Յովիկ Աբրահամեան. Թուրքիան պէտք է հետեւի Գերմանիայի օրինակին


Յովիկ Աբրահամեան. Թուրքիան պէտք է հետեւի Գերմանիայի օրինակին

  • 27-09-2011 11:41:50   |   |  Քաղաքական

Սեպտեմբերի 26-ին աշխատանքային այցով Գերմանիայում գտնուող Ազգային ժողովի նախագահ Յովիկ Աբրահամեանի գլխաւորած պատուիրակութիւնը, որի կազմում էն Հայաստան-Գերմանիայ բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դաւթեանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանեանը, ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արմէն Մարտիրոսեանը, Պոտսդամում այցելեց Յոհաննէս Լեփսիուսի տուն-թանգարան: ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանը շրջեց Լեփսիուսի տուն-թանգարանում, հանդիպում ունեցաւ թանգարանի գիտաշխատակազմի հետ: Տուն-թանգարանի տնօրէն, «Յոհաննէս Լեփսիուս» հասարակական կազմակերպութեան խորհրդի նախագահ Յանց-Ուլրիխ Շուլցը մանրամասն ներկայացրեց Լեփսիուսի կեանքն ու գործունէութիւնը: Նշենք, որ գերմանացի հասարակական գործիչ, հոգեւորական, արեւելագէտ Յոհաննէս Լեփսիուսը երկար տարիներ զբաղուել է Հայկական հարցով: Նա դատապարտել է թուրքական իշխանութիւնների` հայերի բնաջնջմանն ուղղուած գործողութիւնները եւ իր երկրի կառավարութիւնից պահանջել ջանքեր գործադրել դադարեցնել հայերի կոտորածները: Նա իր աշխատութիւններում ապացուցել է, որ Արեւմտեան Հայաստանում եւ Օսմանեան կայսրութեան հայաբնակ վայրերում Առաջին աշխարհամարտի ժամանակ իրագործուել է հայերի ցեղասպանութիւն: Լեփսիուսը մասնակցել է հայերի սպանդի դէմ բողոքի ցոյցերի կազմակերպմանը, իր ելոյթներում ընդգծել, որ այդ յանցագործութիւնը կատարել է թուրքական կառավարութիւնը` սուլթանի գլխաւորութեամբ: Արեւմտահայերին օգնելու նպատակով նրա նախաձեռնութեամբ ստեղծուել է «Գերմանահայկական ընկերութիւն», իսկ 1915 թ-ի սեպտեմբերին շուեյցարական թերթում տպագրուել է նրա «մի ամբողջ ժողովրդի ոչնչացումըէ յօդուածը, որը հայապաշտպան մեծ արշաւի սկիզբը դրեց: «Եթէ մի ազգ իր բնական յատկանիշներով կոչուած է դառնալու բարձր մշակոյթի կրող, ապա դա հայ ազգն է»,-գրել է Յոհաննէս Լեփսիուսը: Պարոն Շուլցը ԱԺ նախագահին նուիրեց Լեփսիուսի «Հայ ժողովրդի վիճակը Թուրքիայում» աշխատութիւնը: ՀՀ ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, դիմելով ներկաներին` Հայաստանի խորհրդարանի ղեկավարը անգնահատելի համարեց Լեփսիուսի դերը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացի սկզբնաւորման գործում: Նրա խօսքով` հայ ժողովուրդը երախտագիտութեամբ է յիշում Լեփսիուսին, քանի որ նա առաջինն էր, որ իր աշխատութիւններում եւ յօդուածներում բարձրաձայնեց Օսմանեան Թուրքիայում հայերի նկատմամբ պետական մակարդակով իրագործուող մասսայական բնաջնջումը եւ սպանդը: Յովիկ Աբրահամեանը յոյս յայտնեց, որ 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած առաջին ցեղասպանութիւնը արժանանալու է համընդհանուր ճանաչման ու դատապարտման եւ վերականգնուելու է պատմական արդարութիւնը: «Յոհաննէս Լեփսիուսը միայնակ դուրս եկաւ պայքարի յանուն հայ ժողովրդի եւ փորձեց անել հնարաւորը հայերի ջարդերը կասեցնելու համար: Պայքարեց բռնութեան ու անարդարութեան, վայրագութիւնների եւ դաժանութեան դէմ` յետագայում իր կեանքը նուիրելով աշխարհասփիւռ հայերի ճակատագրի բարելաւմանն ուղղուած բարեգործութեանը: Ահա թէ ինչու այս թանգարանի, էս կ'ասէի Յիշատակի տան նշանակութիւնը անցնում է ոչ միայն Բրանդենբուրգ երկրամասի, այլ նաեւ Գերմանիայի սահմաններից: Դոկտոր Լեփսիուսի կեանքը մենք յիրաւի դիտում ենք որպէս ժամանակաշրջանի հայ ժողովրդի պատմութեան մաս»,-նշեց Յովիկ Աբրահամեանը: «Հայոց ցեղասպանութեան ճանաչումն ու դատապարտումը ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ամբողջ միջազգային հանրութեան խնդիրն է, քանզի ժամանակին ճանաչուած եւ դատապարտուած չլինելով, այն ճանապարհ հարթեց 20-րդ դարի ընթացքում աշխարհի տարբեր անկիւններում տեղի ունեցած ցեղասպանութիւնների ու էթնիկ բնաջնջումների համար: Ուստի Հայոց ցեղասպանութեան ճանաչումն ու դատապարտումը միջազգային հանրութեան եւ, յատկապէս, Օսմանեան կայսրութեան իրաւաժառանգորդ հանդիսացող Թուրքիայի կողմից, մենք դիտում ենք որպէս նման ոճրագործութիւնների կանխարգելման լաւագոյն երաշխիքէ: ԱԺ նախագահի խօսքով` պատմական արդարութեան վերականգնումը Հայաստանի Հանրապետութիւնը կարեւորում է նաեւ երկու հարեւան երկրների միջեւ եւ տարածաշրջանում փոխադարձ վստահութեան մթնոլորտի բարելաւման համատեքստում: «Թուրքիան պէտք է հետեւի Գերմանիայի օրինակին, որ ճանաչեց Հոլոքոստը որպէս պատմական իրողութիւն, եւ ճանաչի Հայոց ցեղասպանութիւնը»,- ասաց ԱԺ նախագահը: Յովիկ Աբրահամեանը նշեց, որ Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Սերժ Սարգսեանի նախաձեռնութեամբ փորձ կատարուեց բարելաւել յարաբերութիւնները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Բարելաւել առանց նախապայմանների: Միջազգային բարձր միջնորդութեամբ Ցիւրիխում ստորագրուեցին սահմանների բացման եւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման վերաբերեալ արձանագրութիւններ: «Ցաւօք, Թուրքիան պատրաստ չէր, եւ այսօր էլ պատրաստ չի իր տրամաբանական աւարտին հասցնել սկսած գործընթացը` արձանագրութիւնները ստորագրելուց անմիջապէս յետոյ առաջ քաշելով նախապայմաններ, ինչը բացարձակապէս անընդունելի է հայկական կողմի համար: Միեւնոյն ժամանակ յարկ եմ համարում նշել, որ Թուրքիայի հետ յարաբերութիւնների բարելաւման ձգտումով Հայաստանը երբեք կասկածի տակ չի դրել Հայոց ցեղասպանութիւնը եւ հայրենազրկման իրողութիւնը: Միջազգային հանրութեանը յայտնի է, որ Հայաստանը մշտապէս հանդէս է եկել կառուցողական նախաձեռնութիւններով»,- նշեց Յովիկ Աբրահամեանը: Հանդիպման վերջում ԱԺ նախագահը գրառում կատարեց պատուաւոր հիւրերի գրքում: ԱԺ նախագահի գլխաւորած պատուիրակութիւնը Պոտսդամում այցելեց «Սեսիլ հոֆ», որտեղ 1945 թ. տեղի է ունեցել Պոտսդամի յայտնի կոնֆերանսը: Սեպտեմբերի 27-ին նախատեսւում է ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանի հանդիպումը ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի հետ, իսկ երեկոյեան Հայաստանի խորհրդարանական պատուիրակութիւնը կը մասնակցի Բեռլինի մեծ համերգասրահում կայանալիք Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-ամեակին նուիրուած տօնական համերգին եւ պաշտօնական ընդունելութեանը:
  -   Քաղաքական