Առաջնորդների ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Առաջնորդների ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

  • 28-09-2011 13:10:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Սեպտեմբերի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցաւ Հայաստանի եւ Արցախի թեմակալ առաջնորդների ժողով: ժողովին քննութեան առնուեցին եկեղեցու առաջ ծառացած ժամանակակից մարտահրաւէրներ, թեմական կեանքին առնչուող վարչական, կարգապահական խնդիրներ: Քննարկումների ընթացքում մասնաւորապէս անդրադարձ կատարուեց թեմերում եկեղեցականների հովուական ծառայութեանը: Կարեւոր նկատուեց, որ հոգեւոր հովիւներն առաւել ուշադրութիւն դարձնեն քարոզչական գործունէութեանը, հովիւ եւ համայնք, հովիւ եւ ընտանիք յարաբերութիւնների սերտացմանը: Մտահոգութիւն յայտնելով Հայաստանում կրօնական տարբեր կազմակերպութիւնների եւ աղանդաւորական հոսանքների քայքայիչ գործունէութեան հետեւանքով հասարակական կեանքում տեղ գտնող երեւոյթների առիթով` ժողովականները ընդգծեցին տուժած ընտանիքների եւ անհատների հետ առաւել ակտիւ հովուական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտութիւնը: Կարեւորուեց նաեւ հոգեւոր հովիւների բնակութիւնն իրենց խնամքին յանձնուած համայնքներում: Այս առչութեամբ, քննութեան առնելով առանձին պարագաներ, որոշուեց, որ որեւիցէ բացառութիւն չպէտք է լինի: ժողովի ընթացքում նաեւ անդրադարձ կատարուեց վանքերի եւ եկեղեցիների պահպանման եւ հոգատարութեան խնդիրներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսի յորդորն էր թեմակալներին` մասնաւոր ուշադրութիւն դարձնել սրբավայրերի վերանորոգման եւ վերակառուցման աշխատանքներին, որպէսզի որեւէ կերպ չաղճատուի դրանց պատմական դիմագիծը: վերջում Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնութիւնը բերեց թեմակալ առաջնորդներին` գնահատանք յայտնելով թեմերում հոգեւոր սպասաւորների կողմից իրականացուող նուիրեալ ծառայութեան համար:
  -   Մամլո հաղորդագրություն