ԱՄՆ Սենատը հաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտօնում Ջոն Հեֆերնի թեկնածութիւնը


ԱՄՆ Սենատը հաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտօնում Ջոն Հեֆերնի թեկնածութիւնը

  • 28-09-2011 13:26:56   |   |  Քաղաքական

- Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտօնում Ֆրանսիս Ռիկարդոնէի վիճահարոյց թեկնածութիւնը դեռեւս պէտք է հաստատուի Վաշինգտօն- ԱՄՆ Սենատը միաձայն հաւանութեան է արժանացրել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտօնում Ջոն Հեֆերնի թեկնածութիւնը: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը: Ի հակադրութիւն սրա, Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտօնում Ֆրանսիս Ռիկարդոնէի թեկնածութիւնը դեռեւս պէտք է հաստատուի Սենատի կողմից: Դեսպան Ռիկարդոնէի զգալի տարաձայնոյթունների առարկայ էր դարձել` մինչ թեկնածութեան հաստատումը Սենատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում հանդիպելով սենատորներ Ռոբերտ Մենենդեսի, Բարբարայ Բոքսերի եւ Ջիմ Ռիչի ընդդիմութեանը: «Թէեւ մենք շարունակում ենք դժգոհ մնալ Սենատի հարցումներին նրա տուած մի քանի պատասխաններից, այնուամենայնիւ մենք ակնկալում ենք առաջիկայ ամիսների եւ տարիների ընթացքում աշխատել դեսպան Հեֆերնի հետ` փորձելով ընդլայնել ԱՄՆ-Հայաստան յարաբերութիւնները` հիմնուելով ընդհանուր արժէքների եւ երկկողմ հետաքրքրութիւնների վրայ, յատկապէս կենտրոնանալով երկկողմ առեւտրի եւ ներդրումային ծրագրերի վրա»,- Հեֆերնի թեկնածութեան հաստատումը մեկնաբանել է Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը: «Դեսպան Հեֆերնը կարող է կարեւոր դեր ունենալ հայ-ամերիկեան առեւտրի ընդլայնման հարցում, որը մէկ տարուայ կտրուածքով դեռեւս պէտք է հասնի 200 միլիոն դոլարի` ճանապարհ հարթելով Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրի եւ Կրկնակի հարկման նորացուած պայմանագրի համար: Հաշուի առնելով վերը նշուած բոլոր համաձայնութիւնները եւ յանձնառութիւնները` վճռականօրէն եւ համատեղ գործելու վերաբերեալ, որեւէ պատճառ չկայ, որ մենք չկարողանանք յետագայ 5 տարիների ընթացքում երկկողմ առեւտրի ոլորտում հասնել մէկ միլիարդ եւ աւելի արդիւնքի»,- եզրափակել է Արամ Համբարեանը: Պարոն Հեֆերնը, իր գործունէութեան ընթացքում, գործունէութիւն է ծաւալել Ճապոնիայում, Մալայզիայում, Փղոսկրի Ափում եւ Չինաստանում: 1994-1996 թուականներին նա աշխատել է Ներկայացուցիչների Պալատի Միջազգային յարաբերութիւնների յանձնաժողովում: Մինչ պետական ծառայութեան անցնելը, նա աշխատել է սենատոր Ջոն Դանֆորդի գրասենեակում` որպէս սենատորի գրասենեակի ղեկավար եւ գիտաշխատող: Հեֆերնը աւարտել է Միչիգանի պետական համալսարանը: Պարոն Հեֆերնը փոխարինելու է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչին, ով Միացեալ Նահանգներ վերադարձաւ յունիսին, եւ այնտեղ գործի անցաւ որպէս Հիւսիսային եւ Կենտրոնական Եւրոպայի հարցերով ԱՄՆ Պէտքարտուղարի օգնականի տեղակալ:
  -   Քաղաքական