ Սերժ Սարգսեանի շնորհաւորական խօսքը ՀՀ անկախութեան 20-ամեակի առթիւ ՀՀ զինուած ուժերի զօրահանգէսի ժամանակ

  • 21-09-2011 14:53:29   | Հայաստան  |  Քաղաքական
 Պարոնա՛յք գեներալներ եւ սպանէր, զինուորներ, Սիրելի՛ քոյրեր եւ եղբայրներ, Շնորհաւորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-ամեակի կապակցութեամբ: 20 տարի առաջ այս օրը անկախութեան հանրաքուէի բազմաթիւ մասնակիցներ իրենց քուէաթերթիկը քուէատուփի մէջ էին գցում երեխաների` իրենց զաւակների ու թոռների ձեռքով: Այդ երեխաները, որ այսօր արդէն հասուն մարդիկ են, պէտք է ժառանգէին երկիր ու ապրէին ազատ ու անկախ Հայաստանում: Մեր ժողովրդի ընտրութիւնը խորապէս գիտակցուած էր: Մենք նաեւ հասկանում էինք, որ նախկին Խորհրդային Միութեան հանրապետութիւններից ոչ մէկը չունէր մեկնարկային այնպիսի անբարենպաստ պայմաններ, ինչպիսիք մերն էին: Երկրի մի մեծ հատուած աղէտի գօտի էր, եւ մենք էլ կանգնած էինք պատերազմի շեմին: Բայց մենք քուէաթերթիկները տուեցինք մեր երեխաների ձեռքը եւ ասացինք. «այո՛է: Այո՛, մենք պատրաստ ենք ազգովի սխրանք գործելու: Եւ գործեցինք: Ովքեր 90-ականների սկզբներին չեն եղել Հայաստանում եւ դիտում են վաւերագրական կադրեր, պարզապէս չեն հաւատում, որ դա եղել է: Նոյնիսկ Երեւանի փողոցների կադրերը կարծես ուրիշ աշխարհից լինեն: Էլ չեմ խօսում Հայաստանի սահմանների, հրետակոծուող մեր քաղաքների ու Արցախի մասին: Հայոց պետականութեան վերականգնումը տօն էր` մեծ երազանքի իրականացում, բայց առաջին հերթին պատասխանատուութիւն էր: Այլեւս մենք էինք պատասխանատու մեր անվտանգութեան, մեր տնտեսութեան, մեր մշակոյթի, մեր ներկայի ու ապագայի համար: Կեցցե՛ Հայաստանի ժողովուրդը, որ անցաւ հրի ու սրի միջով: Անցաւ գալիք Հայաստանի նկատմամբ անսահման հաւատով, միասնական կեցուածքով ու պատուախնդիր ջանքով: Կեցցե՛ ազատ Արցախը, որ նաեւ իր զաւակների արեամբ գրեց մեր նորագոյն պատմութեան ամենափառաւոր էջը: Կեցցե՛ն հայ կամաւորները, որոնցից շատերը ճակատագրական պահին դարձան մեր արժանապատուութիւնն ու ինքնասիրութիւնը մարմնաւորող կոթողներ: Կեցցե՛ հայոց յաղթական բանակը, որ խաղաղութեան ու կայունութեան անփոխարինելի բաղադրիչ է մեր տարածաշրջանում: Կեցցե՛ն շինարարները, որ կրկին բարձրացրին երկրաշարժից աւերուած մեր գիւղերն ու քաղաքները: Կեցցե՛ Հայոց սփիւռքը, որ եթէ առաջ Հայրենիքի կողքին էր, ապա այսօր Հայրենիքի ուղղակի շարունակութիւնն է դառնում: Հայաստանի քաղաքական կշիռն աշխարհում անհամեմատ աւելին է, քան նրա աշխարհագրական չափերը: Սա առաջին հերթին կազմակերպուած ու հայրենանուէր Սփիւռքի արժանիքն է: Կեցցե՛ն աշխարհասփիւռ մեր քոյրերն ու եղբայրները: Այսօր Հայաստանը, իր բոլոր խնդիրներով հանդերձ, կայացած երկիր է: Վկա` այսօրուա զօրահանդէսը: Իսկ ամենաթանկը, որ ունենք, անկախութեան սերունդն է: Սերունդ, որ ազատ երկրի քաղաքացի է եւ իրեն չի պատկերացնում այլ կարգավիճակում: Սերունդ, որ շատ բան ունի տալու իր երկրին ու ժողովրդին, բայց նաեւ ունի մտահոգութիւններ ու պահանջներ: Իսկ դրանք առաջադիմութեան ամենալուրջ ազդակներն են: Երկու տասնամեակում մեզ յաջողուեց հսկայական թռիչք արձանագրել, բայց շատ բան դեռ չենք հասցրել անել: Ե՛վ ձեռքբերումները, եւ՛ բացթողումները մերն են: Այս գիտակցութեամբ եւ հասարակական համերաշխութեամբ յաջորդ քսան տարիներին մենք ի զօրու ենք կառուցել այնպիսի երկիր, որ մօտ է լինելու մեր իդէալներին: Ես հաւատում եմ դրան, որովհետեւ ես հաւատում եմ մեր հաւաքական ուժին: Այս հրապարակով ռազմական քայլերթով այսօր անցնելու են զինուորներ, ովքեր մեր անկախութեան տարեկիցներն են: Սա հազարամեակների լրջագոյն պատմութիւն ունեցող, բայց քսան տարեկան Հայաստանն է` քսան տարեկանի աւիւնով, եռանդով, քսան տարեկանի կենսասիրութեամբ ու հաւատով, քսան տարեկանի լաւատեսութեամբ ու համարձակ ծրագրերով: Բայց ո՛չ քսան տարեկանի միամտութեամբ: Սա նոր Հայաստանն է, որին այլեւս անհնար է խաբել կամ ահաբեկել, անհնարին է պարտադրել կամ շանտաժի ենթարկել: Նրա հետ հնարաւոր է բարեկամանալ ու համագործակցել, հնարաւոր է նրա հետ յաջողութիւններ տօնել եւ ցաւ կիսել, հնարաւոր է նրան օրինակ ծառայել եւ նրանից օրինակ վերցնել: Սա նոր Հայաստանն է, որ յիշում է շատ բան, բայց յիշաչար չէ, տեսել է շատ բան, բայց այսօր հայեացքն ուղղել է ապագային: Այս զօրահանդէսը հայութեան յաւէրժական երթի լուսաւոր մի դրուագ է: Սիրելի՛ հայրենակիցներ, Կրկին շնորհաւորում եմ բոլորիս այս մեծ յոբելեանի առթիւ եւ մեր պետութեանը մաղթում նորանոր քսանամեակներ ու հարիւրամեակներ: Հայաստանի Հանրապետութիւնը քսան տարեկան է: Փա՛ռք Հայաստանի Հանրապետութեանը: Փա՛ռք Հայաստանի զինուած ուժերին: Ուռա՜:
  -   Քաղաքական